Իտալիայի Հանրապետություն (Իտալիա)

Երկիրը` Իտալիայի Հանրապետություն – Իտալիա – Italy – Italia

Մայրաքաղաքը` Հռոմ, բնակչությունը`   2 մլն. 724.3 հազար մարդ ( 2009 թվականի տվյալներով), Հռոմի մարզի բնակչությունը` 4 մլն. 110 հազար մարդ

Տարածքը`  301.200 քառ. կմ

Բնակչությունը` 57 մլն. 680 հազար մարդ

                       

Պետական լեզուն` Իտալերեն

Պետական կրոնը` Քրիստոնեություն, բնակչության 99 %-ը կաթոլիկներ են:

Կառավարման համակարգը Հանրապետություն է, որի ղեկավարը նախագահն է, ով ընտրվում է 7 տարի ժամկետով: Բարձրագույն օրենսդիր մարմինը երկպալատ խորհրդարանն է  (Սենատը և Պատգամավորների պալատը), ժամկետը` 5 տարի: Բարձրագույն գործադիր իշխանությունը կառավարությունն է:
Խոշոր քաղաքները. Միլան, Նեապոլ, Թուրին, Ջենովա, Պալերմո, Բոլոնիա, Ֆլորենցիա, Բարի, Կատանիա, Վենետիկ:

Էթնիկ կազմը. 98%-ը իտալացիներ են, 2%-ը գերմանացիներ, սլովենացիներ, ալբանացիներ, հույներ և ֆրանսիացիներ:

Արտարժույթը. Եվրո, որը հավասար է 100 ցենտի:



Տարածաշրջանը. Իտալիան գտնվում է Եվրոպայի հարավում` Ապենինյան թերակղզում, Սիցիլիա, Սարդինիա ու մի քանի այլ կղզիների վրա: Նրա ափերը ողողում են Միջերկրական ծովի մաս կազմող Լիգուրիական, Տիրենյան, Հոնիական և Ադրիատիկ ծովերը: Հյուսիս-արևմուտքում Իտալիան սահմանակից է Ֆրանսիային, հյուսիսում` Շվեյցարիային և Ավստրիային,  իսկ հյուսիս-արևելքում` Սլովենիային: Իտալիայի կազմի մեջ են մտնում փոքրիկ Սան Մարինո և   Վատիկան պետությունները: Մակերևույթը գերազանցապես լեռնային է: Հյուսիսում Ալպերն են, Ապենինյան թերակղզու երկայնքով ձգվում են Ապենինները: Կան գործող (Վեզուվ, Էտնա) և հանգած հրաբուխներ:

Կլիման. Միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չեն լինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ:



Վարչական բաժանումը. Իտալիան բաժանված է 20 շրջանների, որոնք կազմված են 94 նահանգներից: Շրջաններն են Աբրուցին, Վենետոն, Կալաբրիան, Լացիոն, Լիգուրիան, Լոմբարդիան, Սարդինիան, Սիցիլիան, Տոսկանան, Ումբրիան և այլն:

Գետերը և լճերը. Իտալիայի խոշոր գետերն են Պոն, Առնոն և Տիբերը: Գլխավոր լճերն են Գարդան, Լահո Մաժորեն և Կոմոն:

Իտալիայի տեսարժան վայրերը. Իտալիայի տարածքում կան շատ տեսարժան վայրեր` թե′ բնական, թե′ պատմաճարտարագիտական: Հռոմում դրանք են Պանթեոնը, Կոլիզեյը, Ֆորումը, Կարակալլա վաննաները, Կապիտոլիական թանգարանը, Ազգային թանգարանը և այլն: Միլանում ` հայտնի Լա Սկալա օպերան, Սան Ամբրոջիո եկեղեցին,  Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարով վանքը, Պիզայում` «Ընկնող աշտարակը» և այլն:

Օգտակար տեղեկատվություն զբոսաշրջիկների համար. Իտալիայում գործում է ծխախոտային արտադրանքի պետական մենաշնորհ: Այն կարող եք ձեռք բերել հատուկ լոգոյով կրպակներից: Արգելվում է ծխել հասարակական փոխադրամիջոցներում, տաքսիներում, թատրոններում և կինոսրահներում, ինչպես նաև` որոշ խանութներում:

Հռոմում ողջունելի չէ  ազատ ոճի  հագուստը, օրինակ` շորտերը և շապիկները: Այդ տեսքով չեն թողնի մուտք գործել ոչ միայն թանգարաններ և տաճարներ, այլև խանութներ: Վատիկանում և  Սբ. Պետրոս եկեղեցում չի թույլատրվում մուտքը շորտերով, կարճ կիսաշրջազգեստով և բաց ուսերով: Ֆլորենցիան հայտնի է կաշվե և ոսկե ապրանքներով, Վենետիկը` կառնավալային դիմակներով և Մուրանո կղզում պատրաստված վենետիկյան ապակե իրերով: Իտալիայից Ձեզ հետ բերեք իտալական ծղոտե գլխարկ, իտալական բազմաթիվ ֆուտբոլային ակումբներից մեկի մարզաշապիկը և աշխարհում հայտնի Chianti գինի:
Օգտվելով իտալական փոխադրամիջոցից` հիշեք.

1. Տոմսը պետք է գնել նախօրոք կրպակներից: Այն պետք է վավերացնել կանգառում կամ սրահում, որից հետո այն վավեր կլինի 75 րոպե: Բոլոր փոխադրամիջոցների համար գործում է նույն տոմսը:

2. Բոլոր կանգառները կատարվում  են պահանջով:
Ազգային խոհանոցը. Իտալական խոհանոցը հայտնի է ողջ աշխարհում պիցցայի և սպագետիի շնորհիվ: Այն շատ բազմազան է և տարածաշրջանային: Յուրաքանչյուր շրջան ունի իր յուրահատուկ ուտեստները: Այն ոչ միայն համարվում է լավագույններից մեկը, այլև  ներկայումս ամենանորաձևը: Եվ դա զարմանալի չէ, քանի որ  այն տարբերվում է մթերքների և համեմունքների  բազմազանությամբ: Օգտագործվում են բանջարեղեն, ծովամթերք, տավարի միս, մրգեր և հատապտուղներ, պանիր, լոբազգիներ և այլն: Ազգային ուտեստ է համարվում մակարոնը, որից պատրաստված  բոլոր ճաշատեսակները մեկ բառով կոչվում են պաստա:

Իտալական ուտեստներում իր ուրույն տեղն ունի Պարմեզան պանիրը: Այս պանիրը երկար ժամանակ չորանում է և, շնորհիվ դրան, հեշտորեն անցկացվում քերիչով: Այն կարող է պահվել մի քանի ամիս և չկորցնել համային որակները:

Իտալացիները լայնորեն կիրառում են բանջարեղենը` լոլիկ, արտիշոկ, գազար, սմբուկ և այլն, որոնք օգտագործվում են ինչպես ուտեստներում, այնպես էլ` առանձին:
Իտալական խոհանոցի մասին խոսելիս չի կարելի չնշել բրնձով ուտեստի`  ռիզոտոյի մասին:

Գոյություն ունի ռիզոտոյի հարյուրավոր տեսակներ և դրանք պիցցայից պակաս հայտնի չեն աշխարհում: Իտալիայում պատրաստում են համեղ պաղպաղակ, խմորե ամենատարբեր ուտեստներ, պիցցա, նուշով տորթ, խմորեղեն և այլն: Աղանդերը ամփոփում է սուրճը:

Գինին Իտալիայում ազգային ըմպելիք է: Այն առկա է բոլոր իտալացիների սեղանին, քանի որ նրանք գինու մեծ սիրահարներ են:

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Իտալիայի վերաբերյալ բոլոր նորությունները >

Էջի թեմաները. Իտալիա, ճանապարհորդություն Հռոմ, Վենետիկ, Italy travel, Rome tours

 

Մեկնաբանություններ / կարծիքներ