Տուրիստական Խորվաթիա

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Խորվաթիան երկիր է վենետիկյան ոճի հեքիաթային «խաղալիք-տնակների», բազմերանգ ծաղկե գորգերի, գողտրիկ նավահանգիստների և լեռնային ափերի: Արևմտյան Եվրոպայի սահմանին գտնվող Խորվաթիան մշտապես եղել է արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների խաչմերուկում: Բացի այդ, ի տարբերություն հարավ-արևելյալ Եվրոպայի մի շարք երկրների, այստեղ պահպանվել են գեղեցիկ միջնադարյան և անտիկ շրջանի քաղաքներ:

56,5 քառ. կմ տարածքով Խորվաթիան գտնվում է Եվրոպայի հարավ-արևելյան մասում: Հյուսիսում սահմանակից է Սլովակիային և Հունգարիային, արևելքում և հարավում` Բոսնիա և Հերցեգովինային, հարավում ունի փոքր սահման Չերնոգորիայի հետ, իսկ արևելում` Սերբիայի: Արևմուտքում երկրի ափերն են ողողում Ադրիատիկ ծովի ջրերը:

Ժամային գոտի. Երևանից հետ են երեք ժամով:

Կլիման միջերկրյածովյան է, ինչի շնորհիվ էլ երկիրը սիրված հանգստավայր է արևմտաեվրոպացիների համար: Օդի միջին ջերմաստիճանն ամռանը 30-31°С է, ջրինը`  25-27°С:

Բնակչությունը կազմում է 4,535,054 մարդ (2001թ.):
Պետական լեզուն խորվաթերենն է, որը պատկանում է սլավոնական լեզվաընտանիքին: Շատերն այստեղ խոսում են նաև իտալերեն, գերմաներեն և անգլերեն:
Կրոնը. Կաթոլիկ` 76,5%, ուղղափառ`11,1%, մահմեդական` 1,2%, բողոքական`1,4%:
Դրամական միավորը կունան է` թղթադրամով, և լիպան` մետաղադրամով: Շրջանառության մեջ են 1000, 500, 100, 20, 10, 5 մեծությամբ թղթադրամները և 10, 20, 50 մետաղադրամային լիպաները:
Աշխատանքային ժամերը. Հիմնականում խանութները բաց են առավոտյան ութից մինչև երեկոյան ութը:

Տեսարժան վայրեր.

Խորվաթիայի ամենասիրված հանգստավայրերն են Դուբրովնիկը, Միջին Դալմացիան ու կղզիները, Իստրիա թերակղզին: Սրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները:
Երկրի հյուրանոցների մեծ մասը կենտրոնացած են Իստրիայում: Ամեն տարի այստեղ կառուցվում են տասնյակ նոր հյուրանոցներ, այդ պատճառով էլ դժվար է նման բազմազանության մեջ ընտրություն կատարել: Երեք-աստղանի հյուրանոցները լիովին համապատասխանում են միջազգային ստանդարտներին (Laguna Gran Vista 3*, Laguna Istra 3*, Laguna Galijot 3*, Parentium 3*, Sol Elite Koralj, Sol Aurora, Sol Umag, Melia Eden, Sol Club Istra,  Millenium, Ambassador). Իստրիայում ամենաշատն է զգացվում իտալական մշակույթի ազդեցությունը տեղական` սլավոնական մշակույթի վրա: Իստրիայի զինանշանը` խելացի այծը հաճախ համադրում են Վենետիկի զինանշանի` թևավոր առյուծի հետ: Գեղեցիկ ծովափը, բարձր սարերը, մշակույթի յուրահատուկ հուշարձանները Իստրիայի այցեքարտն են: Մոտակա Կվարներ ծոցի մոտ են գտնվում վենետիկյան ոճի գունավոր քաղաքները` ծաղկազարդ պուրակներով ու նավահանգիստներով:


Բնության գեղեցկությամբ հատկապես աչքի է ընկնում Միջին Դալմացիան` իր շրջակա կղզիներով: Լողափն այստեղ մանր խճաքարային է, իսկ տեղ-տեղ` ավազոտ: Սոճիներն աճում են ծովափից անմիջապես ոչ հեռու:

Խորվաթական մերձծովյա քաղաքներում պահպանվել են միջնադարյան ճարտարապետության բազմաթիվ նմուշներ: Նախ և առաջ դա վերաբերվում է հին խորվաթական տաճարներին, որոնք կառուցվել են առաջին անկախ խորվաթական հանրապետության ժամանակ` IX-XI  դդ.: Այս տաճարները կառուցված են տիպիկ հռոմեական ոճով:  Խորվաթական ճարտարապետությանը հատուկ է նաև գոթական Ռենեսանսի ոճը:

Երկրի մայրաքաղաքը Զագրեբն է` արևի ժամերով առաջնորդվող, դասականության ոճով կառուցված մի քաղաք, որտեղից երիտասարդները երեկոյան գնում են ծով, իսկ սրճարանատերերը հանում են աթոռակներն ու սեղանները, դնում մայթերին: Վերջիններս երկար դատարկ չեն մնում: Միջնադարում կառուցված այս քաղաքն ի սկզբանե երկու զույգ քաղաքներ է միավորել:

Անկասկած Խորվաթիան հայտնի է և սիրված իր կղզիներով, որոնցից իրենց շքեղ լողափերով աչքի են ընկնում Խվար և Բրաչ կղզիները: Արևոտ Խվարը խորվաթական ամենաերկար կղզին է`  68 կմ երկարությամբ: Հայտնի է իր բարենպաստ կլիմայով, Ադրիատիկ ծովի ամենաարևոտ կղզիներից է: Ցանկալի է այստեղ գալ մայիսին. և եղանակն է լավը, և գներն են ավելի մատչելի:
Բրաչ կզղին մեծությամբ երրորդ խորվաթական կզղին է` կրաքարի և ավազի կիլոմետրանոց շքեղ լողափերով: Այստեղի ամառային օդանավակայանը ընդունում է տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների: Շատ են սոճու անտառները, խաղողի այգիները և ձիթապտղի այգիները:

Այստեղի սպիտակ քարից են պատրաստվել Խորվաթական հայտնի մի շարք շենքեր, ինչպես նաև այն օգտագործվել է Սպիտակ Տան կառուցման ժամանակ:

Ավանդական խոհանոց.

Խորվաթիայում ներկայումս շատ տարածում են գտել ժամանակին մոռացված բուն խորվաթական խոհարարական ավանդույթները, կազմակերպվում են խոհարարական արվեստի փառատոններ` հնագույն բաղադրատոմերով: Որպես կանոն ռեստորաններում մատուցում են հասարակ սնունդ, հատկապես` խորոված ձուկ: Տարածված են փոքր ռեստորանները` գաստիոնները, որտեղ կարելի է համտեսել երկրին հատուկ կերակրատեսակներ` միս ու ձկով:
Սլաշչարնա է կոչվում սրճարանի տեսակը, ուր կարելի է համտեսել տարատեսակ պաղպաղակներ, բազմապիսի հատապտուղներով, հիանալի էսպրեսո սուրճ:

Խորվաթիայում գինեգործությունը դարավոր պատմություն ունի: Ամենուր կարելի է տեսնել գինու այգիներ: Արտադրվում են շուրջ 700 տեսակ գինիներ, որոնցից 76–ը համարվում են էլիտար: 


Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Comments are closed.