Ջերմուկ – տուրիզմ և հանգիստ

Տուրիզմ և հանգիստ Ջերմուկում (Jermuk Resort, Armenia)

Ջերմուկը ծվարել է Վայոց Ձորի անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ. բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով, որով էլ անցնում Ջերմուկ տանող միակ ճանապարհը: Քաղաքը գտնվում է Երևանից`173 կմ հեռավորության վրա:

Ջերմուկի հյուրանոցներ և հանգստյան տներ.

Այստեղ կարող է տեղադրվել Ձեր գովազդը` ամբողջական ինֆորմացիայով: Գովազդի համար կապվեք մեզ հետ >



Ջերմուկի կլիման տիպիկ լեռնային է` զով ամառներով, ցուրտ, ձյունառատ, երկարատև ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը 15-16 է, առավելագույնը եղել է 32, իսկ հունվարյան միջինը` -8.10, նվազագույնը դիտվել է -35:Մթնոլորտային տեղումների քանակը տարվա ընթացքում կազմում է 800 մմ ս.ս.:

Ջերմուկը Վայոց Ձորի մարզի բնակչության թվով 3-րդ քաղաքն է, պաշտոնական տվյալներով առ 1 հունվարի 2005թ-ի բնակչության առկա թիվը կազմում է 5146 մարդ:

Առողջարանային քաղաքը բոլոր կողմերից շրջապատված է գեղատեսիլ լեռնաշղթաներով, որոնց լանջերը պատված են անտառներով, ուր հանդիպում են վայրի պտղատոււ ծառեր` տանձենի, սալորենի, խնձորենի: Անտառներում հնարավոր է հանդիպել անտառային կենդանիների` աղվես, նապաստակ և անգամ արջ:

Քաղաքը հանրապետության մեջ մասնագիտացած է որպես միաֆունկցիոնալ քաղաք, այն է` որպես ռեկրեացիոն-առողջարանային քաղաք: Կան շատ առողջարաններ, որոնցից լայն ճանաչում ունեն Նարեկը, Աղաջանյանի անվան առողջարանը, Ջերմուկը Աշխարհը, Զարթոնքը, Արարատը, Երազը, Արմենիան: Քաղաքի կենտրոնական մասում գտնվում է հսկայական մի շենք, զարդաքանդակներով հարուստ արվեստի մի կոթող` ըմպելասրահը, որի պատերին ամրացված խողովակներից հնարավոր է խմել Ջերմուկի անմշակ, սակայն շատ առողջարար ջուրը` տարբեր ջերմությամբ: Այս շենքը դարձել է Ջերմուկի խորհրդանիշը: Այս կառույցի ճարտարապետն է հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի որդին` Գևորգ Թամանյանը:

Պատմություն

Ջերմուկը որպես բնակատեղի և հանգստավայր, նույնքան հին է, որքան Վայոց Ձորը: Միջնադարյան հայ մատենագրության մեջ մի անգամ է միայն հիշատակվում Ստեփանոս Օրբելյանի մոտ հարկատու գյուղերի ցանկում, սակայն այդ արձանագրությունը հավաստում է Ջերմուկի հին և մեծ լինելու փաստը, քանի որ այն պարտավոր է եղել ավելի մեծ չափի հարկեր տալ, քան գավառի մյուս գյուղերը:

Ջերմուկի տարածքում այսօր էլ պահպանվել է ամրոցի պարսպի փլատակները` անտաշ որձաքարերով և առանց շաղախի, որի կառուցումը վերագրվում է Արտաշեսյան դինաստիայի ժամանակաշրջանին, մ.թ.ա. 189 թ-ին, իսկ գյուղը ավելի վաղ շրջանում է հիմնադրվել:

Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ վաղուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Չնայած պատմական հարուստ անցյալին, ժամանակակից քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին` առաջին առողջարանի կառուցման ավարտով:

Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու մեծացել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար: Այժմ էլ քայլեր են ձեռնարկվում քաղաքի առողջարանային, տուրիստական համալիրը հարստացնելու և շուրջտարյա գործունեությամբ ապահովելու ուղղությամբ:

Ջերմուկի լեգենդները

Ջերմուկի հրաշք ջրի հայտնաբերման մասին հյուսվել են բազմաթիվ լեգենդներ: Վաղուց, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով: Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել: Որսորդը կրնկակոխ հետապնդւմ է նրան: Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և… այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը:

Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է Ջերմուկի ջրվեժը - ջրահարսի վարսեր«Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:

Լինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ ջրվեժը, նշանակում է` չլինել Ջերմուկում: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը:

Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում: Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու Կեչուտի ջրամբար, Ջերմուկգեղեցիկ որդուն: Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն իշխանը շուտով իմանալով այդ մասին` գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա: Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և, հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Ձմեռային ՋերմուկՋերմուկը ոչ միայն բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է, այլ նաև քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով վայր, որոնցից են` Արփա-Սևան թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից, Գնդևանքը, Վարդանի քարը, Գլաձորի միջնադարյան համալսարանը, Նորավանքի համալիրը և այլն:

Հատկապես գեղեցիկ է ջերմուկյան ձնառատ, փափուկ և արևոտ ձմեռը: Ձմեռային հանգստի, բուժման, մարզաձևերի համար բարենպաստ կլիմայական ու բնական պայմանների առկայությունը միշտ դեպի առողջարանային քաղաք է ձգել ձմեռային հանգստի սիրահարներին:

Տեքստային նյութը արտատպված և ենթարկված է փոփոխությունների: Աղբյուրներ` Vayotsdzor.agro.am, FindArmenia.com, WelcomeArmenia.com, CAA.am: Լուսանկարները` EnjoyArmenia.com, Panoramio

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Հայաստանյան հանգստավայրեր և տուրիստական գոտիներ > Ծաղկաձոր | Աղվերան | Դիլիջան | Սևան  | Ջերմուկ | Գորիս |

Մեկնաբանություններ / կարծիքներ