Շրի Լանկա (Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն)

Երկիրը` Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն, Democratic Socialist Republic of Sri Lanka

Մայրաքաղաքը Շրի Ջայավարդենեպուրա Կոտտեն  է: Պաշտոնական մայրաքաղաք է դարձել 1982  թվականից: Տեղակայված է հարավային Կոլոմբո արվարձանում: Բնակչությունը 115 հազար մարդ (2008 թվականի տվյալներով): 1415—1565 թվականներին Կոտտեն եղել է սինհալական պետության մայրաքաղաքը: Կղզին պորտուգալացիների կողմից գրավվելուց հետո  մայրաքաղաքը տեղափոխվեց Կոլոմբո: Ջայավարդենեպուրա անվանումը սինհալերենից թարգմանաբար նշանակում է «գալիք հաղթանակի քաղաք»: Անվանումը քաղաքին տվել է հենց հիմնադիրը` Ալագակկոնարոյը և ոչ մի կապ չունի Շրի Լանկայի  նախագահ Ջունիուսա Ջայավադենեի հետ: Կոտտե անվանումն  էլ  թամիլերենից  նշանակում է  «ամրոց»: 1979 թվականին Կոտտեն վարչական մայրաքաղաք դարձնելու որոշման հետ մեկ տեղ որոշվեց նաև քաղաքը անվանել Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե: Այստեղ են գտնվում խորհրդարանը և գերագույն դատարանը: Նախագահական նստավայրը մնացել է Կոլոմբոյում: Քաղաքը ունի նաև համալսարան:

           

Բնակչությունը. Շրի Լանկան բազմազգ պետություն է: Ընդհանուր բնակչությունը` 17.6 միլիոն մարդ է: Բնակչության 74%-ը (11 միլիոն մարդ) սինհալներն են, ավելի քան  18%-ը  (2.7 միլիոն մարդ) թամիլներ են: Փոքր ազգերի և էթնիկ խմբերի միախառնումից առաջացել են մավրերը (1 միլիոն)` հնագույն արաբների և պարսիկ վաճառականների ժառանգները, բյուրգերները (44 հազար մարդ), որոնք առաջացել են մի կողմից հոլանդացիների և պորտուգալացիների, մյուս կողմից սինհալների և թամիլների խառնամուսնություններից: Կղզում ապրող բնակչության 42 հազարն էլ մալայացիներ են: Կղզու ներքին շրջանում` Նուվարա Էլիյա քաղաքի մոտակայքում  պահպանվել են վեդաների խմբեր (մոտավորապես  850 մարդ)` կղզու հնագույն բնակչության ժառանգները:

Ընդհանուր տարածքը`  65.610 քառ. կմ

Աշխարհագրական դիրքը. Շրի Լանկան (մինչև 1972 թ.՝ Ցեյլոն) պետություն է Ասիայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Զբաղեցնում է համանուն կղզին, որը Հնդկաստանից բաժանվում է Փոլկի նեղուցով: Կղզին շրջպատված է բուստային խութերով, ափամերձ ջրերում շատ են մարգարտաբեր փափկամարմինները: Կղզու մեծ մասը դաշտավայրեր են, և միայն հարավը զառիթափ կատարներով աստիճանաձև բարձրավանդակ է: Ընդերքը հարուստ չէ. կան միայն գրաֆիտի, փայլարի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրեր:

Կառավարման համակարգը.  Շրի Լանկան` Դեմոկրատական  սոցիալիստական  հանրապետություն է: Երկրի ղեկավարը նախագահն է, որը ընտրվում է 6 տարի ժամկետով` համընդհանուր քվեարկությամբ: Նախագահն համարվում է կառավարության ղեկավարը և գլխավոր հրամանատարը: Նախագահը պատասխանատու է խորհրդարանի առջև, նրան կարող են իմփիչմենտ հայտարարեն, եթե ապահովվի խորհրդարանի ձայների 2/3-ը և հաստատվի գերագույն դատարանի կողմից: Նախագահը ձևավորում է կառավարությունը: Նախագահի օգնականը վարչապետն է, իշխող կուսակցության ղեկավարը:

Վարչական բաժանումը. Երկիրը բաժանված է  9 մարզերի, որոնք էլ իրենց հերթին բաժանված են 25 շրջանների:

Մարզի անվանումը Վարչական կենտրոնը  Տարածքը քառ. կմ Բնակչությունը
Կենտրոնական մարզ  Քանդի 5674 2 423 966
Արևելյան մարզ  Տրինկոմալի 9951 1 310 000
Հյուսիս-կենտրոնական մարզ Անուրադհապուրա 10 714 1 104 664
Հյուսիսային մարզ Ջաֆֆանա 8882 1 040 963
Հյուսիսարևմտյան մարզ Կուրունեգալա 7812 2 169 892
Սաբարագամուվա մարզ  Ռատնապուրա 4902 1 801 331
Հարավային մարզ  Գալլե 5559 2 278 271
Ուվա մարզ  Բադուլլա 8488 1 177 358
Արևմտյան մարզ  Կոլոմբո 3709 5 381 197

 

Պետական լեզուն`  Սինհալերենը  և  Թամիլերենը

Պետական կրոնը. Բնակչության հիմնական մասը (70%-ը) դավանում են բուդդայականությունը` հիմնականում սինհալները: Թամիլական բնակչության մեծ  մասը  դավանում է հինդուիզմ: Մուսուլմանություն դավանում են մալայացիները և մավրերը (7%): Կղզում քրիստոնյա կաթոլիկները  7%-ն է, դրանք բյուրգերն են և սինհալական բնակչության մի մասը: Վեդաները հետևում են պարզունակ կրոններին: Շրի Լանկայի բնակչության մեջ  չափազանց ամուր նստած է կրոնական դավանանքները և սնահավատությունը: Շրի Լանկայում դեռևս գոյություն ունի կաստայական բաժանումները և ընդհանուր առմամբ հաշվվում է 20 կաստաներ:

Դրամական միավորը` Շրիլանկյան ռուփի

Կլիման. Կղզին գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է: Հունիս-օգոստոսին մուսսոններն առատ տեղումներ են բերում: Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում սավաննաներն ու հասարակածային մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է: Կան կապիկներ, փղեր, ընձառյուծներ, լեմուրներ, լուսաններ, կոկորդիլոսներ, շատ են թռչունները` սիրամարգ, ֆլամինգո, թութակներ, ու միջատները: Գործում են մի քանի ազգային պարկեր ու խոշոր բուսաբանական այգի:

Մշակույթը. Կղզու ամենավառ տեսարժան վայրերից մեկը Սիգիրիա բերդն է: Այն լիովին կարող է համարվել աշխարհի նոր հրաշալիքներից մեկը: Այս միջնաբերդը գրավում է բոլոր նրանց ովքեր այցելում են Շրի Լանկա: Հրաշք-բերդը կառուցվել է 180-մետրանոց Առյուծի ժայռի վրա տասնհինգ դար առաջ: Այստեղ` քարանձավների ներքին պատերին կարելի է տեսնել հայտնի փորագրություններ` արված բնական ներկով: Սիգիրիի որմնանկարները հայտնի են ողջ աշխարհում: Ակնառու օրինակներ են հնագույն սինգալյան գեղանկարները: Կանդի քաղաքում ուշադրություն է գրավում Սինգալյան հնագույն պետական պալատը, ինչպես նաև` հայտնի Բուդդայի Ատամը տաճարը, որտեղ պահպանվում է համապատասխան սրբությունը: Լեգենդի համաձայն` ատամը հայտնաբերվել է Հնդկաստանում` լոտոս ծաղկի վրա:

Որոշ ծեսեր, կապված Բուդդայի ատամի հետ, վերածվել են փառատոնների: Այդպիսիներից է Էլասա Պերահերա երթը, որը կազմակերպվում է ամեն տարի օգոստոսին լիալուսնի օրը: Մեծ ձգողական ուժ ունի նաև Անուրադհապուրան: Այս քաղաքը թանգարան ու սրբավայր է ոչ միայն Շրի Լանկայի, այլև այլ քաղաքների բուդդիստների համար: Անուրադհապուրայում պահպանվել են մեծ քանակությամբ պատմական հուշարձաններ: Քաղաքի կենտրոնում կանգնեցված է շքեղ Ռուվանավելլին:  Մ.թ.ա.II դարում կառուցված այս հուշարձանը համարվում է Շրի Լանկայի ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Նույնիսկ մեկ ամբողջ օրում հնարավոր չէ ամբողջապես շրջել բաց երկնքում գտնվող այս հետաքրքիր հուշարձանով: Անուրադհապուրայից քիչ հեռու` Պոլոնարուվեում է գտնվում Սինհալի պետության վաղ ժամանակների մայրաքաղաքի ավերակները:
Այստեղ կարելի է տեսնել պալատի մնացորդները: Առավել լավ պահպանվել է Վատադագե տաճարը: Պոլոնարուվի հյուսիսային մասում է գտնվում այս շրջանի խոշորագույն ճարտարապետական համալիրը` ժայռերում քանդակված  Բուդդայի երեք արձանները` տարբեր դիրքերով:

Քաղաքները. Հալլե. Քաղաքի անունը սինհալերենից թարգմանաբար նշանակում է «պանդոկ»: Իր ծաղկման ժամանակաշրջանում քաղաքը եղել է կղզու գլխավոր նավահանգիստը: Կղզի մուտք գործելուց հետո հոլանդացիները այստեղ կառուցել են ռազմական ամրոց, որն էլ  մինչև այժմ պահպանվել է: Ամրոցի դարպասների վերևում քարի  վահանակի վրա փորագրված է Արևելյան Հնդկաստանի մոնոգրամը` երկու առյուծ և աքաղաղ: Հալլեն հայտնի է իր հնագույն արհեստներով, մասնավորապես լավագույնն է ժանյակագործության բնագավառում: Քաղաքը յուրահատուկ է արևադարձային բնությամբ և հնագույն ճարտարապետական շինություններով, որոնք էլ գրավում են զբոսաշրջիկներին:

Ռատնապուրա. Ռատնապուրան ոսկերչագործության և թանկարժեք քարերի վաճառքի խոշորագույն կենտրոնն է և սինհալերենից թարգմանաբար նշանակում է «Ակնեղեն»:  Աշխարհի շատ հայտնի ոսկերչագործներ բարձր են գնահատում ռատնապուրյան սաֆիրները, ռուբինները և այլ թանկարժեք քարերը: Այստեղ է հայտնաբերվել հանրահայտ «Ասիայի կապույտ գեղեցկուհի» սաֆիրը  (400 կարատ)  և   «Հնդկաստանի աստղ» (536 կարատ)  սաֆիրները:

Ջաֆնա. Հյուսիսային թամիլական տարածաշրջանի և նահանգի վարչական կենտրոնը, երկրի խոշորագույն քաղաքներից մեկը (100 հազար բնակչությամբ) գտնվում է երկրի հյուսիսում, որը նեղ տարածք է արհեստական խճուղիով միացված կղզու հիմնական տարածքին: Թերևս սա Շրի Լանկայի ամենաշոգ քաղաքն է: Նախկինում քաղաքը եղել Արևելյան Հնդկաստանի հոլանդական առևտրային բազան: Այն ժամանակներից այստեղ պահպանվել են ամրոցի ավերակները: Հեռավորությունից երևում է XVIII դարից կառուցված կաթոլիկ եկեղեցին: Ջաֆնան խոշոր առևտրային, տրանսպորտային կենտրոն է, ինչպես նաև թամիլական մշակույթի կենտրոնը: Քաղաքի արհեստավորները հպարտանում են իրենց ցանցահյուսազարդ ոսկե զարդերով, գործած գորգերով, զամբյուղներով և այլ ապրանքներով:

Առողջարանները. Արևելյան Եվրոպացիների, Հյուսիսային Ամերիկացիների և այլ երկրների զբոսաշրջիկներ համար Շրի Լանկան հիանալի ձմեռային առողջարան է: Ափամերձ տարածքներում գերակշռում  է ջրային սպորտը. սպորտային զբոսաշրջիկությունը հին սինհալական մայրաքաղաքում համարվում էր մշակույթի գլխավոր մասնիկը: Լեռնային առողջարանները և բազմաթիվ ազգային պարկերը գրավում են զբոսաշրջիկներին իրենց վայրի բնությամբ, սաֆարիով և ջրասուզությամբ: Բայց ինչան էլ որ գրավեն ոսկեզօծ ծովափերը, սակայն Շրի Լանկայում ընդունված չէ լողալ ցանկացած վայրում. վտանգավոր են օվկիանոսային քամիները, մի քանի ձկնատեսակներ և ծովային այլ կենդանիներ: Լողալու համար սովորաբար գնում են հարավային արվարձան` Կոլոմբո Մաունտ Լավինիու, Հիկկադիվու կամ Ռասեկուդահու:

Նուվարա Էլիյա. Հանրահայտ Կանդի քաղաքից ոչ հեռու է գտնվում Նուվարա Էլիյան: Այն տեղակայված է ծովի մակերևույթից  2000 մետր բարձրության վրա: Եվրոպական ճարտարապետությամբ քաղաքը ունի բազմաթիվ հյուրանոցներ` կառուցված անգլիական ոճով: Շինությունները շրջապատված են փարթամ բուսականությամբ և վառ ծաղիկներով: Ներկայումս այս հանգստավայրը գրավում է  տեղական համայնքի ղեկավարությանը և բազմաթիվ զբոսաշրջիկների:

Վենտոտա. Վենտոտա առողջարանային  համալիրը գտնվում է Կոլոմբոյից 62 կմ դեպի հարավ` կղզու արևմտյան ափին: Այս գեղատեսիլ վայրում, որտեղ գետը թափվում է ծովը, կառուցվել է մի քանի հյուրանոց, որոնց շրջապատում է արմավենու անտառը: Գործում են կայարան, փոստ, խանութներ, սրճարաններ,   բացօթյա թատրոն, որտեղ ելույթով հանդես են գալիս տեղի պարային համույթները:

Կալկուդահ. Առողջարանային քաղաքը գտնվում է արևելյան ափին, Բատտիկալոաից 32 կմ հեռավորության վրա: Սա հիանալի վայր է լողի համար, քանի որ լողափը ծովի կողմից պաշտպանված է ստորջրյա ժայռով: Այն նաև հայտնի զբոսաշրջային  կենտրոն է` ժամանակակից հյուրանոցներով և մի շարք հարմարություններով:

Ազգային խոհանոցը. Չնայած եվրոպական ուտեստների բազմազանությանը, ուտեստներն այնուամենայնիվ այստեղ կծու են: Հյուրանոցներում ամենատարածված սննդի ձևը շվեդական սեղանն է: Եթե տուրիստներին դուր չգա որևէ ուտեստ, ռեստորանում կարելի է ընդամենը մատուցողից այլ բան ուզել: Սակայն եթե մատուցողն ասի, որ կերակուր կծու չէ, պետք է, ամեն դեպքում, փորձել մի փոքր: Իսկ ահա «բոլորովին կծու չէ» արտահայտությունն իրականությանը շատ ավելի մոտ է: Անփորձներին խորհուրդ է տրվում կծուն հագեցնել հացով ջրի փոխարեն: Շրի Լանկայի խոհանոցը շատ մոտ է հնդկական խոհանոցին: Գուցե սրա պատճառը նրա աշխարհագրական դիրքն է: Ուտեստների մեջ օգտագործվում են նույն սննդամթերքները` ձուկ, արևադարձային մրգեր, շատ կանաչի և համեմունքներ: Առօրյա ճաշացանկի հիմքում ընկած են բրինձը և կարին: Կարին տեղացիների համար մեկ ուտեստ չէ. կարի ձկով, մսով, ծովամթերքով, թռչնամսով, բանջարեղենով և մրգերով: Այս ամենին միավորում է մի յուրահատուկ համեմունքային համադրություն, որը կոչվում է կարի: Այս խառնուրդը ուտեստներին տալիս է յուրահատուկ «վառող» համ: Խորհուրդ չի տրվում չարաշահել տեղական խմիչքը: Հիմնական խմիչքն է արակը (կոկոսի օղին): Այն նույնիսկ տեղացիները շատ չեն խմում, սակայն բազմազանության համար կարելի է համտեսել: Տեղական արտադրության ջինն ու վիսկին առաջացնում են ուժեղ գլխացավ: Մատչելի և համեղ են արևադարձային մրգերը` բանաններ (ավելի քան  200 տեսակ), ավոկադո, մանգո, պապայա, նարինջ և կոկոս: Տան ճանապարհին կարելի է այցելել Կոլոմբո և գնել էկզոտիկ մրգեր: Ցեյլոնում հատկապես լավն են արքայախնձորները: Յուրահատուկ է նաև ցեյլոնյան թեյը:


Ավանդույթները. 
Շրի Լանկայում չի կարելի այցելել վանքեր կարճ կիսաշրջազգեստով կամ շորտերով, ինչպես նաև բաց ուսերով կամ մեջքով: Վանք մտնելիս պետք է հանել գլխարկը (եթե այն կա) և կոշիկները, իսկ քանի որ նման վայրերում մաքրությունն այնքան էլ պահպանված չէ, հարկ է առաջանում վերցնել հատուկ նասկիներ:
Չի կարելի առանց թույլտվության տեղի բնակիչներին կամ եկեղեցիները նկարել, ինչպես նաև արգելվում է մեջքով կանգնել Բուդդայի արձանին կամ նկարվել նրա կողքին:
Արգելված է նաև ցույց տալ որևէ ուղղություն ձեռքով կամ ձախ ձեռքով որևէ բան վերցնել: Շատ կենդանիներ (օրինակ կովը) համարվում են սուրբ և չի կարելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ:

Տոները. Շրի Լանկայի գլխավոր տոնը փետրվարի 4-ն է` Անկախության օրը: Բացի այդ, այստեղ նշում են բազմաթիվ բուդդայական, մահմեդաան և քրիստոնեական տոներ:

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am ակտիվ հղումը (active hyperlink) պարտադիր է:

Մեկնաբանություններ / կարծիքներ