Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)

Երկիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ԱՄՆ, United States of America, USA

Մայրաքաղաքը` Վաշինգտոն, բնակչությունը` 601 723 մարդ

Բնակչությունը. ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է ավելի քան 309 մլն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 3-4-րդ պետությունն է (վիճարկելի)։

        

Կարդալ ԱՄՆ-ի մասին վերջին տուրիստական նորությունները >

Աշխարհագրությունը. ԱՄՆ գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում): ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրգինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սամոան, Գուամը և մի շարք փոքր կղզիներ` Խաղաղ օվկիանոսում: Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային հենակետեր: ԱՄՆ-ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը՝ Խաղաղ, Ալյասկայի հյուսիսը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերը:

 

Պետական համակարգը. Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից։ Պետության և կառավարության գլուխ նախագահն է, որն ընտրվում է չորս տարի ժամկետով և օժտված է մեծ լիազորություններով. նա զինված ուժերի գխավոր հրամանատարն է, ղեկավարում է կառավարական մարմինները, նշանակում բարձրաստիճան պետական գործիչներին: Մինչև 2007 թ. ԱՄՆ-ն ունեցել է 43 նախագահ: Ամենաերկարը ղեկավարել է Ֆրանկլին Ռուզվելտը (1933–45): Առավել նշանավոր են եղել Աբրահամ Լինքոլնը (1861–65) և Ջոն Ֆիցջերալդ Քենեդին (1961–63), ովքեր դավադրաբար սպանվել են: ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որոնց տարածքում երկար ժամանակ պատերազմներ չեն եղել: Չնայած դրան՝ ԱՄՆ-ը մասնակցել է ինչպես Առաջին, այնպես և Երկրորդ համաշխարհային պատերազմներին և մեծապես նպաստել դաշնակիցների՝ Գերմանիայի դեմ մղած պայքարին: Հետագա տարիներին պատերազմական գործողություններ է վարել Կուբայում, Կորեայում, Վիետնամում, մեր օրերում՝ Իրաքում:

Կլիման. ԱՄՆ-ի կլիման հիմնականում բարեխառն է ու մերձարևադարձային: Մինչդեռ Հավայան կղզիներում կլիման արևադարձային է, իսկ Ալյասկա հյուսիսային նահանգում ձմռանը լինում է արկտիկական սառնամանիք:

Պետական լեզուն. Անգլերեն

Պետական կրոնը` Քրիստոնեություն: Բնակչության մեծ մասը բողոքականներ են, թեև երկրում ներկայացված են աշխարհի բոլոր կրոնները:

Դրամական միավորը` դոլար, որը հավասար է 100 ցենտի:

Մշակույթը. Ամերիկայի Միացյալ Նահանգների մշակույթը դարեր ի վեր ձևավորվել է էթնիկ և ռասայական բազմազանության մեջ: Մշակույթի վրա զգալի ազդեցություն են  ունեցել  Իռլանդիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի միգրանտները, Աֆրիկայից բերված ստրուկների  ժառանգները, ինչպես նաև ամերիկյան հնդիկները և   Հավայան կղզիների բնիկները: Սակայն վճռորոշ ներդրում ունեցել են Անգլիայից  ներգաղթյալները, որոնք տարածել են անգլերեն լեզուն, իրավական համակարգը և մշակութային այլ ձեռքբերումները: Ամերիկյան կինոն, հեռուստատեսությունը, բլյուզը, ջազը, ռոքը և ռեփը համաշխարհային  զանգվածային մշակույթի հիմքն են կազմում: Հենց ԱՄՆ-ում է առաջին անգամ հայտնվել ինտերնետը, զանգվածային ավտոմեքենան, կարողացել են զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիան: Լինելով աշխարհում տնտեսական և ռազմական հզոր առաջատար` այն  շատ  հարցերում որոշիչ դեր է ունենում մարդկության համար: Ամերիկյան մշակույթը, չնայած իր մի տեսակ «պարզունակությանը», մարդկության պատմության մեջ ունի աննախադեպ հմայք, որով գրավում է հատկապես աշխարհի երիտասարդությանը: ԱՄՆ-ն ֆիլմերի արտադրության թերևս ամենահայտնի երկիրն է: Ամերիկյան կինոմատոգրաֆիան ամենազարգացած ու հզորն է ամբողջ աշխարհում, որը մեծ ազդեցություն է ունեցել և ունի այլ երկրների կինոմատոգրաֆիայի և կինոգործիչների աշխատանքների վրա: Աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակներից են ամերիկյան «Օսկարը» և «Ոսկե Գլոբուսը»: ԱՄՆ-ն աշխարհին տվել է նշանավոր շատ կինոգործիչներ, որոնց թվում են`Չառլի Չապլինը,Քինգ Վիդորը, Ջոն Ֆորդը, Ուիլյամ Ուայլերը, Օրսոն Ուելսը, Ֆրենկ Կապրաը, Սթենլի Կուբրիկը, Ռոբերտ Զեմեկիսը, Դեյվիդ Լինչը, Բրայան դե Պալման, Օլիվեր Սթոունը, Մարտին Սկորսեզեն, Սթիվեն Սփիլբերգը, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Ջեյմս Քեմերոնը, Ջորջ Լուկասը, Թիմ Բարտոնը, Ռիդլի Սքոթը, Քվենտին Տարանտինոն: Հայտնի  դերասաններից են` Համֆրի Բոգարտը, Գերի Կուպերը, Քերի Գրանտը, Սփենսեր Թրեյսին, Հենրի Ֆոնդան, Ջեյմս Ստյուարտը, Մառլոն Բրանդոն, Գրեգորի Պեկը, Քիրք Դուգլասը, Էնթոնի Քուինը, Փոլ Նյումանը, Քլինթ Իսթվուդը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Թոմ Հենքսը, Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն, Դասթին Հոֆմանը, Ջեք Նիկոլսոնը, Ժան-Կլոդ Վան Դամը, Սիլվեսթր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը: Դերասանուհիներից են` Քեթրին Հեփբորնը, Բեթ Դևիսը, Մերիլին Մոնրոն, Էլիզաբեթ Թեյլորը, Օլիվյա դե Հեվիլլենդը, Վիվիեն Լին, Նիկոլ Կիդմանը, Ջուլիա Ռոբերթսը, Մերիլ Սթրիփը  և այլն:

ԱՄՆ Քաղաքները.

Վաշինգտոնը (Washington) Պոտոմակ գետի ափին է գտնվում, ԱՄՆ-ի մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է 1791 թ-ին և կոչվել ի պատիվ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի: 1800 թ-ից ԱՄՆ-ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է: Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ-ի խորհրդարանի` Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը: Նյու Յորքից մինչև մայրաքաղաք երկաթուղով հինգ ժամվա ճանապարհ է: Նյու Յորքը (New York City) ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն է, որն արդյունաբերական, գիտական, ֆինանսական, մշակութային խոշոր կենտրոն է և նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին: Քաղաքի խորհրդանիշը Ազատության կոթողն է՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ին: Արձանի բարձրությունը 92 մ է. կնոջ ձեռքի ջահը ազատության խորհրդանիշն է, իսկ գիրքը` օրենքի: Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60–80-հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում: Նյու Յորքի կենտրոնում, Մանհեթեն կղզում, տեղավորված են ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունների վարչությունները, պետական և քաղաքային հիմնարկները, բանկերը, ամերիկյան ամենախոշոր հեռուստատեսային ընկերությունները: Նյու Յորքում է գտնվում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակը: Ամերիկյան Մեծ լճերից մեկի՝ Միչիգանի ափին է գտնվում արդյունաբերական խոշոր քաղաք Չիկագոն (Chicago): Նրանից ոչ հեռու Դեթրոյթ (Detroit)  քաղաքն է, որի Դիրբոռն արվարձանում է գտնվում աշխարհի նշանավոր տրանսպորտային թանգարանը՝ ավտոմեքենաների, ջերմաքարշերի, ինքնաթիռների բոլոր տեսակների հավաքածուով: Ուշագրավ է Բոստոն (Boston) քաղաքը, որտեղ ավելի շատ, քան ԱՄՆ-ի որևէ այլ քաղաքում, կարելի է հանդիպել պատմամշակութային հուշարձանների: Նրա արվարձան Քեմբրիջում (Cambridge) է գտնվում ԱՄՆ-ի հնագույն՝ Հարվարդի համալսարանը (Harward University): Խաղաղ օվկիանոսի ափին ընկած ամենախոշոր քաղաքներն են Լոս Անջելեսը (Los Angeles) և Սան Ֆրանցիսկոն (San Francisco): Լոս Անջելեսը (իսպաներենից թարգմանաբար՝ հրեշտակապետ) հիմնադրել են իսպանացիները XVIII դարի վերջին: Այն զանգվածային զվարճությունների, համազգային նորաձևությունների կենտրոն է: Նրա արվարձաններից մեկում է գտնվում Դիսնեյլենդ (Disneyland) հայտնի համալիրը: Այստեղ է գտնվում «Հոլիվուդ» ֆիրման, որը ներկայումս ունի 75 կինոստուդիա և թողարկում է ամերիկյան գրեթե բոլոր կինոնկարները: Սան Ֆրանցիսկոն, որը գտնվում է Կալիֆոռնիայի ծաղկուն հովտում, ԱՄՆ-ի արևմտյան մասի ամենախոշոր նավահանգիստն ու արդյունաբերական կենտրոնն է:

ԱՄՆ Տեսարժան վայրերը. Ազատության արձանը, Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերը (որն այժմ չկա), Նյու Յորքի Թայմս Սքուեր (Times Square) հրապարակը, Հոլիվուդը, Հավայան կղզիախումբը, Ժայռոտ լեռները, Փոլ Գետտիի մշակույթի կենտրոնը, Յունիվերսալ ստուդիան, Գոլդեն Գեյթ Բրիջ կամուրջը, Գրանդ Կանյոնը, Դիսնեյլենդը Կալիֆորնիայում և այլն: Վաշինգտոնում` հայտնի Կապիտոլիումը  (մայրաքաղաքի ամենաբարձրահարկ շենքը, Վաշինգտոնի այլ կառույցները չպետք է նրանից բարձր լինեն), Սպիտակ Տունը, ՀԴԲ-ի և Պենտագոնի  շենքը, Արլինգտոնի հիշատակի գերեզմանատունը, Արվեստի ազգային պատկերասրահը, Ավիացիայի ազգային թանգարանը, Կոնգրեսի գրադարանը, Սմիթսոնյան ինստիտուտի թանգարանը, Վաշինգտոնի, Ջեֆերսոնի և Լինկոլնի հուշակոթողը և վերջերս բացված Ռուզվելտի հուշակոթողը: Նյու Յորքում` Գրինվիչ Վիլիջի հիասքանչ առանձնատները, չինական թաղամասը և քաղաքի կենտրոնի երկնաքերերը, 5-րդ Ավենյուի շքեղ խանութները, Բրոդվեյը` Նյու Յորքի ամենաերկար փողոցը, Բրուկլինի մեծ կամուրջը (երկարությունը շուրջ 2 կմ է), Նյու Յորքի նավահանգիստ մուտք գործող կղզյակի վրա բարձրանում է աշխարհում հայտնի Ազատության արձանը, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը, Սոհոյի պատկերասրահը, Կենտրոնական այգին, Կարնեգի սրահը, Ռոկֆելլերի կենտրոնը, Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Մետրոպոլիտեն թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Պարզունակ արվեստի թանգարանը, Ամերիկյան հնդկացիների թանգարանը, Գուգենհեյմի թանգարանը և այլն: Ատլանտյան օվկիանոսի Ֆլորիդա թերակղզում տեղակայված մեծ առողջարանային Մայամի քաղաքի ամենահայտնի վայրը Մայամի Բիչն է, որի լողափները ձգվում են ափի երկյանքով 25 մղոն տարածության վրա: Մայամիի տեսարժան վայրերից հարկ է նշել Վիսկայա վիլլան, որը կառուցվել է 1916 թվականին Վերածննդի և նեոկլասիցիզմի ոճով, ունի 70 հատ ննջարաններ, որոնք հագեցած են աշխարհում հայտնի արվեստի գործերով, աշխարհահռչակ Մայամի ակվարիումը, որը զբաղեցնում է  20 հեկտար արևադարձային այգիներ և զբոսայգիներ, որտեղ բնակվում են էկզոտիկ թռչուններ, թութակներ և ֆլամենգո: Արտ Դեկո շրջանը  (“Art Deco District”) եզակի ճարտարապետական համալիր է «մոդեռն» ոճում  և տեղակայված է Մայամի Բիչի հարավային մասում: Արևադարձային դրախտ (Թութակի ջունգլի)` բուսաբանական և կենդանաբանական այգի` ավելի քան 1100 էկզոտիկ թռչուններով և 1200 արևադարձային բույսերով, ջունգլի, ջրվեժներ, լճեր, եզակի թռչունների և կենդանիների  վարժեցման շոու: Էվերգլեյդս ազգային պարզբաղեցնում է 557 հեկտար ցամաքային և ջրային տարածք: Օռլանդոյում  (Ֆլորիդա նահանգ)  է տեղակայված հայտնի «Ուոլտ Դիսնեյի աշխարհ» ժամանցային այգին, որտեղ 11 000 հեկտարի վրա տեղակայված է ապագայի քաղաքը` «Tomorrowland»-ը: Sea World-ը, որտեղ տեղի են ունենում շոուներ ծովային կենդանիների մասնակցությամբ: Բոստոնը Նյու Յորքից հետո ամենախոշոր և կարևոր ֆինանսական