home Տուր հոդվածներ Թոփ-5 ավտոմոբիլային թանգարաններն աշխարհում

Թոփ-5 ավտոմոբիլային թանգարաններն աշխարհում

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Այն ժամանակից ի վեր, երբ մարդկությունը էշից տեղափոխվեց ինքնուրույն  շարժվող մեքենայի, աշխարհը սկսեցին կառավարել արագությունն ու շքեղությունը, և մոլորակի տարբեր անկյուններում առկա ավտոմոբիլային թանգարանները դրա վառ ապացույցն են։ Հնագույն և գերժամանակակից, երկաթյա և գերթեթև պլաստիկից, խլացնող աղմուկով շարժիչով և անձայն, բենզինով, դիզելով և էլեկտրական․ ավտոմեքենաները չեն դադարում հիացնել մեզ իրենց կատարյալ տեսքով, գրավիչ հնարավորություններով և քամուց արագ մայրուղիներով սլանալու ու մեզ A կետից  B կետն հասցնելու գործառույթով։ Հենց նրանց՝ մեր մշտական ուղեկիցներին, իսկ երբեմն էլ՝ գլխացավանքի պատճառներին է նվիրված մեր այսօրվա հնգյակը։ Այսպիսով, հինգ ամենաշատ այցելվող ավտոմոբիլային թանգարաններն աշխարհում։

Մերսեդես-Բենց Շտուտգարտում

Շտուտգարտի գեղեցկությունն ու հպարտությունը, և թերևս, քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը՝  Mercedes-Benz թանգարանը, ընկերության շտուտգարտյան կենտրոնի և  պասսաժի շենքի հետ ձևավորում են հսկա  Merсedes-Benz-Welt համալիրը։ Այն շատ հետաքրքիր շինություն է, որը ստեղծել է հայտնի  UN Studio ճարտարապետական բյուրոն։ Արտաքինից այն նման է երեքնուկի, իսկ նրա կենտրոնում գտնվում է եռանկյուն հրապարակ։ Ամբողջ երկրաչափությունը այստեղ կապվում է կենտրոնական ատրիումում։ Թանգարանի ցուցանմուշները ներառում են ավտոհսկայի ամբողջ պատմությունը․ 19-րդ դարի վերջի առաջին կառքից, մինչև առաջին ավտոմեքենան և գերժամանակակից մրցավազքային մեքենաները։ Այստեղ նաև ներկայացված են ավտոմեքենաների նախատիպեր, փոստային ավտոբուսներ, բեռնատարներ, էվակուատորներ, հրշեջ մեքենաներ։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է շենքում զբոսնելու մի քանի տարբերակ։ Թեև, բոլոր դեպքերում էլ դուք կտեսնեք գեղեցիկ պատմական մեքենաներ։ Օրինակ, թանգարանում ներկայացված են Վիլհելմ կայսեր, բունդեսկանցլեր Կոնրադ Ադենաուերի և ճոպանոկան Հիրոհիտո կայսեր  լիմուզինները։

BMW Մյունխենում

Բավարիայի Bayerische MotorenWerke մոտորային գործարանը կամ  BMW-ն, որի հապավումն արդեն համաշխարհային ճանաչում ունի, իր գործունեությունը ծավալում է 1913 թվականից և ի սկզբանե մասնագիտացած է եղել ավիացիոն շարժիչների վրա։ BMW թանգարանը իր դռները առաջին այցելուների առջև բացել է 1972 թվականին։ Թանգարանի հետ միաժամանակ 1972 թվականի Օլիմպիադային ընդառաջ ավարտվել է նաև ընկերության գլխավոր գրասենյակի շինարարությունը։ BMW-ի շենքը նախագծված է չորս գլանային շարժիչի տեսքով և ունի  22 հարկ։ 1999 թվականին շենքը ընդգրկվել է Մյունխենի ճարտարապետական հուշարձանների ցանկում։ Թանգարանում ներկայացված են ոչ միայն  BMW ապրանքանիշի ավտոմեքենաներն ու մոտոցիկլետները, այլև՝ շարժիչներ և նույնիսկ ինքնաթիռի պտուտակներ։ Ցուցանմուշային ավտոմեքենաները ներկայացնում են ընկերության 90-ամյա պատմությունը։ Այստեղ առկա են ավտոմեքենաների զանազան մոդելներ՝ սեդաններ, ռոդստերներ, կուպեներ։ Այստեղ նաև կարելի է  տեսնել առաջին մոտոցիկլետը, որը թողարկվել է  BMW ապրանքային նշանով, և թեթև Isetta ավտոմոբիլը, որը լայն ճանաչում գտավ՝ որպես պղպջակ-ավտոմեքենա՝ շնորհիվ իր ձվանման տեսքի և պղպջականման պատուհանների։

 

