Տուրիստական նորություններ և հոդվածներ

Մեկնարկել է «Պատանի ռենջերների ծրագիր» էկոկրթական նախաձեռնությունը

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), «Այբ» դպրոցը և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը համատեղ սկսում են «Պատանի ռենջերների ծրագիր» կրթական նախաձեռնությունը

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), «Այբ» դպրոցը և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը համատեղ սկսում են «Պատանի ռենջերների ծրագիր» կրթական նախաձեռնությունը, որը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ։
Նախաձեռնության նպատակն է նպաստել բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոկրթության զարգացմանը և դպրոցականների ներգրավմանը բնապահպանական միջոցառումներում։ Փորձնական ծրագրի տևողությունը լինելու է 6 ամիս։

Պատանի ռենջերների ծրագիրը հիմնադրվել է Եվրոպայի պահպանվող տարածքների ֆեդերացիայի՝ EUROPARC-ի կողմից 2002 թ.-ին։ Այն ներկայումս միավորում է գրեթե ամբողջ Եվրոպայից ավելի քան 5000 պատանիների, ինչպես նաև 80 պահպանվող տարածքներ Եվրոպական Միության 19 երկրներում։

Ծրագրի շրջանակներում «Այբ» դպրոցի աշակերտները կնպաստեն պահպանվող տարածքի էկոտուրիզմի զարգացմանը, պահպանության հզորացմանը, վայրի բնության մշտադիտարկմանը, բնապահպանական տեղեկացվածության ու կրթական մակարդակի բարձրացմանը։ Ծրագրի իրականացման որոշ փուլերում կներգրավվեն «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի հարակից Արենի և Խաչիկ համայնքների դպրոցականները, ինչն էլ իր հերթին կնպաստի համայնքների միջև համագործակցությանը և ընդհանուր նպատակների համատեղ իրականացմանը:

Ծրագրի մեկնարկային փուլում արդեն իսկ իրականացվել են տեղեկատվական դասընթաց և դաշտային այց «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են պահպանվող տարածքի ձեռքբերումներին, ենթակառուցվածքներին և առկա բնապահպանական խնդիրներին։ Մասնակիցները բաժանվելու են խմբերի, որոնք ծրագրի ամբողջ ընթացքում WWF-Հայաստանի, «Այբ» դպրոցի և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի մասնագետների հետ միասին նախագծելու և իրականացնելու են տարաբնույթ բնապահպանական միջոցառումներ։

Հայաստանում Պատանի ռենջերների փորձնական ծրագրի հաջողության դեպքում էկոկրթության այս մոդելը կարող է ներդրվել ՀՀ բնության հատուկ պահպանվող նաև այլ տարածքներում՝ որպես բնապահպանական կրթության գործիք, ինչը հատկապես կարևոր է հարակից համայնքների պատանիներին բնության պահպանության մեջ ներգրավելու տեսանկյունից։

Աղբյուրը՝ WWF Armenia

Booking.com
Booking.com
You might also like