Շվեյցարիայի Համադաշնություն (Շվեյցարիա)

Երկիրը` Շվեյցարիա (անգլերեն` Switzerland, գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանումը` Շվեյցարիայի Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra)

Մայրաքաղաքը` Բեռն, բնակչությունը` 300 հազար մարդ

    

Աշխարհագրական դիրքը. Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտայնի հետ: Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից: Շվեյցարիան գտնվում է Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում:Երկրի երեք հինգերորդ մասն զբաղեցնում են ուղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով:

Ընդհանուր մակերեսը` 41.29  հազար քառ. կմ

Կառավարման համակարգը.  Շվեյցարիան դաշնային հանրապետություն է: Այժմյան սահմանադրությունը ընդունվել է 1999 թվականին: Պետության և կառավարության ղեկավարը նախագահն է, որը ընտրվում է յուրաքանչյուր տարի ռոտացիայի կարգով Դաշնային խորհրդի կազմից: Իշխանության գերագուն մարմինը Դաշնային Ժողովն է:

Վարչական բաժանումը. Շվեյցարիան դաշնային հանրապետություն է, որը կազմված է 26 կանտոններից (20 կանտոն և 6 կիսականտոն): Վարչա-տարածքային բաժանման ամենացածր մակարդակը համայնքներն են, որոնք ավելի քան 2 հազար են: Պետք է նշել, որ Շվեյցարիայում կան բազմաթիվ քաղաքներ, որոնք երկրի տարբեր լեզուներով կրում են տարբեր լեզուներ: Ամեն կանտոնը ունի իր սահմանադրությունը, պառլամենտը, կառավարությունը և բոլորովին անկախ է իր ներքին խնդիրների որոշման մեջ: Կենտրոնական կառավարության վարման մեջ գտնվում են միջազգային հարցերը, դաշնային բյուջեն և փողերի արտադրումը: Չնայած թվարկածի, Շվեյցարիան միասնական պետություն է: Կազմավորման առումով ամենավերջինը Յուրա կանտոնն է, որը առանձնացված է եղել Բեռնից 1979 թվականին հանրաքվեյի արդյունքում:

Բնակչության թիվը. Շվեյցարիայում ապրում է 7.507.000 մարդ (2006 թվականի տվյալներով): Բնակչության 84 %-ը շվեյցարիացիներ են: Պետությունը ունի բնական աճի ցածր մակարդակ: Սակայն տարբերվում է իր բարձր ուրբանիզացիայի մակարդակով` բնակչության ավելի քան 75 %-ը ապրում է քաղաքներում:

Պետական լեզուն. Շվեյցարիայում պետական լեզու է համարվում ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը և ռոմանշերենը:

Պետական կրոնը. Քրիստոնեություն. Բնակչության 48 %-ը բողոքականներ են, շուրջ 50 %-ը` կաթոլիկներ: Շվեյցարիայում այսօր ապրում են շուրջ 400 հազար մահմեդականներ: 2009 թվականի նոյեմբերի 29-ի հանրաքվեի արդյունքում փոփոխություն մտցվեց սահմանադրության մեջ` ըստ որի արգելվում է երկրում մզկիթների կառուցումը:

Կլիման. Բարձրադիր լեռների առկայությունը նպաստում է Շվեյցարիայում եղանակի և կլիմայի զանազան դրսևորմանը երկրի տարբեր հատվածներում: Մինչդեռ Ալպյան լեռների հյուսիսում հանդիպում է չափավոր, միջեվրոպական կլիման, երկրի հարավում գերիշխում է միջերկրածովյան կլիման: Երկրի հյուսիսում հաճախակի հանդիպող քամիներն են մեղմ ֆոոնը և սառը բիզը: Մթնոլորտային տեղումների քանակը տարվա ընթացքում կազմում է 2000 մմ: Բացառություն է կազմում հարավային Վալէ կանտոնի Ռաին հովիտը, (500 մմ/տարի): Երկրի կենտրոնական մասը հայտնի է իր հաճախակի մառախլապատ եղանակով, որը կարող է նույնիսկ շաբաթներ տևել: Շվեյցարիան հայտնի է իր ձյունառատ ձմեռով, հիմնականում ալպյան և նախալպյան շրջաններում: Դրան հակառակ, Բազելի և Ժնևի շրջաններում, ինչպես նաև երկրի հարավային հատվածում, ձյան ծածկույթը գրեթե միշտ բացակայում է: Տարվա եղանակների տևողությունը նույնպես միանման չէ: Ձմեռը ընդհանուր առմամբ ցուրտ է, և ձյան ծածկույթը դիմադրում է մինչև մարտի վերջ: Պատահում է սակայն, որ ապրիլ ամսին ձմեռը կարճ ժամանակով իր վերադարձն է ազդարարում, իսկ արդեն մայիսից սկսվում են ամառային տաք օրերը 25 – 30° ջերմությամբ:

Մշակույթը. Շվեյցարիան զարմանահրաշ երկիր է: Փոքր տարածքում հարմարավետ տեղավորվել են և բնական գեղեցկությունը և մարդու ձեռակերտ աշխատանքները: Ամեն քայլափոխին կարելի է հանդիպել տարբեր քաղաքակրթությունների հետքեր: Բազելում, Ժնևում և Լոզանում  պահպանվել են մի շարք հռոմեական, գոթական ճարտարապետական կառույցներ: Վերածնունդի դարաշրջանից պահպանվել է Կաստելլո դե Մոնտեբելլո (Castello di Montebello)  ամրոցը, որը հանդիսանում է զբոսաշրջային ուխտատեղի: Այնզիդելն (Einsiedeln), Էնգելբերգ (Engelberg) վանքերում և Կրոյցլինգեն (Kreuzlingen) և Արլեյսհայմ (Arlesheim) եկեղեցիներում արտահայտված է բարոկկո ոճը: Կենտրոնական Շվեյցարիայի գլխավոր քաղաքը` Լյուցերնը, պահպանել է իր միջնադարյան տեսքը: Բերդապատը (870 մ)  գոյություն ունի  1400 թվականից սկսած: Բազմազան և հարուստ է երկրի մշակութային կյանքը: Յուրաքանչյուր մեծ քաղաք ունի իր թատրոնը և  սիմֆոնիկ նվագախումբը: Երաժշտական թատրոններից առավել հայտնի են Ցյուրիխի Օպերային թատրոնը, Ժնևի Գրանդ թատրոնը (Grand Theatre) և Բազելի  քաղաքային թատրոնը: Ամռանը Շվեյցարիայի Լոզան, Ցյուրիխ, Մոնտրո և այլ քաղաքներում  տեղի են ունենում մի շարք փառատոններ: Ի լրումն համաշխարհային համբավ ունեցող միջազգային երաժշտական փառատոնների` Լյուցերնում  տեղի է ունենում ամենամյա դիմակահանդես:  Երկրի մշակութային հարստությունը հնարավորություն է տրված բացահայտելու ավելի քան 600 թանգարաններում, որոնցից ամենահայտնիներից են շվեյցարական Ազգային թանգարանը Ցյուրիխում, Արվեստի թանգարանը Բազելում, ինչպես նաև Լյուցերնի տրանսպորտի տունը, Լա Շո Դը Ֆոյի ժամացույցի միջազգային թանգարանը, Լոզանի Օլիմպիական կամ Ժնևի Կարմիր խաչի թանգարանը: «Պրո Հելվեցիա» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Շվեյցարիայի մշակութային հարստությունը պահպանելու, ինչպես նաև այն արտասահմանում հանրահայտ դարձնելու նպատակով:


Տեսարժան վայրերը.
Եթե դուք մեկնել եք Արևելյան Շվեյցարիա, ապա անպայման պետք է տեսնեք երկրի ամենատպավորիչ վայրերից մեկը` Ռեյնի ջրվեժը:  Ջրվեժի մոտ տեղակայված է հին Շաֆհաուսեն քաղաքը: Երկրի այս հատվածը լի է յուրօրինակ ծաղկային գորգերով` ալպյան վարդեր, ձնծաղիկներ և այլն: Կենտրոնական Շվեյցարիայում կարելի է հիանալ Պիլատուս լեռով. այն տեղաբնակների և օտարերկրացիների սիրելի վայրերից մեկն է:

Քաղաքները. Շվեյցարիայի խոշոր քաղաքներն են` Ցյուրիխը, Բազելը, Բեռնը, Ժնևը, Լոզանը, Վինթերտուրը և Սանկտ Գալլենը: Շվեյցարիան, որպես  այդպիսին (ինչպիսին, օրինակ, Փարիզն է),  մայրաքաղաք չունի: Պաշտոնական մայրաքաղաք կամ դաշնային կենտրոն է համարվում Բեռնը: Սակայն այն չէ համարվում երկրի ամենահայտնի քաղաքը: Առաջատարի դերում հանդես է գալիս Ժնևը: Այն աշխարհում հայտնի է որպես  խոշորագույն քաղաք, որտեղ անց են  կացվում  կարևոր դիվանագիտական  հանդիպումներ:


Առողջարանները.
Շվեյցարիայի հայտնի լեռնադահուկային առողջարաններն են Ցերմատը, Կրան Մոնտանան, Սաաս Ֆեն, Սանկտ Մորիցը, Ֆլիմսը (Flims, 1100 մ), Լաաքսը (Laax, 1020 մ)  և  Ֆալերան  (Falera, 1220 մ). այս առողջարանները կազմում են Շվեյցարիայի լեռնադահուկային շրջանը, որը կոչվում է «Ալպիական արենա»: Շրջանն առաջարկում է տարբեր բարդությունների բազմաթիվ լեռնադահուկային սահուղիներ:  Ֆորաբ սառցադաշտը մարզիկներին առաջարկում է 7 կիլոմետրանոց  սահուղի: Այստեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները և′ սկսնակ, և′ փորձառու լեռնադահուկորդների համար: Առողջարանների հյուրերին առաջարկվում է հետևյալ ծառայությունները` չմշկասահք, օդապարիկներով թռիչք, ձիավարություն և այլն: Ցանկացողները կարող են լողալ լողավազանում, խաղալ թենիս, զբաղվել հրաձգությամբ, այցելել ռեստորաններ և բարեր:

Ազգային առանձնահատկությունները. Շվեյցարիան բարձր զարգացվածությամբ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ երկիր է: Այն հանդիսանում է կապիտալիստական աշխարհի խոշոր ֆինանսական կենտրոնը: Շվեյցարիական բանկերը ամենահուսալին են: Գուցե դրա պատճառն այն է, որ այն երբևե որևէ դաշնակցության անդամ չի եղել: Այն եղել և մնում է Եվրոպայի ամենակայուն երկիրը: Շվեյցարիայում խոսում և գրում  են  չորս  լեզուներով` գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն  և  ռոմանշերեն: Հնարավորություն ունենալով դպրոցում սովորել բոլոր չորս լեզուները, յուրաքանչյուր շվեյցարիացի, որպես կանոն, հասկանում, բայց դժվարանում է  արտահայտվել  բոլոր լեզուներով: Շվեյցարիացիները  շատ կրոնասեր են: Շվեյցարիա ճամփորդելու ընթացքում անհնար է չնկատել շվեյցարիացիների ազգային  արժանիքները, սերը մաքրության և կարգապահության հանդեպ: Նրանք փողոցները մաքրում են փոշեկուլներով: Այստեղ անհնար է աննկատ անցնել  շվեյցարիական  ժամացույցների կողքով, որոնք դարձել են ճշգրտության, վայելչության համաշխարհային էտալոն:

Ազգային խոհանոցը. Շվեյցարիական խոհանոցը մեծ ճանաչում է վայելում աշխարհի համադամասերների շրջանում: Թեև շվեյցարիացիները իրենք էլ դեմ չեն համեղ ուտեստներին: Ցյուրիխի բնակիչների սիրելի զբաղմունքներից մեկը ռեստորաններ և սրճարաններ այցելելն է,  և եթե նրանք գովեն   որևէ ուտեստ, ապա  անպայման  փորձեք  այն: Տեղական խոհանոցը հարևան երկրների  մեծ ազդեցությունն է կրել իր վրա, հատկապես`  «ավագ ֆրանսիացի  զարմիկի»  և  իտալական խոհանոցի: Չնայած դրան այն ունի նաև սեփական ուտեստները, որոնք հայտնի են այլ երկրներում նույնպես: Տիպիկ շվեյցարիական ուտեստ  է ֆոնդյուն, որն առավել հաճելի է համտեսել  ցուրտ եղանակին: Դրա համար հարմարավետ տեղավորվեք բուխարու մոտ և վայելեք հալված պանրի մեջ  թաթախված հացի կտորները: Այս ուտեստի հետ կարող եք ըմպել սպիտակ գինի կամ թեյ: Լայն ճանաչում ունեցող պանրով մեկ այլ կերակուր է ռակլետը Վալիսից: Հենց անվանումն է հուշում  («raclette» (ֆր.)  նշանակում է խոշոր քերուկ) ուտեստի պատրաստման ձևը: Պանիրը անցկացնում են քերիչով կամ խոշոր կտորների են բաժանում, տաքացնում են և մատուցում կարտոֆիլով:  Սակայն, որպեսզի վայելեն պանրի համն ու բույրը անպայման չէ պանիրը տաքացնել: Արևային, հարավային Շվեյցարիայի ազգային ուտեստն է պոլենտուն` ուտեստ վարսակաձավարով, սերուցքով և մրգերով: Սեն Գոտարդից հարավ շատ են սիրում ռիզոտո` բրնձով ուտեստ, որը պատրաստում են միլանյան ձևով (զաֆրանով), սնկով կամ գյուղական (բանջարեղենով): Շվեյցարիական ճաշացանկի մեջ կան նաև ձկնային ուտեստներ: Ալպիական հանրապետությունը հայտնի է իր գինիներով: Լայն տարածում ունեն սպիտակ «Dezaley» և «St.-Saphorin», «Fendant» և  «Johannisberg», «Twanner», կարմիր նրբահամ «Rose der CEil-de-Perdrix»,  թունդ  «Dole», «Pinot Noir» և «Merlot» գինիները: Մնում է միայն նշել բազմատեսակ քաղցրավենիքի մասին, որը մատուցվում է և′ առավոտյան, և′ կեսօրին, և′ երեկոյան սուրճի հետ: Դրանք են` մրգային կարկանդակը, բալով տորթը, ստեպղինով թխվածքը և, իհարկե, հայտնի շվեյցարիական շոկոլադը:

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Շվեյցարիայի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >

 

Մեկնաբանություններ / կարծիքներ