կենտրոններից է: Իր աղյուսե տներով, նեղ նրբանցքներով և շատ կանաչապատումով նման է Լոնդոնին: Դենվերը  (Կոլորադո նահանգ) հիմնադրվել է որպես ոսկի փնտրողների քաղաք: Կոլորադոյի պատմության թանգարանի ցուցանմուշներում պատմվում է Ժայռոտ լեռների առաջին այցելուների մասին: Չիկագոյում (Իլինոյս նահանգ)  կան 29 լճեր  31  լողափերով և 283 հեկտար այգիներ: Չիկագոն ժամանակակից ճարտարապետությամբ և բարձրահարկ շենքերով  քաղաք է:  Պատմական տեսարժան վայրեր են  հանդիսանում Չիկագոյի գեղարվեստի համալսարանը, Չիկագոյի համալսարանը, Գիտության և արդյունաբերության թանգարանը,  պատկերասրահը: Ատլանտիկ Սիթին (Նյու Ջերսի  նահանգ) կայացած ամերիկացիների շրջանում հայտնի է որպես հանգստի անցկացման հիանալի վայր, ինչպես նաև մոլախաղային բիզնեսի հայտնի կենտրոն: Դալլասը (Տեխաս նահանգ) հայտնի է իր նավթային աղբյուրներով և ամերիկյան տիեզերական ծրագրերի վերահսկման կենտրոնով: Այստեղ կան բազմաթիվ թատրոններ, թանգարաններ, այդ թվում` Դալլասի արվեստի թանգարանը: Սան Ֆրանցիսկոն (Կալիֆորնիա նահանգ) հայտնի է իր 1280 մետր բարձրություն ունեցող «Ոսկե դարպասներ» կամուրջով, Յունիոր հրապարակով, Մարկետ Սթրիթ բիզնես կենտրոնով, Մոնտհոմերի փողոցում գտնվող մեծահարուստների  ապակե պալատներով, Ամերիկայում ամենախոշոր  Չինական և High Asbury հիպիների թաղամասով: Բուֆալո քաղաքը գրավում է զբոսաշրջիկներին Նիագարա ջրվեժով, որը Ամերիկա աշխարհամասի ամենագեղեցիկ բնության հրաշալիքներից մեկն է: Լոս Անջելեսը հայտնի է իր Ժամանակակից արվեստների թանգարանով, որտեղ  անցկացվում է «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, Բևեռլի Հիլզ թաղամասով, որտեղ ապրում են հոլիվուդյան աստղերը: Ողջ աշխարհին հայտնի Հոլիվուդը (Hollywood), որը նախկինում եղել է Լոս Անջելեսի արվարձան, այժմ հայտնի է բազմաթիվ կինոստուդիաներով: Լաս Վեգասը (Նևադա նահանգ) ԱՄՆ-ի մոլախաղային կենտրոնն է, որտեղ տեղակայված է 74 հսկա խաղատներ: Քաղաքի եկամտի աղբյուրը խաղատներից և հյուրանոցներից ստացված գումարն է: Լաս Վեգասի կենտրոնական մասում գտնվում է խաղատների տաղավարները` կառուցված հռոմեական և հունական ոճով, հին եգիպտական, ժամանակակից և այլն:մարդիկ իրենց զգում են ինչպես առանձին երկրներում: Դրանք կրկնում են համաշխարհային կառույցները, քաղաքները, տեսարժան վայրերը: Լաս Վեգասի խաղատներում  Լաս Վեգասում ամեն օր տոներ, փառատոններ, շոու, հրավառություն և այլն: Խաղաղ օվկիանոսի կենտրոնում է  գտնվում 8 մեծ և  12  փոքր կղզիներից բաղկացած  17 հազար քառ.կմ տարածք զբաղեցնող Հավայան կղզիախումբը: Կղզիներում է գտնվում Խաղաղ օվկիանոսի ամենաբարձր լեռները ` Մաունա Կևը և Մաունա Լոան: Հոնոլուլույում է տեղակայված հայտնի Պերլ Հարբոր ռազմածովային բազան և Արիզոնա հուշահամալիրը: Թանգարանում կարող են տեսնել Պերլ Հարբորին նվիրված ֆիլմը, այցելել «Ծովային աշխարհ» այգին և Հանամուա ծովածոցը, որտեղ գտնվում է դելֆինարիումը, հսկա ակվարիումը իր 2000 տեսակ ձկներով:

 

Ամենից ամենաները ԱՄՆ-ում. Չիկագոյի Սիրս աշտարակը`  աշխարհի երկրորդ ամենաբարձր շենքը  (426 մետր), Grand Canyon-ը աշխարհի ամենամեծ ձորը, աշխարհի ամենամեծ հյուրանոցը MGM-ը (5005 համարով), որը գտնվում է Լաս Վեգասում, Լուիզիանայում է գտնվում աշխարհի ամենաերկար կամուրջը  38 կմ 422 մ, Էմփիեր սթեյթ բիլդինգը (Empire State Building) 102 հարկ բարձրությունը   381 մետր, որը հեռուստաաշտարակի հետ կազմում էր 449 մետր: Սենտ Լուիսի կամարը (Gateway Arch) մեծ դարպասներ են պատրաստված չժանգոտվող մետաղից և ունի 192 մետր բարձրություն:

ԱՄՆ-ի նշանավոր մարդիկ. ԱՄՆ-ը նշանավոր շատ մարդկանց հայրենիքն է. հայտնի են ականավոր քաղաքական գործիչներ Բենջամին Ֆրանկլինն ու Աբրահամ Լինքոլնը, գյուտարարներ Ռոբերտ Ֆուլտոնը, որը կառուցել է առաջին շոգենավը, Պ. Կուպերը ստեղծել է շոգեքարշը, Ու. Հանթը՝ կարի մեքենան, Ս. Մորզեն՝ հեռագրական սարքը, Ալեքսանդր Բելը՝ հեռախոսը, Թոմաս Էդիսոնը՝ շիկացման էլեկտրական լամպը և էլի մի շարք նշանավոր գյուետր, Ու. Բարրոուզը՝ հաշվիչ մեքենան, Ռ. Օպենհայմերը՝ առաջին ատոմային ռումբը: ԱՄՆ-ը համարվում է առանձին գիտությունների «հայրենիքը»: Կիբեռնետիկայի «հայրը» Ն. Վիներն է, սաղմնաբանության հիմնադիրը՝ Ռ. Հարրիսոնը, երկրաքիմիայինը՝ Ֆ. Քլարկը, գենետիկայինը՝ Թ. Մորգանը: Վիթխարի են ԱՄՆ-ի նվաճումներն աստղագիտության և տիեզերքի ուսումնասիրության բնագավառում. ղեկավարվելով ամերիկյան աստղագետ Փ. Լոուելի տեսական կանխագուշակումներով՝ Ք. Թումբոն 1930 թ-ին հայտնագործել է Պլուտոն մոլորակը, Գ. Դեյպերը՝ տիեզերական միգամածությունը, Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը առաջինն են վայրէջք կատարել Լուսնի վրա (1969 թ.): Գրողներ Մարկ Տվենը, Ջեկ Լոնդոնը, Թեոդոր Դրայզերը, Էդգար Ալլան Պոն, Ուիլյամ Ֆոլկները, Ֆրենսիս Ֆիցջերալդը, Ուիլյամ Օ’Հենրին, Ջերոմ Սելինջերը, Հերբերտ Ուելսը, մեր հայրենակից Վիլյամ Սարոյանը և շատ ուրիշներ հայտնի են ամբողջ աշխարհում:

Խոհանոցը. Թեև ԱՄն-ն համարվում է ամենա ոչ օրիգինալ խոհանոցով երկիրը, բայց այն աշխարհում հայտնի խոհարարական երկրներից մեկն է: Տարբեր երկրների ներգաղթյալները իրենց հետ բերել են նաև ազգային խոհանոցից շատ ուտեստներ, որոնք ձևավորել են ԱՄՆ-ի այս կամ այն շրջանի խոհանոցը: Աշխարհի ցանկացած եկրի առավել օրիգինալ բաղադրատոմսը, դրանք պատրաստելու ամենահետաքրքիր մեթոդները, ամենաբարդ սոուսնեը. այս ամենը հնարավոր է գտնել ԱՄՆ-ում նույնիսկ ավելի լավ որակով քան տվյալ սննդամթերքի հայրենիքում: Դրա համար անհրաժեշտ է գտնել բարձրակարգ ռեստորան կամ ազգային խոհանոցի որևէ սրճարան: Առորյա կյանքում գերակշռում են սրճարան-բարերը, արագ սննդի կետերը, տուփով լանչերը, ավտոմատ սարքի կոկա-կոլան, չիզբուրգերները, սենդվիչները, համբուրգերները և տեղական fast food-ի այլ «հայտնագործություններ»: Սակայն ամենուր դուք կարող եք գտնել պարզ և սննդարար կերակուր: Եվրոպայից այն վերցրել է իտալական պաստան և պիցցան, չինական լապշան և բազմատեսակ սոուսներ, եվրոպական բեկոնը, նրբերշիկն ու ձվածեղը, ինչպես նաև` բազմատեսակ աղցանները, հյութերն ու կաթնային ուտեստները: Իրենք` ամերիկացիները, իրենց ազգային ուտեստ են համարում տապակած ճուտը  (ավելի հաճախ այն պատրաստում են պարզապես  ջեռոցում), արյունով ռոստբիֆը, խոզի կողերը, լցոնած հնդկահավը, մսային ռուլետը, տապակած կամ խորոված կարտոֆիլը, խորոված լոբին և խնձորի կարկանդակը:

Նախաճաշին սովորաբար մատուցում են եգիպտացորենի ձողիկներև կաթ, չիփս, շիլա, բեկոնով ձվածեղ, ջեմ, բանջարեղենային և մրգային աղցան, ինչպես նաև` մրգային հյութ և սուրճ: Լանչը և ճաշը սովորաբար թեթև է լինում և իր մեջ ներառում է զանազան աղցաններ, արագ սնունդ, սուրճ կամ սենդվիչներ: Սակայն ընթրիքը բավական հարուստ և բազմազան է: Առաջին ուտեստները սովորաբար բավականին աղքատիկ է. թեթև ապուրներ կամ արգանակ, ինչպես նաև մեծ կտորներով կտրատված մրգերով և բանջարեղենով աղցաններ: Որպես երկրորդ ուտեստ մատուցվում է տարբեր սթեյքներ, բուրգերներ, թռչնամսով և մսով ուտեստներ, երշիկներ և ծովամթերքներ: Հաճախ հիմնական ուտեստի հետ մատուցվում է մեկ բաժակ ջուր սառույցով կամ կոկա կոլա: Սովորաբար ցանկացած ճաշացանկի մեջ ներառված է լինում բուսակերների համար նախատեսված ուտեստների լայն ընտրանի: Սովորաբար օգտագործվում է բոլոր տեսակի բանջարեղենները, հատկապես շոգեխաշած լոբազգիները, ծնեբեկը, ծաղկակաղամբը, եգիպտացորեն և կարտոֆիլ: Սակայն հանդիպում է աղանդերի հարուստ տեսականի. սերուցքով մրգեր, բլիթներ, թխվածքաբլիթներ, քաղցրեցված մրգեր և ընկյուզներ, բոլոր տեսակի պուդինգներ և հազարավոր այլ բաղադրատոմսեր: Աղանդերից հետո հերթը գալիս է կոկտեյլներին, սուրճի, թեյի, մրգահյութերի, այս ամենով հանդերձ խմիչքների տեսականին բազմազան է: Եթե հյութերի և կոլայի մասին պատմելու շատ բան չկա, ապա սուրճը և թեյը գրավում է զբոսաշրջիկներին: Թեյը սովորաբար մատուցում են սառը և առանց քաղցրի, բայց կիտրոնով և սառույցով կամ անգլիական ձևով մատուցելիս լինում է կաթի հետ: Ամերիկյան սուրճը ամբողջովին առանձին խմիչք է և ընդհանրապես նման չէ մեզ  ծանոթ սուրճին:  Հարկ է նշել, որ սա վերաբերվում է ամբողջ երկրին ընդհանուր առմամբ, քանի որ առանձին նահանգներում  խոհանոցները կարող է միմյանցից լիովին տարբերվել: ԱՄՆ-ում պատրաստվում են մեծ թվով ալկոհոլային ըմպելիքներ, սկսած Կալիֆորնիայի բարձրակարգ գինուց, վիսկիից և բուրբոնից, մինչև տեղական գարեջուրը  (Budweiser, Miller, Philadelphia’s Yuengling, Lone Star, Anchor Steam, Purple Haze, Fat Tire, Turbo Dog и Coors) :

Տոները.

ՕՐԸ Հայերեն անվանումը Տեղական անվանումը Նշանակությունը
Նոյեմբերի 4-րդ չորեքշաբթին Գոհաբանության օրը Thanksgiving Day
Դեկտեմբերի 25 Սուրբ Ծնունդ Christmas
Հունվարի 1 Նոր Տարի New Year’s Day
Հունվարի 3-րդ երկուշաբթի Մարթին Լյութեր Քինգի օրը Martin Luther King, Jr. Day
Փետրվարի 3-րդ երկուշաբթի Նախագահի օր Presidents’ Day Ջ.Վաշինգտոնիծննդյան օրը
Մայիսի վերջին երկուշաբթին Հիշատակի օր Memorial Day
Հուլիսի 4 Անկախության օրը Independence Day
Սեպտեմբերի 1-ին երկուշաբթի Աշխատանքի օրը Labor Day
Հոկտեմբերի 2-րդ երկուշաբթի Կոլոմբոսի օրը Columbus Day Ամերիկայի հայտնագործման օրը
Նոյեմբերի 11 Վետերանների օրը Veterans Day

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am ակտիվ հղումը (active hyperlink) պարտադիր է:

Կարդալ ԱՄՆ-ի մասին վերջին տուրիստական նորությունները >

Էջի գլխավոր նշումներ. Ամերիկա, Նյու Յորք, Վաշինգտոն, Ֆլորիդա, Լոս Անջելես, Կալիֆորնիա, Բոսթոն, Տեխաս, Հոլիվուդ, ամերիկյան դոլար, Մայամի

Մեկնաբանություններ / կարծիքներ