Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Գերմանիա)

Երկիրը` Գերմանիա, Deutschland, Germany

Մայրաքաղաքը` Բեռլին, բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմում է 3.440.441 մարդ: Այն Գերմանիայի ամենախոշոր քաղաքն է թե′ տարածքով (891.82 քառ. կմ), թե′ բնակչության թվով։ Լոնդոնից հետո, Բեռլինը ԵՄ /Եվրոպական Միություն/ երկրորդ խոշոր քաղաքն է։ Բեռլինը Գերմանիայի 16 դաշնային երկրներից մեկն է և տեղակայված է Շփրե գետի վրա։

                         

Բնակչության թիվը` 81.757.600  մարդ  (2010 թվականի տվյալներով):

Աշխարհագրական դիրքը` Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում` Դանիայի (68կմ), արևմուտքում` Նիդեռլանդների (577կմ), Բելգիայի (167կմ) և Լյուքսեմբուրգի (138կմ), հարավ-արևմուտքում` Ֆրանսիայի (451կմ), հարավում` Շվեյցարիայի (334կմ) և Ավստրիայի (784կմ), արևելքում` Լեհաստանի (456կմ) և Չեխիայի (646կմ) հետ:

Ընդհանուր մակերեսը` 357 021 քառ. կմ

Կառավարման համակարգը. Պառլամենտական Դաշնային Հանրապետություն: Դաշնային նախագահն է Քրիստիան Վուլֆը, Դաշնային կանցլերը` Անգելա Մերկելը, որին նշանակում է նախագահը: Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի Հիմնական Օրենքով (Սահմանադրություն)։

Վարչական բաժանումը. Այն կազմված է 16 դաշնային երկրներից (մարզերից)`  Բադեն – Վյուրթեմբերգ (Baden – Württemberg), Բավարիա  (Bayern), Բեռլին, Բրանդենբուրգ (Brandenburg), Բրեմենի մարզ (Bremen (Land),  Թյուրինգիա  (Thüringen),  Համբուրգ (Hamburg),  Հեսսեն (Hessen), Հյուսիսային Հռենոս-Վեստֆալլեն (Nordrhein – Westfalen), Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա (Mecklenburg – Vorpommern), Ներքին Սաքսոնիա (Niedersachsen), Շլեզվիգ-Հոլշտայն (Schleswig – Holstein), Ռայնլանդ – Պֆալց (Rheinland-Pfalz), Սաար (Saarland), Սաքսեն – Անհալտ (Sachsen-Anhalt), Սաքսոնիա (Sachsen):

Պետական լեզուն` գերմաներեն

Պետական կրոնը. Գերմանացիների մեծամասնությունը քրիստորյաներ են: Կաթոլիկները  կազմում են 32.4 %, լյութերները` 32.0 %, ուղղափառները` 1.14 %: Հավատացյալների մի մասը մահմեդականներ են (3.8-4.3 մլն. կամ  4,5 %-5,2 %), Եհովայի Վկաներ  (շուրջ 164 000 կամ 0,2 %) և հրեական համայնքի անդամներ (շուրջ 100 000 կամ 0,12 %): Գերմանական բնակչության շուրջ 31 %-ը աթեիստներ են:

Կլիման. Կլիման շատ փոփոխական բնույթ ունի: Ամառվա կեսին կարող է լինել տաք և արևային եղանակ, սակայն հաջորդ օրն իսկ կարող է ցրտել և անձրևել: Բնական ծայրահեղ երևույթներ (երաշտ, տոռնադո, փոթորիկ, սառնամանիք և տապ) այստեղ համեմատաբար քիչ են հանդիպում: Դրա պատճառը նաև այն է, որ Գերմանիան գտնվում է բարեխառն կլիմայական գոտում: Վերջին տարիների ընթացքում Գերմանիայում, ինչպես ամբողջ Եվրոպայում, տեղի են ունեցել մի շարք մասշտաբային ջրհեղեղներ, սակայն դիտարկելով Գերմանիայի պատմությունը, պարզ է դառնում, որ դա բավականին հազվագյուտ բնական երևույթ է: Շատերը  հակված են դա համարել գլոբալ տաքացման արդյունք: Հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է մինչև 22  աստիճան Ցելսիուս, իսկ հունվարի միջին ջերմաստիճանը 2−5 աստիճան Ցեելսիուս է:

Մշակույթը. Գերմանիան կարելի է անվանել փիլիսոփայության, գրականության, երաժշտության և միստիկայի երկիր: Բոլորին  հայտնի են   կոմպոզիտորներ Բախը, Բեթհովենը, Շուբերտը, Շումանը, Բրամսը, Շտրաուսը, Վագները, նկարիչներ Հանս Հոլբեյն Կրտսերը, Դյուրերը, Գրյունեվալդան, Կլեեն, գրողներ` Լեսսինգը, Գյոթեն, Շիլլերը, Հայնեն, Հոֆմանը: Գերմանիայի բազմաթիվ համերգային դահլիճներում կարելի է լսել  հայտնի դիրիժորների ղեկավարությամբ հիանալի համերգներ: Ավելին, յուրաքանչյուր խոշոր քաղաքում կա լավ նվագախումբ: Աշխարհում լավագույնն է համարվում Բեռլինի Ֆիլհարմոնիան: Երկրում անցկացվում է առնվազն  75 խոշոր երաժշտական փառատոններ, որոնցից 15-ը` նախկին Արևելյան Գերմանիայում: Աշխարհահռչակ փառատոններից մեկը Բավարիայի Բայրոյթ քաղաքում անցկացվող Վագների օպերայի ամառային ներկայացումներն են: Գերմանիայի մշակութային արժեքները կապված են բազմաթիվ ամրոցների և քաղաքների հետ: Իրենց շքեղությունն ու ոգու ազատությունն են պահպանել նախկին առևտրային քաղաքներ Համբուրգն ու Բրեմենը: Իսկական թանգարան-քաղաքներ կարելի է համարել Մյունխենն ու Բեռլինը: Մայնի Ֆրանկֆուրտը ոչ միայն համաշխարհային ֆինանսական կենտրոն է, այլև ժամանակակից արվեստի կենտրոն: Մեծ թվով ճարտարապետական և մշակութային հուշարձաններ կարելի է հանդիպել Վեյմարում, Դրեզդենում, Լայցպիգում, Հանովերում, Վիսբադենում, Կոբլենցում և Մյուստերում: Հատկապես հարուստ է Բավարիան, որտեղ XIX  դարում կառուցվել են մի շարք ամրոցներ: Բացառիկ է Սաարը, որտեղ միաձուլված են գերմանական և ֆրանսիական մշակույթները: Քյոլնում պահպանվել է ամենահայտնի գոթական տաճարը: Գիտության համաշխարհային և գերմանական  կենտրոններն են համալսարանական Հայդելբերգ, Հելդերլին, Տուբինգեն, Բոնն և Ֆրայբուրգ քաղաքները:

Առողջարանները. Բնական պայմանները և նպատակաուղղված քաղաքականությունը օգնել են ստեղծել  Գերմանիայի առողջարանները, որոնցից շատերը ունեն միջազգային ճանաչում: Արդեն XIX դարում մեծ ճանաչում ունեին Վիսբադենի և Բադեն-Բադենի առողջարանները, որոնք ստեղծվել են դեռևս հին ժամանակներում` տեղական աղբյուրների հիման վրա: Զբոսաշրջային հսկա գոտի է համարվում Բադեն-Վյութերբերիգի Շվարցվալդը: Մեծ ճանաչում ունեն Գերմանիայի հյուսիսային ծովային հանգստավայրերը, օրինակ` Ներքին Սաքսոնիայի Կուկսհաֆենը: Երկրի լավագույն լեռնադահուկային առողջարանն է Գարմիշ-Պարտենկարհենը: Բազմաթիվ առողջարաններ  (ինչպիսիք են օրինակ`  Բադ-Մերենտհեյմը և Բադ-Վիմպֆենը)  գտնվում են  Հյուսիսային Հռենոս-Վեստֆալլենում, Բադեն-Վյութեմբերգում և Բավարիայում: Գերմանիայի առողջարանները ունեն ոչ միայն վերականգնող, այլև մշակութային նշանակություն: Այսպիսով, Վիսբադենում XIX դարում հավաքվում էր Եվրոպայի մտավորականությունը: Ներկայումս շատ ջանքեր են գործադրվում այդ ավանդույթների վերականգնման համար:

Տուրիզմը Գերմանիայում.  Համաձայն զբոսաշրջության մրցունակության հաշվետվության` Գերմանիան համարվում է աշխարհի ամենաանվտանգ տուրիստական ուղղություններից մեկը: Այն համարվում է Եվրոպայի երրորդ ամենաշատ այցելվող երկիրը: Հյուրանոցներում նորեկների թիվը 2010 թվականին կազմել է 380.3 միլիոն, ինչը  երկրի միավորումից հետո համարվում է ամենաբարձր ցուցանիշը:  2009 թվականի համեմատ` այդ թիվը աճել է  3 %-ով:
Ուսումնասիրության համաձայն` Գերմանիա գալու պատճառներն են մշակույթը  (75 %), հանգիստը մաքուր օդում (59 %), քաղաքները (59 %), մաքրությունը  (47 %), անվտանգությունը  (41 %), լավ հյուրանոցները (35 %), լավ խոհանոցը (34 %), հասանելիությունը (30 %), կոսմոպոլիտիզմը (27 %), գնումներ կատարելու լավ հնարավորությունները (21 %), գրավիչ գիշերային կյանքը (17 %) և այլն: Գերմանացիների ավելի քան 30%-ը իրենց արձակուրդն անցկացնում են սեփական երկրում:

Քաղաքները.  Գերմանիայի ամենամեծ քաղաքներն են Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը:

Համբուրգ. Ազատ և հանզետիկ քաղաք Համբուրգը (գերմաներեն Hamburg) մեծությամբ Գերմանիայի երկրորդ քաղաքն է:  Համբուրգն առևտրի շնորհիվ հարուստ քաղաք է: Համբուրգյան նավահանգիստը մեծութեամբ աշխարհի երրորդն է: Այստեղ ծնվել է Յոհաննես Բրամսը:

Մյունխենը (գերմաներեն  München) Գերմանիայի երրորդ քաղաքը և Բավարիայի մայրաքաղաքն է: Այն հայտնի է իր գարեջրագործությամբ: Այն գիտական և հետազոտական կենտրոն է: Քյոլնը (գերմ. Köln)  բնակչության քանակով Գերմանիայի չորրորդ, իսկ տարածքով` երրորդ ամենամեծ քաղաքն է։ Համարվում է երկրի տնտեսական և  մշակութային խոշոր կենտրոններից մեկը:

Տոները Գերմանիայում. Նոր Տարին, Աշխատանքի օրը (մայիսի 1), Գերմանիայի միասնության օրը (հոկտեմբերի 3),  Սբ. Նիկողայոսի օրը (Nikolaus-Tag, դեկտեմբերի 6), Սուրբ Ծնունդ, Երեք սուրբ թագավորների օրը (հունվարի 6): Շատ քաղաքներում և մարզերում կան տեղական տոներ: Հատկապես շատ են տեղական  և միջազգային տոներն ու փառատոնները Բեռլինում: Փետրվարին այստեղ անցկացվում է Բեռլինի ամենամյա կինոփառատոնը  (Բեռլինալե), մայիսին` թատերական հանդիպումներ, հունիսին` ավանդական երաժշտության փառատոն, հուլիսին` Բախի օրեր (Bach-Tage Berlin), հուլիսի կեսերին` Սիրո շքերթ  (Love Parade), նոյեմբերին` ջազի օրեր (Jazzfest Berlin): Ողջ աշխարհում հայտնի է Քյոլնի փառատոնը, որը սկսվում է նոյեմբերի 11-ին: Մյունխենը հայտնի է ամենամեծ գարեջրի տոնով` «Հոկտեմբերֆեստ»-ով, ինչպես նաև` ամառային երաժշտական փառատոնով և դիմակահանդեսով:

Ազգային խոհանոցը. Գերմանական ազգային խոհանոցը միասնական չէ. երկրի տարբեր մարզերում ազգային են   համարվում տարբեր ճաշատեսակները: Եթե Բեռլինում և Գերմանիայի հյուսիսում տիրում է խառը խոհարարական ոճը, ապա Բավարիան, Հեսսեն և Բադեն-Վյուրթեմբերգը մնում են «շվաբյան խոհանոցի» (Schwabische Kueche) օազիսներ, որի առավել հայտնի ուտեստներից են Մայլտաշենը (Maultaschen)` յուրօրինակ գերմանական խինկալիները, և Գայսբուրգեր Մարշը  (Gaisburger Marsch)`մսե ուտեստ: Գերմանական խոհանոցը շատերի մոտ ասոցացվում է երշիկեղենի հետ: Դրանք Գերմանիայում իրոք քիչ չեն: Սակայն պետք չէ մոռանալ «զաուերկրաուտի» (Sauerkraug)` թթու կաղամբի, համբուրգյան օձաձկան, բեռլինյան շնիցելի և խմորից պատրաստված քաղցրավենիքների`   «ֆայնբեկկերայի» մասին: Թանձր, սննդարար գերմանական աղցանները մի փոքր ծանր են ֆրանսիականից և պարունակում են շատ քացախ: Գերմանիայում տարածված է ինչպես գարեջուրը, այնպես էլ գինիները, հատկապես` սպիտակը, որը ոչնչով չի զիջում ֆրանսիականին: Գինեգործության ավանդական կենտրոնն է համարվում պատմական Ֆրանկոնիա տարածքը (ներկայիս Բավարիան): Շտուտգարտ մարզում է գտնվում Ուլբա գյուղը, որը հայտնի է «Տրալլինգեր» (Trollinger)  գինով:

Մեկնաբանություններ / կարծիքներ