Մեծ Բրիտանիա (Միացյալ Թագավորություն)

Երկիրը` Մեծ Բրիտանիա, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Great Britain, United Kingdom of Great Britain and Northern Ireland

Բնակչությունը` 62.698.362 մարդ (2011 թվականի տվյալներով)

Ընդհանուր մակերեսը` 243.809 քառ. կմ

         

Մեծ բրիտանիայի մասին բոլոր տուրիստական նորությունները >
Լոնդոնի վերաբերյալ վերջին զբոսաշրջային նորությունները >
Շոտլանդիայի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >

Աշխարհագրական դիրքը. Մեծ Բրիտանիան գտնվում է Բրիտանական կղզիներում և Եվրոպա մայրցամաքից բաժանվում է Հյուսիսային ծովով, Պա դե Կալե և Լա Մանշ նեղուցներով: Մեկուսացված դիրքը իր ազդեցությունն է ունեցել Մեծ Բրիտանիայի պատմական զարգացման վրա: Նրա կազմի մեջ են մտնում  Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը` տեղակայված Մեծ Բրիտանիա կղզու վրա, և Հյուսիսային Իռլանդիան ` տեղակայված մեծությամբ երկրորդ Իռլանդիա կղզու հյուսիսային մասում: Վերոնշյալ երկու կղզիների մեջտեղում տեղակայված Մեն կղզին և Նորմանդյան կղզիները ստեղծել են առանձին վարչական միավոր:

Կառավարման համակարգը. Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը սահմանադրական միապետություն է: Հազարամյա պատմության ընթացքում (բացառությամբ 1649-1660 թթ., երբ երկիրը հանրապետություն էր հռչակվել) միապետը հետզհետե կորցրել է իշխանությունը: Ինչպես եւ սահմանադրական միապետության պայմաններում ցանկացած միապետ, Եղիսաբեթ II-ն էլ թագավորում է, սակայն չի կառավարում: Մեծ Բրիտանիայում միապետն իրավունք ունի խորհուրդներ տալ, հավանության արժանացնել որոշումներ, նախազգուշացնել: Թագուհին Գաղտնի խորհրդի անդամ է. խոհրդատվական այդ մարմնի կազմում են նրա ամուսինը` Էդինբուրգի արքայազնը, գահաժառանգը` Ուելսի արքայազնը, կառավարության անդամները, ընդդիմության առաջնորդները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է երկպալատ խորհրդարանին: Թագուհին պահպանել է խորհրդարան հրավիրելու եւ ցրելու, վարչապետ նշանակելու, պայմանագրեր ստորագրելու եւ պատերազմ հայտարարելու ձևական իրավունքը:

Կառավարության առաջարկով թագուհին նշանակում է գլխավոր զորահրամանատարներին, դատավորներին, անգլիկան եկեղեցու եպիսկոպոսներին, արքունական տիտղոս շնորհելու իրավունք ունի միայն թագուհին: Մեծ Բրիտանիային բնորոշ են միապետ-խորհրդարան յուրատեսակ հարաբերությունները: Յուրաքանչյուր օրինագիծ` բիլլ, օրենքի ուժ ստանալու համար օրենսդրի երկու պալատներում հաստատվելուց հետո պետք է թագուհու հավանությանն արժանանա, համապատասխան ձեւակերպումը պահպանվել է նորմանդական նվաճումների ժամանակներից, այն է. «La Reyne ainsi veult» (Այդպես է կամենում թագուհին): Խորհրդարանը կազմված է Լորդերի եւ Համայնքների պալատներից: Օրենսդրի գործունեության մեջ առաջատար է ստորին` Համայնքների պալատի դերը: Այն ընտրվում է 5 տարով, ունի 650 անդամ` մեկական ներկայացուցիչ երկրի յուրաքանչյուր 650 ընտրատարծքներից: Լորդերի պալատը կազմում են բարձրաստիճան հոգեւորականները` հոգեւոր 26 պերերը (Քենթրբերիի եւ Յորքսիարքեպիսկոպոսները, 24 եպիսկոպոսներ), Բարձրագույն վճռաբեկդատարանի 9 լորդեր, ազնվականության ներկայացուցիչներ` 818 ժառանգական պերեր (արքայազներ, մարկիզներ, կոմսեր, վիկոնտներ, բարոններ), ինչպես եւ 300 ցմահ պերեր, որոնք այդ կոչումը ստացել են հայրենիքի առջեւ վաստակի համար: 20-րդ դարում Լորդերի պալատի լիազորություններըզգալի սահմանափակվել են: Նրա հիմնական գործառույթը Համայնքների պալատի ներկայացրած օրինագծերի քննարկումն ու ուղղումներ կատարելն է: Լորդերի պալատն այժմ ունի վերապահված վետոյի` ստորին պալատում ընդունված օրինագծերի ընդունումը ժամանակավորապես հետաձգելու իրավունք, մինչդեռ մինչեւ 1949թ. այն իրավասու էր արգելափակել ցանկացած օրիագիծ: Մեծ Բրիտանիան չունի գրված սահմանադրություն: Ի տարբերություն մյուս երկրների հիմնական օրենքների, այն ձեւակերպված չէ մեկ փաստաթղթում, այլ հիմնված է բազմաթիվ օրենքների, ընդհանուր իրավունքի եւ սովորույթների վրա:

Վարչական բաժանումը. Միացյալ Թագավորությունը բաղկացած է 4 վարչա-քաղաքական (պատմակա-աշխարհագրական) միավորներից`

1. Անգլիա (England)` 39 կոմսություն, 6 քաղաքային կոմսություն և Մեծ Լոնդոն

2. Հյուսիսային Իռլանդիա (Northern Ireland)` 26 շրջան

3. Շոտլանդիա (Scotland)` 32 մարզ

4. Ուելս (Wales)` 9 կոմսություն, 3 քաղաք և 10 քաղաքային կոմսություն

Պետական լեզուն. Մեծ Բրիտանիայի պետական լեզուն անգլերենն է: Մեծ Բրիտանիայի կայսրության շնորհիվ անգլերեն լեզուն տարածվել  և դարձել է բիզնեսի և լայնորեն տարածված երկրորդ լեզուն ողջ աշխարհում:

Պետական կրոնը. Ամենատարածված կրոնը քրիստոնեությունն է (42.079.000 մարդ)`71.6 %, նրան հաջորդում են  իսլամը (1.591.000 մարդ)`  2.7 %,  հինդուիզմը (559.000 մարդ)` 1 %, բուդդիզմ (152.000 մարդ)` 0.3 % և այլն:

Դրամական միավորը. Մեծ Բրիտանիայի դրամական միավորը ֆունտ ստերլինգն է (GBP):  Մեծ Բրիտանիան մտնում է Եվրոպական Միության կազմի մեջ, սակայն` ոչ Եվրո գոտու: Մեկ ֆունտը հավասար է 100 պենսի: Տեղական մետաղադրամները, առանց «NEW» բառի, Բրիտանական կղզիներից դուրս չեն կիրառվում: Բացի Անգլիայի բանկից, ֆունտ ստերլինգ թողարկում են նաև ևս հինգ բանկերում` Շոտլանդիայի բանկում, երեք հյուսիսիռլանդական բանկերում և կղզու Ջերսի բանկում: Նրանցից յուրաքանչյուրը թողարկում է իր դրամը: Այդ պատճառով, եթե դուք առաջին անգամ եք տեսնում անգլիական ֆունտ, ձեզ հեշտությամբ կարող են տալ չփոխարկվող շոտլանդական ֆունտ: Ոչ ոք չէր պատկերացնի, որ փոքրիկ Շոտլանդիան կարող է ունենալ սեփական դրամական միավորը, որը կիրառելի է միայն Բրիտանական կղզիներում: Զբոսաշրջիկների համար պակաս հավանական է Ջերսի կղզու ֆունտին հանդիպելը:

Կլիման. Մեծ Բրիտանիայի կլիման բարեխառն է` տարեկան շատ տեղումներով: Ջերմաստիճանը փոփոխվում է ըստ եղանակի, սակայն հաճախ չի իջնում −11°C-ից և չի բարձրանում  35 °C-ից: Հիմնականում քամիները գալիս են հարավ-արևմուտքից և բերում են իրենց հետ Ատլանտյան օվկիանոսի խոնավ օդը, սակայն երկրի արևելյան մասը պահպանված է այդ քամիներից:

Մշակույթը.Միացյալ Թագավորության մշակույթը հարուստ է և բազմաբնույթ: Այն մեծապես ազդում է նաև համաշխարհային մշակույթի վրա: Մեծ Բրիտանիան մեծ կապեր ունի իր նախկին գաղութների հետ, հատկապես նայն պետությունների  հետ, որտեղ անգլերենը պետական լեզու է: Բրիտանական մշակույթի մեջ վերջին կես դարում  իրենց զգալի ներդրումն են ունեցել Հնդկաստանից և Կարիբյան կղզիներից ներգաղթայալները: Միացյալ թագավորության ձևավորման գործընթացի ժամանակ նրա կազմի մեջ են մտել նախկին խոշոր անկախ պետություններ, որոնք ունեն միմյանցից տարբերվող  հարուստ մշակույթ: Ազգային պարբերականներն են`  The Times, The Guardian, The Independent, The Daily Telegraph, The Observer, The Financial Times, The Daily Express, The Sun, The Daily Mirror, The People: Միացյալ Թագավորության թատրոններն են` Անգլիայում` Լոնդոնի Թագավորական Օպերային Թատրոնը (Royal Opera House), Լոնդոնի Կոլիզեյը  (London Coliseum), Ռոյալ Ալբերտ Հոլլը (Royal Albert Hall), Բարբիկան (Barbican Centre), Ուիգմոր Հոլլը(Wigmore Hall), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնը (Shakespeare’s Globe Theatre), Շոտլանդիայի` թագավորական թատրոնը (King’s Theatre), Էդինբուրգի փառատոնի թատրոնը  (Edinburgh Festival Theatre), Էդինբուրգի թատրոնը (Edinburgh Playhouse Theatre), Թագավորական Լիցեյի թատրոնը  (Royal Lyceum Theatre), Ուելսի` Քարդիֆի նոր թատրոնը (New Theatre Cardiff), Ուելսի ազգային օպերան  (Welsh National Opera Theatre), Հյուսիսային Իռլանդիայի` Օպերայի մեծ թատրոնը(Great Opera Theatre), Իռլանդիայի գրական թատրոնը (Irish Literature Teatre), Լիրիկայի թատրոնը (Liric Theatre), Արքայական թատրոնը  (Royal Theatre): Բրիտանական մշակույթի կարևորագույն մասն է կազմում գրականությունը: Այն իր ուրույն և նշանակալի դերն ունի համաշխարհային գրականության մեջ: Բրիտանական հայտնի գրողներն են Բայրոնը, Դիկենսը, Արթուր Կոնան Դոյլը, Շեքսպիրը, Ագաթա Քրիստին և այլն:

Քաղաքները.Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքներն են մայրաքաղաք Լոնդոնը, Բիրմինգհեմը, Գլազգոն, Բերֆասթը, Մանչեսթերը, Էդինբուրգը և Լիվերպուլը:

Լոնդոնը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, ինչպես նաև` Անգլիայի մայրաքաղաքն է: Քաղաքի տարածքը 1706.8 կմ²  է, բնակչությունը` ավելի քան 8 միլիոն մարդ: Բնակչության թվով այն 17-րդն է աշխարհում, 2-րդը` Եվրոպայում և առաջինը` Մեծ Բրիտանիայում: Լոնդոնը գտնվում է համանուն ավազանի կենտրոնական մասում՝ ծովի մակերևույթից 5 մ բարձրության վրա՝ Հյուսիսային ծովը թափվող Թեմզայի գետաբերանի ծոցում (էստուար):

Կլիման ծովային է. ձմեռը մեղմ է, ամառը՝ ոչ շոգ: Հաճախակի մառախուղների հետևանքով աղտոտված օդը քաղաքի վրա առաջացնում է ծխամշուշ (սմոգ): Արվարձանների հետ կազմում է առանձին վարչական միավոր՝ Մեծ Լոնդոնը, որը բաղկացած է քաղաքի 33 շրջանից և Սիթիից: Մեծ Լոնդոնի քաղաքների միավորումը (կոնուրբացիա) հատուկ վարչական միավոր է՝ մետրոպոլիտենի կոմսություն (գոտի): Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո բուն քաղաքի ծանրաբեռնվածությունը թուլացնելու նպատակով կառուցվել են 8 արբանյակ քաղաքներ (Բեզիլդոն, Բրեկնել, Կրոուլի, Ստիվենջ, Ուելին-Գարդեն-Սիթի, Հառլոու, Հատֆիլդ, Հեմել-Հեմպստեդ): Քաղաքը կառավարում է Մեծ Լոնդոնի համաքաղաքային (մունիցիպալ) խորհուրդը (100 ընտրովի խորհըրդականներ և մինչև 16 օլդերմեններ` ավագանու նշանակովի անդամներ): Լոնդոնը տնտեսական, քաղաքական, մշակութային խոշոր կենտրոն է: Նրա նավահանգստի բեռնաշրջանառությունը տարեկան ավելի քան 60 մլն տոննա է: Գործում են «Հիթրոու» և «Հաթուիկ»  միջազգային օդանավակայանները, աշխարհի հնագույն մետրոպոլիտենը (1863 թ-ից): Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես՝ ավիա- և ավտո-), էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային, սննդհամի, թղթի, պոլիգրաֆիական, քիմիական, կարի և այլ արդյունաբերություններ: Գործում են  բազմաթիվ համալսարաններ, տեխնիկական բուհեր,  Դրամատիկական արվեստի, երաժըշտության և պարի, Արվեստների թագավորական ակադեմիաները, Լոնդոնի թագավորական, Թագավորական աշխարհագրական ընկերությունները, Մեծ Բրիտանիայի թագավորական ինստիտուտը, ավելի քան 30 թանգարան՝ Բրիտանական, Գիտական, Ազգային ծովային, Բնապահպանական, Վիկտորիայի ու Ալբերտի և այլն, բազմաթիվ պատկերասրահներ՝ Ազգայինը, Թեյթը, Ուոլեսի հավաքածուն և այլն, մոտ 80 թատրոն՝ Ազգային, Թագավորական շեքսպիրյան, «Քովենթ Գարդեն» և այլն: Լոնդոնում են տեղի ունեցել IV և XIV Օլիմպիական խաղերը (1908, 1948 թթ.): Քաղաքի արվարձանում է աշխարհահռչակ Գրիվինչի աստղադիտարանը, որտեղից սկսվում է Երկրի օրվա ժամերի հաշվարկը: Մինչև հռոմեացիների կողմից Բրիտանիայի նվաճումը (40–60 թթ-ին) Լոնդոնի տարածքում հավանաբար գոյություն է ունեցել կելտական բնակավայր: Հռոմեական տիրապետության շրջանում Լոնդոնն սկզբում եղել է ռազմական ճամբար, ապա՝ գետային և ծովային նավահանգիստ, IV դարի կեսից այն դարձել է հռոմեական Բրիտանիայի, VII դարից՝ Անգլո-սաքսոնական թագավորության վարչաքաղաքական կենտրոն: XI դարի վերջին – XII դարի սկզբին քաղաքը դարձել է Անգլիայի, 1707 թ-ին՝ Մեծ Բրիտանիայի պաշտոնական մայրաքաղաքը: Ներկայիս բուն Լոնդոնի հիմնական շրջաններն են Սիթին, Վեստմինստերը, Վեստ Էնդը, Իստ Էնդը: Ժամանակակից քաղաքում պահպանվել են Թաուերի ամրոցը (XI դար), Վեստմինստերյան աբբայության գոթական եկեղեցին (XIII–XVIII դարեր)՝ Հենրիխ VIII-ի մատուռով (1503–19 թթ.), Հեպտոն Քորտ պալատը (1515 թ.), Սբ Պողոս եկեղեցին (1675–1710 թթ.) և պատմական այլ հուշարձաններ: Լոնդոնի Ուայթհոլ փողոցում  են կառավարական հիմնարկները, Դաունինգ Սիթիում՝ վարչապետի նստավայրը, Վեստմինստերյան պալատը՝ Խորհրդարանը` իր նշանավոր «Բիգ Բեն» («Մեծ Բեն») ժամացույցով: Քաղաքի ժամանակակից կառույցներից են Թագավորական համերգային դահլիճը, «Վիկկերս» ընկերության երկնաքերը, Արվեստի կենտրոնը, քաղաքապետարանը և այլ շինություններ:

Բիրմինգհեմը քաղաք է Մեծ Բրիտանիայի կենտրոնական մասում, Անգլիայի Ուեսթ Միդլենդս կոմսությունում: Քաղաքը համարվում է Ուեսթ Միդլենդս կոմսության կենտրոնը և երկրորդ քաղաքն է  բնակչության թվով Մեծ Բրիտանիայում (Լոնդոնից հետո): Բնակչությունը կազմում է 1 028 700 մարդ (2009թ.-ի մարդահամարի տվյալներով): Քաղաքի հայտնի բնակիչներից են եղել Արթուր Կոնան Դոյլը` գրող, ով երիտասարդ տարիքում աշխատել է Բիրմինգհեմում, Նիք Մեյսոնը` Pink Floyd խմբի թմբուկահարը, Ջոն Թոլքինը` գրող, ով մանկությունը և երիտասարդությունը անց են կացրել Բիրմինգհեմում, Նևիլ Չեմբերլենը, ով  1937 – 1940թթ. եղել է Անգլիայի վարչապետը: Քաղաքի ֆուտբոլային ակումբներն են Աստոն Վիլլան (Aston Villa Football Club)`  Անգլիայի ամենահին ֆուտբոլային ակումբներից մեկը, և Բիրմինգհեմ Սիթին (Birmingham City)` պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որն ունի երկար պատմություն, սկսած 1875թ-ից:

Գլազգոն  քաղաք է  Շոտլանդիայի արևմտյան մասում` Մեծ Բրիտանիայում: Շոտլանդիայի ամենախոշոր և Մեծ Բրիտանիայում տարածքով 3-րդ մեծ քաղաքն է: Քաղաքը գտնվում է Կլայդ գետի վրա, գետի ակունքից 32կմ հեռավորության վրա: Այն բաժանված է 21 վարչական միավորների, որոնցից երեք կամ չորս մարդ ընտրվում են քաղաքային խորհուրդում:

Բելֆասթը քաղաք է Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Իռլանդիա երկրամասում: Բելֆասթը Հյուսիսային Իռլանդիայի կենտրոնն է և գլխավոր նավահանգիստը: Քաղաքի բնակչությունը կազմում է 579 554 մարդ (2001թ.-ի տվյալներով): Հենց Բելֆասթից էր 1912թ. դուրս եկել հայտնի Տիտանիկ նավը:

Մանեսթերը Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող խոշոր քաղաք է և Մեծ Մանչեսթերի կոմսությունը: Բիրմինգհեմի, Լիդսի, Շեֆիլդոմի, Լիվերպուլի և Լոնդոնի հետ այն եղել է արդյունաբերական հեղափոխության խոշոր կենտրոններից մեկը: Ներկայումս Մանչեսթերը երկրի խոշոր մշակութային, արդյունաբերական, ֆինանսական, առևտրային և տրանսպորտային կենտրոնն է:  2007 թվականի տվյալներով` Մանչեսթերում ապրում է  458 100 մարդ: Քաղաքն ունի  հայտնի և մեծ հաջողություն վայելող ֆուտբոլային ակումբ:

Էդինբուրգը քաղաք է Շոտլանդիայում, Մեծ Բրիտանիայում: Էդինբուրգը Շոտլանդիայի վարչական կենտրոնն է և իր մեծությամբ 2-րդը Շոտլանդիայում: Քաղաքը գտնվում է Շոտլանդիայի արևելյան մասում, Ֆերտ օֆ Ֆորտ ծոցի ափին: Քաղաքը Շոտլանդիայի մայրաքաղաք է հանդիսանում 1483թ-ից:

Լիվերպուլ  քաղաք Մեծ Բրիտանիայում, գտնվում է Անգլիայի հյուսիս-արևմտյան մասում, Մերսի գետի ափին: Բնակչությունը կազմում է 441 477 մարդ: Մեծությամբ երրորդ քաղաքն է Անգլայում և չորրորդը Մեծ Բրիտանիայում: Լիվերպուլի ագլոմերացիայի ընդհանուր բնակչությունը անցնում է 800 000-ի սահամանը:

Մեծ Բրիտանիայի խորհրդանիշերը.  «Անգլիացիները ճամփորդում են ոչ թե այլ երկրներին ծանոթանալու, այլ արև տեսնելու համար»,- կատակում է Սեմյուել Բաթլերը:  Վատ եղանակն ու անգլիական նուրբ հումորը թերևս առաջինն են, ինչի հետ ասոցացվում է Մեծ Բրիտանիան նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր երբևէ չեն եղել այդ երկրում: Մշուշոտ Ալբիոնի այս առանձնահատկությունը տեղ է գտել նաև Միացյալ Թագավորության մշակույթի, սպորտի եւ ԶԼՄ-ների նախարարության կազմած երկրի խորհրդանիշների ցուցակում:  «Ամենաանգլիական» երևույթների այդ շարքում տեղ են գտել այնպիսի արտասովոր առարկաներ ու երևույթներ, ինչպիսիք են` «Օքսֆորդի անգլերեն բառարանը», անգլիական պինտան, Ուիլյամ Բլեյքի եւ Չառլզ Հուբերտի «Երուսաղեմ» երգը: Այնուամենայնիվ, ցուցակը գլխավորում է Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոս Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» մանկական վեպը, որի միջոցով անգլիական մշակույթը նաև այսօր շարունակում է ճանաչելի դառնալ աշխարհի շատ փոքրիկներին: Եվ, իհարկե, ինչ մանկություն առանց Ռոբին Հուդի արկածների: Բոլորի կողմից սիրված այս ավազակը անգլիական միջնադարյան ասքերի ու առասպելների գլխավոր հերոսն է: Անտառային ավազակի մասին առասպելը ծնվել է գարնանային վերածննդի ոգին ներկայացնող հին ժամանակաշրջանի կերպարներից, մինչդեռ նրա սիրեցյալ Մերիենը խորհրդանշում է Թագուհու գահակալությանը նվիրված մայիսյան տոնակատարությունները: Ռոբին Հուդի առասպելը ծնունդ է տվել զուտ անգլիական և մի երեւույթի, որ կոչվում է Morris dancing (Մորիսյան պար): Մայիսյան յուրաքանչյուր օր Անգլիայի գյուղական «փաբերի» (պանդոկների) առջև կարելի է տեսնել տարօրինակ հանդերձներով մարդկանց, ովքեր ցատկոտում են, թափահարում թաշկինակներն ու ցուպերը, կանչում զանգակներով… Գարնանամուտը տոնելու ժողովրդական այս ավանդույթը ձևավորվել է 15-րդ դարում, ժամանակակից անգլիացիներին այն հայտնի է դարձել 19-րդ դարի ժողովրդական երաժշտագետ Սեսիլ Շարփի շնորհիվ:
Ի դեպ, բրիտանական «փաբերի» մասին. մշուշոտ Ալբիոնի բնակիչները հայտնի են ինչպես թեյախմության, այնպես էլ գարեջրի հանդեպ իրենց մեծ սիրով: Իսկ գարեջուր ըմպելու ամենասիրված վայրը բրիտանացիների համար «փաբն» է: Անգլիայի քաղաքներում, ավաններում, գյուղերում շուրջ 60.000 նման հաստատություն կա: «Փաբի» ամբողջական անվանումը` English public house (անգլիական հասարակության  տուն), լավագույնս արտահայտում է այդ հաստատության էությունը, որտեղ անգլիացիները, հանգիստն անցկացնելուց զատ, հնարավորություն ունեն շփվել ընկերների, ծանոթների հետ, փոխանակել հետաքրքիր նորություններ, բինգո կամ պոկեր խաղալ:
Մեծ Բրիտանիայի ոչ պաշտոնական խորհրդանիշներից է նաև լոնդոնյան Clock Tower-ը` իր հայտնի Big Ben-ով, որով Թագավորությունը ճանաչելի է հատկապես օտարերկրացիներին: Big Ben-ի այս կարգավիճակը մեծ մասամբ լրատվամիջոցների աշխատանքի արդյունք է: Փորձելով ներկայացնել Միացյալ Թագավորությունը ոչ բրիտանաբնակ հանրությանը` հեռուստատեսության աշխատակիցները հաճախ ցուցադրում են Clock Tower-ը` առջևի պլանում կարմիր երկհարկանի ավտոբուսով կամ ձիակառքով: Լոնդոնում գրեթե 1000 ավտոբուսային ճանապարհ կա, որոնցով հիմնականում կարելի է երթևեկել Routemaster երկհարկանի ավտոբուսներով: Մայրաքաղաքի տեսարժան վայրերին կարելի է ծանոթանալ առանց տանիքի երկհարկանի ավտոբուսներով երթևեկելիս: Մայրաքաղաքը խորհրդանշող առարկաներից են նաեւ փոստարկղերն ու հեռախոսախցիկները, որոնց վրա պատկերված է միապետության խորհրդանիշ թագը` երբեմն միապետի անվանատառերով: Լոնդոնի փողոցներում այսօր էլ կարելի է հանդիպել VR (Victoria Regina – թագուհի Վիկտորիա) և  GR (Georgeus Rex – թագավոր Գեորգ) անվանատառերով փոստարկղերի: Հետաքրքիր է նաեւ Մեծ Բրիտանիայի պետական խորհրդանիշների պատմությունը: Թագավորության դրոշը, որը հայտնի է Union Jack (Միավորված Ջեք) կամ Union Flag (Միավորված դրոշ) անվանումներով, սբ. Գեորգի, սբ. Էնդրյուի եւ սբ. Պատրիկի դրոշների համադրության արդյունք է: Սբ. Գեորգի դրոշը կարմիր խաչ է սպիտակ ֆոնով, սբ. Էնդրյուինը` սպիտակ անկյունագծային խաչ` կապույտ ֆոնով, և սբ. Պատրիկինը` կարմիր անկյունագծային խաչ` սպիտակ ֆոնի վրա: Երբ 1603թ. Շոտլանդիայի Ջեյմս VI արքան Անգլիայում թագադրվեց Ջեյմս I անվամբ, երկու  թագավորությունները միավորեց նոր խորհրդանիշի ներքո, որը սբ. Գեորգի եւ սբ. Էնդրյուի դրոշների համադրությունն էր: Նավատորմն այն շուտով անվանեց The Union Jack (բրիտանացիները jack են անվանում նավի հետնամասում ծածանվող փոքրիկ դրոշակը), որը պետական այս խորհրդանիշի ոչ-ֆորմալ անվանումը դարձավ: 1801թ.` թագավորությանը Իռլանդիայի միավորումից հետո, Գեորգ III արքան նորացնում է դրոշի դիզայնը` այն հարստացնելով սբ. Պատրիկի Խաչով: Այսպիսով` Մեծ Բրիտանիայի պետական դրոշը խորհրդանշում է Անգլիայի, Շոտլանդիայի, Իռլանդիայի եւ Ուելսի միությունը (թեև վերջինի խորհրդանիշն այստեղ ներկայացված չէ, քանզի Ջեյմս I-ի կողմից այն գործածության մեջ մտցնելու պահին Ուելսն արդեն միավորված էր Անգլիային):  Որևէ երկրի կամ տարածքային միավորի դրոշի անկյունում Union Jack-ը հանդիպելիս կարող եք համոզված լինել, որ տարածքային այդ միավորը Բրիտանական Ընկերակցության անդամ է. այդպիսին են Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Կանադայի Օնթարիո, Մանիթոբա եւ Բրիտանական Կոլումբիա նահանգների դրոշները:  Union Jack-ը բրիտանական խորհրդանիշներից կարևորագույնն է համարվում: Դրոշի ճիշտ դիրքում սբ. Էնդրյուի խաչը կազմող սպիտակ անկյունագիծը սկսվում է դրոշափայտին կից վերին անկյունից: Հակառակ դիրքում, երբ սպիտակ լայն եզրագիծը ներքևում է, այն սովորաբար աղետ է ազդարարում: Նման դիրքում բիտանական դրոշը սովորաբար հանդիպում էր բաց ծովում կամ պատերազմի ժամանակ, երբ զինված ուժերը շրջափակման մեջ էին հայտնվում: Թագավորության միավորումը խորհրդանշում է նաև պետական զինանշանը, որի ձախ կողմում անգլիական Առյուծն է, աջում` շոտլանդական Միաեղջյուրը. վերջինը շղթայակապ է, քանի որ, ըստ միջնադարյան հավատալիքների, ազատ Միաեղջյուրը չափազանց վտանգավոր կենդանի է, որին կարող է սանձել միայն կույսը: Նրանց ձեռքերում է Թագավորությունը պաշտպանող վահանը: Զինանշանը եզրագծում են հետեւյալ նշանաբանները. Dieu et mon droit (Աստված և իմ իրավունքը) և Honi soit qui mal y pense (Չարիք նրան, ով չար է մտածում): Մեծ Բրիտանիայի ազգային հիմնը` «Աստված պահպանի Թագավորին (Թագուհուն)»  երգը, գրել է Թոմաս Ավգուստին Արնեն (1710-1778թթ.), այն առաջին անգամ հնչել է 1745թ.` Անգլիա Յակոբիտների ներխուժման ժամանակ: Փորձելով բրիտանական գահին վերականգնել Ստյուարտների շոտլանդական տոհմը` Յակոբիտների զորքը Չառլզ Էդուարդ Ստյուարտի գլխավորությամբ, որը հայտնի է նաև Արքայազն Չառլի կամ Երիտասարդ Հավակնորդ մականվամբ, 1745թ. ներխուժում է Անգլիա: Ապստամբներին հաջողվում է ջախջախել Գեորգ II-ի ուժերը Փրեստոնփենսի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Արքայազն Չառլին թագավոր է հռչակվում Փրիսթոնի հրապարակում եւ շուտով հասնում Դերբի: Յակոբիտների ներխուժումը սպառնալիք էր բրիտանական միապետությանը, ահա թե ինչու օրհներգի տեքստը հիշեցնում է աղոթք` ի բարօրություն միապետի: Ի վերջո, երկինքն արձագանքում է անգլիացիների աղոթքներին, և Յակոբիտները վերջնական պարտություն են կրում 1746թ. ապրիլի 17-ին Քելըդենի ճակատամարտում:

Ազգային առանձնահատկությունները. Բրիտանացիները շատ ավանդապաշտ ազգ են: Դա երևում է ոչ միայն քաղաքականությունում այլև նրանց առօրյա կյանքում: Նրանք միշտ պահում են իրենց չափի զգացումը: Իհարկե շատ ավանդույթներ պահպանվել են միայն ֆիլմերում և ավանդույթներում: Օրինակ այժմ խոզապուխտով ձվածեղը այնքան էլ տարածված չէ, քանի որ այն չի համարվում առողջ սնունդ: Չնայած դրան` Մեծ Բրիտանիայում շատերը անհանգստանում են, որ իրենց խոհանոց կարող են ներխուժել արտասահմանյան` ֆրանսիական, հնդկական, թայվանական և ասիական ուտեստները: Ըմպելիքների դեպքում իրավիճակը այլ է: Կաթով թեյը վաղուց համարվում է անգլիացիների ազգային ըմպելիքը: Նրանց անփոխարինելի «Ժամը հինգի թեյը»  (five-o’clock tea) ոչ այնքան նախատեսված է սնունդ ընդունելու, որքան հարազատների և ընկերների հետ շփվելու համար: Այս հայտնի անգլիական ավանդույթը տարածում է գտել Եվրոպայում և ԱՄՆ-ում: Ինչպես Եվրոպայում ամենուր, այնպես էլ Մեծ Բրիտանիայում խուսափեք կենդանիների բնական մորթուց բաճկոններ կրելուց: Ծխելն արգելվում է գրեթե ամենուր: Անգլիացիները մշտապես հետևում են ավանդույթներին հարսանեկան ծիսակատարությունների ժամանակ: Դրանցից շատերը այսօր էլ արդիական են: Անգլիացիների համար անչափ կարևոր է եղել հարսանյաց օրվա ընտրությունը: Մայիսը համարվում է անբարենպաստ ամուսնությունների համար: Հարսանյաց հանդեսների համար ամենահաջող օրը համարվում է չորեքշաբթին: Հարսանեկան գնացքի  ետևից ծաղիկներ  են նետվում: Գնացքի կազմում, բացի հարսնացուից և փեսայից, ընդգրկվում են նաև հարսնացուի ծնողները և «հարսնաքույրերը», փեսայի քույրերը, և «եղբայրները», նորապսակների բարեկամները: «Հարսնաքույրերի» զգեստների ձևավորմամբ, գույնի ընտրությամբ զբաղվում է հարսնացուն,  իսկ դրանց դիմաց վճարում է նրա մայրը:  Հարսնաքույրերից մեկը, որին վստահվում է հարսի ծաղկեփունջը,  համարվում էր գլխավորը: Եկեղեցում նա կանգնում է հարսի ետևում: Փեսայի «եղբայրը» սովորաբար մասնակցում է հարսանիքի կազմակերպմանը, եկեղեցում մատանիները հանձնում է փեսային:

Ազգային տոները. Բացի ավանդական (Ամանոր, Հելոուեն, Գարնանա տոնը) եւ կաթոլիկ տոներից (Սուրբ Ծնունդ, զատիկ, Սուրբ Վալենտինի, Հովհաննես Մկրտչի, Սուրբ Պատրիկի, Բոլոր սրբերի օրը ) բրիտանացիներն ունեն շատ ազգային տոներ:

Եղիսաբեթ II թագուհու ծննդյան օրը` ապրիլի 21-ին, մամուլը, ռադիո եւ հեռուստաընկերությունները շնորհավորում են նրան, սակայն հիմնական տոնակատարություններն ընթանում են հունիսի երկրորդ շաբաթ օրը, որը միապետի պաշտոնական ծննդյան օրն է համարվում: Այդ օրը թագուհու` Ուայթհոլի նստավայրում շքերթ է կազմակերպվում: Ավանդույթը ծնունդ է առել դեռևս 17-րդ դարում: Արարողության ընթացքում թագուհին զորքի տեսչություն է անցկացնում, ինչից հետո երկրի ազնվական վերնախավին հրավիրում է պարահանդեսի:

1605թ. նոյեմբերի 5-ին մի խումբ դավադիրներ փորձել են պայթեցնել խորհրդարանի շենքը, որտեղ ներկա պետք է լինեին նաև կառավարության անդամները, Ջեյմս I թագավորը, թագուհին եւ գահաժառանգը: Գայ Ֆոքսն ու նրա կողմնակիցները դժգոհ էին կաթոլիկների հանդեպ թագավորի վերաբերմունքից և հույս ունեին, որ կառավարության ու արքայական ընտանիքի անդամների սպանությունից հետո կկարողանան ստանձնել երկրի իշխանությունը: Դավադիրները վարձակալում են խորհրդարանի շենքի նկուղը, որտեղ խորհրդարանի նստաշրջանի բացումից առաջ Գայ Ֆոքսը վառոդի տակառներ է թաքցնում: Սակայն դավադրությունը չի հաջողվում: Ֆոքսի կողմնակիցներից մեկը կաթոլիկների ծրագրի մասին տեղեկացնում է իր ազգականներից մեկին` լորդ Մոնթիգլին, որպեսզի նա չներկայանա խորհրդարան այդ օրը: Վերջինս դավադրության մասին հայտնում է թագավորին: Շուտով Գայ Ֆոքսին ձերբակալում են: Շուրջ չորս հարյուրամյակ նոյեմբերի 5-ին բրիտանացիները խարույկներ են վառում` հիշատակելու խորհրդարանը պայթեցնելու անհաջող փորձը: Տոնից մի քանի օր առաջ Լոնդոնի փողոցներում կարելի է հանդիպել երեխաների`Գայ Ֆոքսի նմանությամբ արված խրտվիլակներով, որոնք գիշերն այրվում են խարույկում:
Հունիսի 22-ին բրիտանացիները նշում են Սուրբ Թոմաս Մորի` քաղաքական գործիչների եւ պետական պաշտոնյաների հովանավորի օրը: Թոմաս Մորը (1478-1535թթ.) զբաղեցրել է Անգլիայի լորդ-կանցլերի պաշտոնը Հենրիխ III թագավորի օրոք: Հրաժարվելով վերջինիս ճանաչել որպես նորաստեղծ Անգլիկանական եկեղեցու առաջնորդ` լորդ-կանցլերը թագավորի ցայրույթն է առաջացրել: Մորին մեղադրել են դավաճանության համար եւ գլխատել: 1935թ. նա սրբացվել է որպես հավատքի մարտիրոս` դառնալով սրբերի շարքը դասված առաջին քաղաքական գործիչը:

Ազգային խոհանոցը. Ազգային խոհանոցի առանձնահատկությունն այն է, որ չունեն սոուսներ: Համեմունքները ճաշատեսակներին ավելացնում են եփվելուց հետո: Առավել հայտնի է  Worcester-Sause-ը: Քանի որ բանջարեղենները պատրաստում են ջերմամշակմամբ, ապա պահպանվում է սննդի բոլոր վիտամինները և բնական համը: Միսը և ձուկը նույնպես ամբողջովին չեն եփում, նույնիսկ շատ հաճախ չեն էլ տապակվում: Սա  հիմք է տալիս մտածել, որ անգլիական խոհանոցը միապաղաղ, բայց վիտամիններով հարուստ է:  Ծովային մթերքի պատրաստման տեսանկյունից Անգլիան մրցակիցներ չունի: Անգլիայում է առաջացել հայտնի սենդվիչը, որը հայտնագործել է Սենդվիչի դուքսը: Նրա հիմնական բաղադրիչներն են ձուկը, երշիկը, հազարաթերթիկը, ձուն, պանիրը և այլն, և այս ամենը հացի երկու շերտերի մեջ: Անգլիայի գլխավոր ըմպելիքը թեյն է: Թեյ խմում են ընդմիջումներին, իսկ ճաշի հետ ըմպում են գարեջուր և մրգահյութեր: Ոչ ալկոհոլային խմիչքներից են  Squashes-ը և Lemonades-ը: Ծարավը հագեցնելու համար օգտագործում են Shandy-ն` գարեջրի և լիմոնադի խառնուրդ: Անգլիական գինիները համապատասխանում են եվրոպական ստանդարտներին:

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Մեծ բրիտանիայի մասին բոլոր տուրիստական նորությունները >
Լոնդոնի վերաբերյալ վերջին զբոսաշրջային նորությունները >
Շոտլանդիայի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >

Մեկնաբանություններ / կարծիքներ