Դիլիջան

Դիլիջան – դրախտային հանգստավայր Հայաստանում (Dilijan Resort in Armenia).
Dilijan (also Romanized as Dilizhan, Dilichan, Dilidjan, and Tilichan) is a spa town in Armenia, located in the northern Armenian province of Tavush. It is one of the most important resorts of Armenia, situated in Dilijan National Park. The forested and reclusive city is home to numerous Armenian artists, composers, and filmmakers and features some traditional Armenian architecture. The Sharambeyan street in the centre, has been preserved and maintained as an “old town,” complete with craftsman’s workshops, a gallery and a museum. Hiking, mountain biking, and picnicking are popular recreational activities. 15,600 by 2009. (from wikipedia). Learn More about Dilijan >

Դիլիջան. ընդհանուր տեղեկություններ, հյուրանոցներ, հանգստյան տներ, տնտեսություն և պատմություն
«Եթե դրախտում լինեին լեռներ, սարեր ու աղբյուրներ, ապա դրախտը կանվանվեր Դիլիջան»…

Dilijan city central areaԴիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում` Աղստև գետի հովտում: Քաղաքը տեղադրված է Աղստև գետի ափին, Հալաբի և Փանբակի լեռնաշղթաների միջլեռնային հովտում` ծովի մակարդակից 1100-1300մ բարձրության վրա:

Տարածքի կլիման բարեխառն լեռնային է, ցուրտ ձյունառատ ձմեռներով և տաք, համեմատաբար խոնավ ամառներով: Այստեղ հաճախակի են լինում մառախուղները: Հունվարյան միջին ջերմաստիճանը -2 է, հուլիսյանը` 18-20: Տարեկան տեղումները կազմում են 600-650մմ: Քաղաքի միջով հոսում է Աղստև գետը` Դիլիջան և Բլդան վտակներով: Դիլիջանի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է Հայաստանի արգելանոցներից մեկը` «Դիլիջանի ազգային պարկը»:

Հյուրանոցներ և հանգստյան տներ Դիլիջանում

Այստեղ կարող է տեղադրվել Ձեր գովազդը` ամբողջական ինֆորմացիայով: Գովազդի համար կապվեք մեզ հետ >



Ընդհանուր տեղեկություններ

Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն: Հանքային ջրերը ջրառատ աղբյուրների ձևով բխում են Բլդան գետի ձորում: Իր քիմիական բաղադրությամբ այն նման է «Բորժոմի» և ֆրանսիական «Վիշիի» հանքային աղբյուրներին: Աղբյուրներից երկուսը շշալցվում են հենց Դիլիջանում:

Parz Lich - DilijanՔաղաքի շրջակայքում են գտնվում տուրիստական նշանակություն ունեցող Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, Հաղարծինը, Գոշավանքը, Գոշi լիճը և այլն: Քաղաքի հյուսիսային մասում 1400 մ. բարձրության վրա է գտնվում Պարզ լիճը։ Այն ունի շուրջ 2 հա մակերես, լճի միջին խորությունը 8 մետր է։ Պարզ լճին հարող անտառապատ տարածքներում գործում են մի քանի հանգստյան տներ: Պարզ լճից դեպի արևելք, Գոշ գյուղից 3 կմ հեռավորության վրա, 1500 մ բարձրության վրա է գտնվում Գոշի (Տզլկա) լիճը։

Դիլիջան Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1100-1300 մետր բարձրության վրա` շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Հյուսիս-արևելյան մասերում նրան հարում են Բազումի, արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից՝ Փամբակի, արևելքից՝ Մուրղուզի և հարավ-արևելքից՝ Արեգունի անտառաշատ լեռները։

Կիրճի լեռնային զանգվածները ծածկված են հարուստ անտառներով, որոնք վերջանալով լեռնային կատարներին, փոխարինվում են ալպյան մարգագետիններով։ Դիլիջանը բարեկարգ ավտոմայրուղիներով կապված է մայրաքաղաք Երևանին (96 կմ), Վանաձորին և Տավուշի մարկենտրոն Իջևանին (35-40 կմ)։ 1986 թվականից նաև երկաթուղով կապված է Հանրապետության երկաթուղային ցանցին (Դիլիջան-Երևան հատվածը 144 կմ)։

Դիլիջան Ազգային Պարկի տարածքում խստիվ արգելվում է ձկնորսական, որսորդական և դեղագործական նպատակներով կենդանիների որսը։ Քաղաքն ունի էկոտուրիզմի զարգացման մեծ հնարավորույթուններ և արդեն որոշակի քայլեր են կատարվում դրանց իրականացման ուղղությամբ։

Քաղաքային տնտեսությունը և արդյունաբերությունը

Քաղաքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը հիմնականում սպասարկման ոլորտն է: Դիլիջանը, հանդիսանալով առողջարանային քաղաք, ունի մի շարք առողջարան-հանգստավայրեր: Դրանցից ամենախոշորը «Գորնայա Արմենիյա», որը Dilijan City - Armeniaկառուցվել է 1970-ական թթ: Դիլիջանում են գտնվում նաև կոմպոզիտորների միության, կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տները:

Քաղաքում զարգացած է մերձքաղաքային տնտեսությունը: Այստեղ զարագացած են այն ճյուղերը, որոնք ապահովում են բնակչությանը թարմ սննդամթերքով, պտուղ-բանջարեղենով: Ունի սննդի արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք զբաղվում են կաթնամթերքի, հանքային ջրերի արտադրությամբ: Կան նաև կահույքի, փայտամշակման, թեթև արդյունաբերության կոմբինատներ, սարքավորումների, գորգագործական արտադրություններ: Դիլիջանում 1949 թ.-ին կառուցվել է Դիլիջանի հիդրոէլեկտրակայանը:

Քաղաքի ընդհանուր բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետը իր վտակներով։
Այն սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիս արևմտյան լեռնալանջերից (2980 մ. բարձրությունից) և թափվում Քուռ գետը։ Գետի ընդհանուր երկարությունը 133 կմ է։ Տարեկան հոսքը կազմում է 256 մլն խոր. մետր։ Ձախակողմյան վտակներից են Բլդանը և Ղշտողանը, որոնք քաղաքի կենտրոնական մասում միանում են Աղստևին։ Թեղուտ գյուղի մոտակայքում նրան է միանում Հաղարծին վտակը, իսկ ներքին Գոշ գյուղի սկզբնամասում ամենամեծ վտակը՝ Գետիկը։

Դիլիջանի բնությունն ու կլիման

Իր բնակլիմայական պայմաններով Դիլիջանը եզակի բնակավայրերից է, որտեղ բնությունն ու բնապատկերը լրացուցիչ դրական ներգործություն են ունենում հիվանդների եւ հանգստացողների և տուրիստների վրա:

Dilijan autumnՏարածքի միջին բացարձակ բարձրությունը 1256 մետր է: Ռելիեֆը բարդ է: Աղստեւ գետի ողողահունը եւ դարավանդները հարթ են իսկ լանջերը թեք են կտրված հեղեղատներով: Տարածքի կլիման չափավոր տաք եւ խոնավ է: Դիլիջանը միջին լեռնային անտառային գոտու տիպիկ կլիմայական առողջավայր է, որի հիմնական բուժական գործոններն են միջին եւ բարձր լեռնային կլիման, բարենպաստ թթվածնային ռեժիմը, անկրկնելի լանդշաֆտային առանձնահատկությունները, բուժիչ հանքային ջրերի առկայությունը:

Դիլիջան առողջարանային քաղաքի բնական արժեքվոր հարստություններից է անտառը, որը կազմում է 34000 հեկտար տարածք։ Անտառի բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով 1958 թվականին կազմակերպել է պետարգելոց, որի բազայի վրա 2002 թվականին ստեղծվել է «Դիլիջան ազգային պարկը»։ Անտառային զանգվածը կազմում է ազգային պարկի տարածքի 94%-ը, անտառում աճում են շուրջ 40 տեսակի արժեքավոր ծառատեսակներ և 18 տեսակի թփեր։ Հիմնական անտառ կազմող ծառատեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին: Սաղարթավոր տերևաթափ ծառատեսակներից տարածված են նաև թխկու, կեչու, հացենու, ուռենու, լորենու, թեղու և այլ տեսակներ։

Aghstev River - ArmeniaԱսեղնատերև ծառատեսակներից կազմված անտառները պարկում գրավում են սահմանափակ տարածք։
Այստեղ աճում են երկարակյաց կենու 300-400 տարեկան ծառեր , որոնք ունեն մինչև 25 մետր բարձրություն և բնի 80-100 սմ տրամագիծ։ Երրորդական ժամանակշրջանից եկած այս ծառատեսակների պուրակներից մեկը, որը գտնվում է Գետիկի ավազանում ամենախոշորն է Անդրկովկասում։

Որպես բնափայտ հատկապես բարձր են գնահատվում կաղնու, հաճարենու և բոխու բնափայտը։
Պարկի տարածքում աճում են նաև վայրի մրգատուներ՝ տանձենի, խնձորենի, սալորենի։
Թփատեսակներից հադիպում են մորենի, տխլենի, իլենի, փշարմավ, մրտավարդ, հապալասենի, հաղարջենի, կակտոշենի, հասմիկ, սզի, զկեռ, մամուխ փշավոր, մոշենի, քարամոշ և այլն։ Ըստ օգտագործման նշանակության պարկի բուսատեսակներից հանդիպում են 123 սննդում օգտագործվող տեսակներ։ Աճում են շուրջ 180 դեղաբույսեր (անթառամը, դաղձը, ուրցը, մեղրածուծը, լոշտակը, մալտակը և այլն)։ Անտառում շատ են նաև սնկերի տեսակները, որոնց մեծ մասը օգտագործվում են մարդու սննդում։

Հարուստ է ազգային պարկի կենդանական աշխարհը։ Կաթնասուններից այստեղ հանդիպում են գորշ արջ, գայլ, կզաքիս, ջրասամույր, լուսան, անտառային կատու, պարսկական սկյուռ, անտառային քնամուկ, ոզնի, այծյամ, ազնվացեղ եղջերու, վայրի խոզ և այլն։

Անտառի բնորոշ թռչնատեսակներից են մարեհավը, լորը, գորշ կաքավը, կասպիական հնդկահավը, վայրի աղավնին, սպիտակագլուխ անգղը, գառնանգղը, թզուկ արծիվը, բերկուտը, բազեների բազմաթիվ տեսակներ։

Դիլիջանին բնորոշ է մեղմ, լեռնա-անտառային չափավոր զով ամառը, արևաշատ տաք ձմեռը: Ամբողջ տարվա ընթացքում չոր և տաք եղանակը պահպանվում է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +18 է, հունվարինը՝ 0 ից -2։ Օդի չորությունը առանձնապես արտահայտվում է ձմռան և գարնան ամիսներին։ Օդի հարաբերական խոնավությունը 70% է, տեղումների քանակը՝ 637 մմ, արևափայլի տևողությունը՝ 2091 ժամ։

Դիլիջանի տարածքում 19-րդ դարի 70-ական թվականներին կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ մարդը սկսել է ապրել ուշ բրոնզե և վաղ երկաթե դարերից (մթա 2-րդ հազարամյակի վերջ- 1-ին հազարամյակի սկիզբ)։

Զբոսաշրջություն Դիլիջանում. պատմամշակութային օբյեկտներ

HaghartsinՀաղարծինը (Haghartsin Monastery) 10-13-րդ դարերի միջնադարյան հանրահայտ վանքային համալիր է: Վանքը գտնվում է Դիլիջանից դեպի արևելք` 12 կմ հեռավորության վրա: Վանքը բաղկացած է 4 եկեղեցիներից, երկու մատուռներից, սեղանատնից, ժամատներից եւ խաչքարերից: Հաղարծնի սեղանատունը համարվում է նմանատիպ շինությունների մեջ բարձր ճարտարապետական արժեք ներկայացնող կառույց: Ներկայումս ավարտվում են Հաղարծնի վերանորոգման աշխատանքները:

Goshavank monastery, ArmeniaԳոշավանքը (Goshavank) գտնվում է Գոշ գյուղի կենտրոնական մասում` Դիլիջանից դեպի արեւելք 16 կմ հեռավորության վրա: Վանքն ընկած է Տանձուտ գետի գեղատեսիլ կանաչապատ կիրճում, ծովի մակերեւույթից 1230 մետր բարձրության վրա: Այն բաղկացած է 12-13-րդ դարերում կառուցված մի քանի եկեղեցական կառույցներից եւ սրբատեղիներից, որոնք ձեւավորել են հոյակապ ճարտարապետական համալիր: Վանքը ունեցել է գրապահոց, որը նմանատիպ շինության լավագույն նմուշներից է /1241-1291թթ/: Եկեղեցու մուտքի մոտ դրված է 1291թ. վարպետ Պողոսի կողմից պատրաստված հայտնի Ասեղնագործ խաչքարը:

MatosavankՄաթոսավանքը (Matosavank) գտնվում է Ջուխտակ վանքի դիմաց, Դիլիջանից 3.5 կմ դեպի արեւմուտք` Բլդան գետի աջ ափին: Վանական համալիրը բաղկացած է 3 ոչ մեծ շենքերից: Եկեղեցուց հարավ-արևելք կա միջնադարյան հայկական գերեզմանոց: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1205թ.:

Ջուխտակ վանքը (Jukhtak Vank) գտնվում է Դիլիջանից արեւմուտքJukhtak Vank 3 կմ հեռավորության վրա, Աղստեւ գետի 2 ոչ մեծ վտակների միջեւ, «Դիլիջան» հանքային ջրերի ակունքներից ոչ հեռու: Կառուցվել է 12 -13-րդ դարերում, կազմված է երկու եկեղեցիներից, որից եւ ստացել է անվանումը: Եկեղեցու մոտ պահպանված է միջնադարյան ոչ մեծ գերեզմանոց:

Դիլիջանի պատմությունը

Հնագույն դամբարանադաշտեր են հայտնաբերվել Դիլիջանի Ռեդկին լագերի, Խրտնանոցի և Պապանինոյի տեղամասերում։ Հայտնաբերված նյութերի մեծ մասը գտնվում են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Թբիլիսիի, Բաքվի և Երևանի թանգարաններում, մի մասն էլ` Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարանում։

Դիլիջանի հիմնադրման բուն տարեթիվը դեռևս հայտնի չէ և չկան դրա մասին գրավոր աղբյուրներ։ Ներկայիս Դիլիջանի տարածքը մտել է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ 4-րդ դարում՝ երբ Հայաստանը բաժանվել է Բյուզադիայի և Պարսկաստանի միջև, այդ հողերը (պատմական Հովք) մտել են Գուգարքի մարզի Ձորափոր գավառի մեջ և հանդիսացել են հայոց թագավորների հանգստավայր և արքայական որսատեղի։ Կապված պատմական իրադարձությունների հետ` քաղաքի տարածքի անվանումները և սահմանները մի քանի անգամ փոխվել են։ 8-րդ դարում այդ տարածքները մտել են Կայենի գավառի կազմի մեջ, իսկ ավելի ուշ` Կուստ-Արցախյան նահանգի մեջ։ 15-րդ դարից մինչև Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միավորումը՝ դրանք մտնում էին Գանձակի խանության մեջ։ Այնուհետև դրանք մտել են Ռուսական կայսրության Ելիզավետապոլի նահանգի մեջ։

1926-1976 թթ ընթացքում Դիլիջանի բնակչության թիվը աճել է մի քանի անգամ` 1976 թ-ին կազմելով 24.000 մարդ: Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, իսկ 19-րդ դարի 40-ական թթ այստեղ հաստատվել են Ռուսական Կայսրության մարզերից և ստեղծել գյուղական համայնքներ:

Որպես առողջարան, Դիլիջանին 1958թ. տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ: 1996 թ.-ից, որպես վարչական միավոր մտնում է ՀՀ Տավուշի մարզի մեջ: Բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի նախնական է, մոտավորապես` 18.000 մարդ:

Դիլիջան քաղաքի անվան ստուգաբանման վերաբերյալ կան մի շարք բանահյուսական վարկածներ։ Առկա է նաև պատմական վարկած, որով քաղաքի անվան բացատրությունը կապվում է համանուն իշխանի անվան հետ, սակայն այն ապացուցված չէ։ Առաջին անգամ գրավոր աղբյուրներում Դիլիջան անունը հիշատակվել է Ֆրանսիացի Ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրություններում՝ 1666 թ.-ին։ Ըստ 19-րդ դարի սկզբի պատմական աղբյուրների` Դիլիջանը Ղազախի գավառի 27 գյուղերից մեկն էր և ուներ 60 տուն բնակչություն։ Նաև հայտնի է, որ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին այստեղ վերաբնակվել են Իջևանի շրջանի Սևքար, Սարիգյուղ, և Աչաջուր գյուղերից, ինչպես նաև այժմյան Նոյեբերյանի շրջանի Կոթի գյուղից` կազմելով բնակավայրի հիմնական բնակչությունը։

Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, 5 հանրակրթական դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և ԲՈՒՀ-երի 2 մասնաճյուղեր: քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ:

Քաղաքը զբոսաշրջային և բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյանզբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս-Պրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ:

Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու պետական ծրագիրը:

Դիլիջան Համայնքի հիմնախնդիրներից են` մշակութային կոթողների վերանորոգումը, առողջարանների և հյուրանոցների վերանորոգումը և ամբողջ հզորությամբ վերագործարկումը: Կարևորվում է նաև ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, քաղաքի փողոցների լուսավորության խնդրի լուծումը, որոնք շատ կարևոր են զբոսաշրջության տեսանկյունից:

Տեքստային ինֆորմացիան վերցված է և ձևափոխված:Աղբյուրները` Wikipedia և Dilijan.am

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am ակտիվ հղումը պարտադիր է:

Տես նաև` Dilijan road-session photo-report by EnjoyArmenia.com >

Մեկնաբանություններ / կարծիքներ