Ֆերրարի Մարանելլոյում

Սիգարշավող ձին այս լեգենդար ապրանքանիշի խորհրդանիշն է։ Հիանալ նրա շքեղությամբ  (և, միգուցե, նաև հպվել նրան)  կարելի է իտալական Մարանելլոյում գտնվող Ֆերրարիի թանգարանում։ Մարանելլոյի պատկերասրահը՝ հայտնի ավտոմոբիլային ընկերության պաշտոնական ցուցահանդեսը, Ֆերրարիի առասպելի իսկական պահապանն է։ Այստեղ հավաքված են ավտոմեքենաներ, լուսանկարներ և մրցանակներ, որոնք դարձել են այս համաշխարհային ապրանքանիշի պատմության ուղենիշը։ Հենց այդ պատճառով  Ֆերրարիի պատկերասրահը, որը բացվել է 1990 թվականի փետրվարին, ավանդական անփոփոխ հավաքածու չէ, այլ՝ դինամիկ, անընդհատ փողոխվող ցուցանմուշների հավաքածու։ 2004 թվականի հոկտեմբերին բացվել է թանգարանի նոր թևը, որի արդյունքում նրա ընդհանուր մակերեսը կազմել է 2500 քառակուսի մետր։ Պատկերասրահի ցուցանմուշները բաժանված են մի քանի թեմատիկ մասերի, որոնք կհետաքրքրեն ոչ միայն սովորական այցելուներին, այլև՝ Ֆերրարիի սիրահարներին և գիտակներին։ Թանգարանում կարելի է տեսնել առաջին Ֆերրարին, 1947 թվականին թողարկված 125 S-ը և Էնցո Ֆերրարիի Մոդենայում գտնվող գրասենյակը՝ օրիգինալ իրերի կահավորմամբ։

Ավտոմեքենաներ Անդորրայում 

Եթե դուք որևէ մեկ ապրանքանիշի սիրահար չեք, բայց, ընդհանուր առմամբ, սիրում եք մեքենաներ, խորհուրդ ենք տալիս այցելել Անդորրայի ավտոմեքենաների թանգարանը։  Այստեղ ներկայացված են տարբեր փոխադրամիջոցներ՝ հեծանիվներից, մինչև ավտոմեքենաներ։ Ընդհանուր առմամբ, ցուցանմուշների թվում են  90 ավտոմեքենա և  100 հեծանիվ, ինչպես նաև՝ բազմաթիվ մանրապատկերներ։ Թանգարանի ամենահին  ցուցանմուշը Պինետի առաջին մեքենան է, որը թողարկվել է 1898 թվականին։ Առհասարակ, ներկայացված ցուցանմուշները ընդգրկում են 19-րդ դարին վերջն ու  20-րդ դարի կեսերը։ Բացօթյա արագընթաց տեղաշարժման սիրահարներին հաստատ դուր կգա ավելի քան  60 մոտոցիկլետից բաղկացած հավաքածուն։ Հատկանշական է, որ թանգարանը բացառապես մասնավոր նախաձեռնություն է։ Նրա հեղինակները այնքան են վարակել բոլորին իրենց էնտուզիազմով, որ շուտով այն պաշտոնական ֆինանսավորում է ստացել Անդորրայի կառավարությունից։

Շանհայը անիվների վրա

1,17 հա մակերես ընդգրկող Շանհայի ավտոմոբիլային թանգարանը կուրախացնի մոլորակի բոլոր այն տղամարդկանց, ովքեր անտարբեր չեն մեքենաների հանդեպ։ Հինգ հսկա տաղավարներում, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է մի թեմայի, բացահայտվում են ավտոարտադրության, տեխնոլոգիաների պատմությունը, ներկայացվում բացառիկ մեքենաներ, հնագույն ավտոմոբիլներ, աշխարհի հայտնի ապրանքանիշների մոդելներ (22 ապրանքանիշի 80 մեքենա)։ Օրինակ՝ «Պորշեի», BMW-ի, «Մերսեդեսի», «Ֆերրարիի», «Ֆոլկսվագենի», «Տոյոտայի», «Մայբախի» բացառիկ մոդելներ։ Թանգարանի երկրորդ հարկում տեղ են գտել ռետրո ավտոմեքենաներ, մասնավորապես՝  1902—1977 թվականների Ամերիկայից և Եվրոպայից  (օրինակ, այստեղ կա 1886 թվականի հետաքրքիր և զվարճալի Mercedes-Benz One, որն իր տեսքով բնավ նման չէ ավտոմեքենայի, բայց 19 հարյուրամյակի վերջին համարվել է գերմանական ավտոպրոմի հրաշքը)։ Պրոֆեսիոնալ մասնագետները կպատմեն և կցուցադրեն այն ամենն, ինչ կհետաքրքրի այցելուներին։

 

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում