Ստեփանակերտ

Քաղաք Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքն է:

Ստեփանակերտի բնակչությունը ավելի քան 50.000 մարդ է։ Արցախի Հանրապետության վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Վերանվանվել է 1922թ.-ին կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ Ստեփան Շահումյանի պատվին:

Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին` Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։

Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թ.), երկրորդը` Ն. Սլոբոտյանիկը (1938 թ.), երրորդը` Բ. Դադաշյանը (1968 թ.)։ Սակայն բոլոր այդ նախագծերում հիմնականում պահպանվել է Ա. Թամանյանի նախագծած կառուցվածքը։

Ստեփանակերտի հասարակական տրանսպորտը հագեցած է «Գազել», «Մերսեդես», «ՊԱԶ», «Hyundai Country» և «Ikarus» ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, որոնց ավտոպարկը միշտ լրացնում են նոր տրանսպորտային միջոցներով։

Հաստատուն տրանսպորտային կապ է գործում ԼՂՀ և ՀՀ շրջաների միջև:

Հայաստանի Հանրապետությունից դեպի Ստեփանակերտ տանող գլխավոր ավտոճանապարհն անցնում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, որը դեռևս միակ տրանսպորտային մայրուղին է: Մինչև 2013թ.-ը ավարտին կհասցվի նաև Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհը, որը կդառնա երկրորդ և ստրատեգիական նշանակություն ունեցող տրանսպորտային հանգույցը Հայաստանի Հանրապետության և Արցախի շրջանների միջև:

Տուրիստական Ստեփանակերտ

Ստեփանակերտի գլխավոր տեսարժան վայրն է համարվում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի ձախ հատվածում գտնվող «Մենք ենք մեր լեռները» Տատիկի և Պապիկի հուշարձանը (Ամին և Ապին), որը խորհրդանշում է արցախյան լեռների պես տոկուն և անսպառ ազգային կամքն ու եռանդը: Հուշարձանը կառուցվել է 1967թ.ին:

Ստեփանակերտում գործում են երկու տասնյակից ավելի հյուրանոցներ, որոնք առաջարկում են բյուջետայինից մինչև բիզնես համարներ՝ նախատեսված ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև այցելությունների համար:

Ստեփանակերտի հյուրանոցներից են.

  • «Արմենիա» հյուրանոց
  • «Եվրոպա» հյուրանոց
  • «Վալեքս Գարդեն» հյուրանոց
  • «Երևան» հյուրանոց
  • «Նաիրի» հյուրանոց
  • «Շուշի» հյուրանոց
  • «Անի Պարադիզ» հյուրանոց
  • «Ավետիս» հյուրանոց
  • «Հեղնար» հյուրանոց

Քաղաքի զբոսաշրջային ենթաստրուկտուրաները դեռևս գտնվում են զարգացման փուլում. Արցախի կառավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում Արցախի տուրիստական սեկտորի զարգացման ուղղությամբ, տարվում են մասշտաբային աշխատանքներ՝ ինչպես դեպի Ստեփանակերտ, այնպես էլ Շուշի և Արցախի այլ շրջաններ զբոսաշրջիկների հոսքի մեծացման ուղղությամբ:

Արցախի տուրիզմի զարգացման վարչությունն ու «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը վերջերս ներկայացրին Ղարաբաղ – թաքնված գանձ (Karabakh – a hidden treasure) ֆիլմը, որը ներկայացնում է Արցախի զբոսաշրջային պոտենցիալը: Տես ֆիլմի հայերեն տարբերակը > Ղարաբաղ – թաքնված գանձ

Karabakh – a hidden treasure (english version)

Նախորդ՝ 2011թ.-ին Արցախ ժամանակ օտարերկրացիների թիվը զգալիորեն ավելացել է 2010թ.-ի համեմատ: (Մանրամասն՝ այստեղ):

Ստեփանակերտում հանգստի անցկացման լավագույն սեզոնն է մայիս-հոկտեմբեր շրջանը, երբ քաղաքը հագեցած է լինում բազմաթիվ մշակութային և այլ իրադարձություններով, եղանակը՝ բավարար և հարուստ խոնավությամբ:

Այս տարի արդեն կգործարկվի Ստեփանակերտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայանը, որից կանոնավոր չվերթներ ինչպես դեպի Երևան, այնպես էլ ԱՊՀ այլ քաղաքներ: Օդանավակայանը կհեշտացնի ճանապարհորդությունը դեպի Արցախ, ինչպես նաև կունենա ռազմավարական նշանակություն նորանկախ երկրի համար:

Աղբյուրներ՝ WIkipedia.com, ArmeniaPedia.com, EnjoyArmenia.com: Լուսանկարները՝ EnjoyArmenia.com, EMedia.am, Roqsi.livejournal.com

Տես նաև ֆոտո-պատմություն > Artsakh: Shushi & Stepanakert sightseeing

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am ակտիվ հղումը պարտադիր է:

Մեկնաբանություններ / կարծիքներ