Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա)

Երկիրը` Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն,  Brazil, República Federativa do Brasil

Մայրաքաղաքը` Բրազիլիա (պորտուգալերեն՝ Brasília): Գտնվում է Բրազիլական սարահարթի կենտրոնական մասում, ավելի քան 1000 մետր բարձրության վրա, արհեստական ջրամբարի ափին։ Կառուցվել է 1957-60-ին` հատուկ մայրաքաղաքի գործառույթների համար, և երկրի անունով կոչվել է Բրազիլիա։ Մայրաքաղաքը պաշտոնապես այստեղ է տեղափոխվել 1960-ի ապրիլի 21-ին։ Բնակչությունը` շուրջ 2.5 միլիոն մարդ: Քաղաքի նախագծման հեղինակն է ճարտարապետ Լ. Կոստան է: Քաղաքը կառուցված է ինքնաթիռի ձևով: «Ինքնաթիռի կմախք»-ի  կենտրոնը զբաղեցնում է Երեք իշխանությունների հրապարակը, որը նախագծվել է հանրահայտ ճարտարապետ Օսկար Նիմեյերայի կողմից: «Թևերը» բնակելի թաղամասերն են: Դրանցից յուրաքանչյուրը ունի  իր  առևտրի կենտրոնները, դպրոցները, ավտոկայանները, եկեղեցիները և այլն: «Առջևում»`գտնվում է կենտրոնից առանձնացված  Ավրորայի Պալատը, որն էլ հանդիսանում է նախագահի նստավայրը: Պալատի առջև լողավազանում թափթփված կանանց բրոնզե արձաններ են: Տեղաբնակները կատակում են, թե նրանք նախագահի աղջիկներն են, որոնք «պոկում են իրենց մազերը», որ ուրախ Ռիոյից ստիպված են տեղափոխվել ձանձրալի անապատ: Ճարտարապետական հանդուգն լուծումների շնորհիվ Բրազիլիան համարվում է դարի քաղաք: Նրա առանձնահատկությունը նրանում է, որ քաղաքի գլխավոր մագիստրալը բաժանված է երկու առանձին հոսքերի` ավտոմոբիլային և հետիոտնային: Բրազիլիայի բնակելի մասում երթևեկություն գրեթե չկա, ամբողջովին անսովոր լռություն է և մաքուր օդ:

Տես նաև Բրազիլիայի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >

Տարածքը` 8.514.877 քառ. կմ

Բնակչությունը` 192.572.039 մարդ (2010 թվականի տվյալներով)

         

Պետական լեզուն` պորտուգալերեն

Պետական կրոնը` քրիստոնեություն: Երկրի բնակչության 74 %-ը կաթոլիկներ են, որն էլ Բրազիլիան դարձնում է աշխարհի ամենամեծ կաթոլիկ երկրներից մեկը:


Աշխարհագրական դիրքը. 
Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային,Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը` 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։ Արդյունաբերությունը. Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև` ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։ Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։

Կառավարման համակարգը. Բրազիլիան նախագահական հանրապետություն է: Գործադիր իշխանության ղեկավարը նախագահն է:  Բարձրագույն օրենսդիր մարմինը Ազգային կոնգրեսն է, որը բաղկացած է երկու պալատից` Դաշնային Սենատ (81 տեղ) և Պատգամավորների Պալատ (513 տեղ): Բարձրագույն դատական մարմինը Գերագույն Դաշնային դատարանն է, որը գործում է  Բրազիլիայի Սահմանադրության համաձայն:

Վարչական բաժանումը. Բրազիլիայի Դաշնային հանրապետությունը բաղկացած է 22 նահանգներից, 4 դաշնային տարածքներից և մեկ դաշնային մայրաքաղաքային շրջանից:

Դրամական միավորը. Բրազիլիայի արտարժույթները հաջորդաբար եղել են բրազիլիական ռեյսը, բրազիլիական կրուզեյրոն, կրուզադոն և բրազիլիական ռեալը:

Կլիման. Բրազիլիային բնորոշ է շոգ եղանակը: Ամսեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-ից  29 °C: Միայն արևելյան բարձրադիր  շրջաններում հուլիսին ջերմաստիճանը կազմում է  12-ից  14 °C: Բայց տեղումների  հաճախակիությունը և կլիմայի տեսակները տարբեր են:

Մշակույթը. Բրազիլական մշակույթի հիմքում ընկած են տեղաբնիկ հնդկացիների, եվրոպական և աֆրիկյան մշակույթի տարրերը: Եվրոպացիներից բրազիլացիները ժառանգել են կիթառը, ֆլեյտան և դաշնամուրը, որին ավելացրել են եղեգը, կաշին, աֆրիկյան և տեղաբնիկ հնդկացիների berimbau-ն և ստացվել է հայտնի արֆա երաժշտական գործիքը: 17-րդ դարում Բահիայում բացվել է առաջին երաժշտական դպրոցը, որտեղ դասական և ժողովրդական երաժշտության միջոցով արտացոլվում էր Բրազիլիայի ավանդույթները: Մեկ այլ մշակույթ է իրենից ներկայացնում Բրազիլիայի ճարտարապետությունը, որը ներառում է բարոկկոյից  մինչև ժամանակակից ոճը: Բրազիլիայի արդի ճարտարապետության զարգացման մեջ իր մեծ ներդրումն ունի բրազիլացի հայտնի ճարտարապետ Օսկար Նիմեյերը, որի ժամանակակից շինություններն ու հուշարձանները սփռված են ողջ Բրազիլիայով: Բրազիլիայի մշակույթի վրա մեծ մասամբ ազդել է պորտուգալական մշակույթը, քանի որ ունեցել է խիստ գաղութային հարաբերություններ պորտուգալական կայսրության հետ: Ի թիվս այլ ժառանգությունների` պորտուգալացիներից նրանք վերցրել են լեզուն, ռոմանա-գերմանական իրավական համակարգը, ինչպես նաև` գաղութային ճարտարապետական ոճը: Բրազիլական մշակույթում իրենց ներդրումն են ունեցել նաև եվրոպացի  և ասիացի էմիգրանտները, ինչպես նաև` աֆրիկացի ստրուկները:  Այսպիսով Բրազիլիան պետություն է, որը ունի բազմաբնույթ էթնիկական տարրերով հագեցած  մշակույթ: Իտալացի, գերմանացի և այլ եվրոպացի էմիգրանտները ձուլվել են ընդհանուր բնակչությանը, և նրանց ազդեցությունը նկատվում է Բրազիլիայի և′ հարավ-արևելքում, և′ հարավում: Բրազիլական խոհանոցը կրել է հնդկացիական ցեղերի ազդեցությունը, աֆրիկացիներից նրանք վերցրել են պարերը, խոհանոցը, երաժշտությունը, կրոնը և լեզուն: 1950-ական թվականներին Antonio Carlos Jobim-ը, Vinicius de Moraes-ը, Baden Powell de Aquino-ն և Jo a o Gilberto-ն ստեղծեցին բրազիլական երաժշտության նոր ոճ, որն էլ աշխարհում մեծ ճանաչում ունեցավ հատկապես երիտասարդների շրջանում: Ողջ աշխարհին է հայտնի բրազիլական սամբա պարը, ինչպես նաև 1980-ականների հիթ դարձած «լամբադա» պարը, որը իրենից ներկայացնում էր բրազիլական և կարիբյան ռիթմերի խառնուրդ: Բրազիլական դիմակահանդեսը ամենամյա տոն է, որը սկսվում է սուրբ Զատիկից 40 օր առաջ և համարվում է մեծ Պահքի սկիզբը: Բրազիլական դիմակահանդեսը ունի հիանալի տարածաշրջանային առանձնահատկություններ: Պահքի ընթացքում կաթոլիկները զերծ են մնում բոլոր տեսակի ֆիզիկական հաճույքներից, ներառյալ մսի օգտագործումը: Այսպիսով, դիմակահանդեսը կարելի է համարել բոլոր տեսակի մարմնական մեղքերից ազատվելու զվարճալի միջոց: Այս տոնը սկզբից նախատեսված է եղել որպես վերջին հնարավորություն ուտել միս, ունենալ սեռական հարաբերություններ, իրականացնել արգելված գործողությունները և պարզապես վայելել կյանքը, չնայած յուրաքանչյուր ոք ունի հոգևոր նախապատրաստման իր սեփական անհատական մոտեցումը  Զատիկի տոնից առաջ: Դիմակահանդեսի ընթացքում, որը տևում է երկու և ավելի օրեր, թույլատրվում է անել բոլոր հնարավոր և անհնարին բաները, կարելի է մի քանի օրով փոխել առօրյադ: Այդ պատճառով է դիմակահանդեսի մասնակիցների գործողությունները օտարների մոտ արտասովոր երևում:

Քաղաքները և տեսարժան վայրերը. Բրազիլիայի խոշորագույն քաղաքներն են Սան Պաուլուն, Ռիո դե Ժանեյրոն, Սալվադորը, Բելու Օրիզոնտին, Ֆորտալեզան և Բրազիլիան:

Սան Պաուլուն  (պորտ. São Paulo)  գտնվում է Բրազիլիայի հարավ-արևելքում  և հանդիսանում է  համանուն նահանգի մայրաքաղաքը: Տեղակայված է Տիետե գետի հովտում` Ատլանտյան օվկիանոսից 70 կմ հեռավորության վրա: Քաղաքի տարածքը կազմում է 1523 քառ. կմ, բնակչությունը` 13.6 միլիոն մարդ (2011 թվականի տվյալներով): Քաղաքի ճարտարապետական կերպարը ստեղծված է ամենատարբեր ոճերի և ժամանակաշրջանների միաձուլումից:  Սան Պաուլուում պահպանվել են մի շարք հնագույն շենքեր, եկեղեցիներ և թանգարաններ: Միևնույն ժամանակ` Սան Պաուլուն հանդիսանում է ամենաժամանակակից քաղաքներից մեկը. նրա հիմնական մասը  ապակուց և մետաղներից կառուցված երկնաքերերն են: Նման համադրությունը անբնական տեսք չունի, ընդհակառակը` հնագույն եկեղեցիները ներդաշնակ նայվում են ժամանակակից շենքերի ֆոնին: Տենդային ռիթմ, ամենուր շինհրապարակներ և վերամբարձ կռունկներ, մեքենաների հոսք, մարդաշատ փողոցներ. ահա այսպիսին է այսօրվա Սան Պաուլուն: Զբոսաշրջային վայրերը այնքան էլ շատ չեն: Սակայն չպետք է անտեսել «Պակաեմբու» մարզադաշտը, որտեղ հաճախ ելույթ է ունեցել «ֆուտբոլի թագավորը»` «սև մարգարիտը»` Պելեն,  և  Արդարադատության գերժամանակակից պալատը: Բնության սիրահարների համար հետաքրքիր կլինի այցելել «Բուտանտան» այգին: Ինչպես ողջ Բրազիլիայում, այնպես էլ այստեղ կան կոլորիտային շուկաներ, իսկ քաղաքի փողոցներում հնարավոր է տեսնել թափառական վաճառականների, որոնք կառաջարկեն զվարճալի հուշանվերներ:

Ռիո դե Ժանեյրոն (պորտ. Rio de Janeiro) իր մեծությամբ Բրազիլիայի երկրորդ քաղաքն է Սան Պաուլուից հետո, համանուն նահանգի վարչական կենտրոնն է: 1764-ից 1960 թվականը եղել է Բրազիլիայի մայրաքաղաքը: Ունի կիսապաշտոնական «Զարմանահրաշ քաղաք» (պորտ. Cidade Maravilhosa) անվանումը: Զբոսաշրջիկներին առավել հայտնի են Կոպակաբան, Իպանեմա և Լեբլոն թաղամասները: Ռիոյի այս թաղամասերը ընդգրկում են բազմակիլոմետրանոց լողափերը: Կոպակաբան   ամենահայտնի և ժողովրդականություն վայելող լողափն է: Այստեղ  գիշեր թե ցերեկ կյանքը եռում է: Գիշերային ակումբներում արևայրուք ընդունած երկարաոտ  գեղեցկուհիները գրավում են իրենց պարերով: Որպես զովացուցիչ ըմպելիք այստեղ կառաջարկեն կայպերինյոն` բաղկացած մանր կտրատած կիտրոնից, ազգային կաշասի օղուց, շատ քիչ քանակությամբ շաքարավազից և ջրից: Սակայն զբոսաշրջիկները հաճախ նախընտրում են  ավելի մաքուր Իպանեման կամ  հանգիստ ու շքեղ Լեբլոնը: Քաղաքի այցեքարտը Քրիստոսի հսկա քարե արձանն է, որը տեղադրված է Ռիոյի ամենաբարձր վայրում` Կորկովադոյում: Ձեռքերը լայն բացած Քրիստոսի արձանը կարծես թե օրհնում և պաշտպանում է քաղաքը: Երկնքի և ջրի անհավանական կապույտը, արևի լույսը, կանաչով պատված լեռները, փրփրաբաշ ալիքները և երկնաքերերը ստիպում են չհավատալ բնապատկերի ճշմարտացիությանը:
Թվում է` կբացես  աչքերդ  և  հիանալի  պատկերը կկորի, ինչպես անապատային պատրանքը: Կարելի է հանգստանալ և թարմանալ  յուրօրինակ  ռեստորանում` շուրաշկարում` հասարակական սնդի ավանդական վայրում: Այստեղ ամեն ինչ  յուրահատուկ է` ճաշատեսակները, դրանց պատրաստման և նույնիսկ ուտելու ձևը: Սկզբից առաջարկում են «շվեդական սեղան»` բոլոր հնարավոր համեղ աղցաններով: Աղցաններին հետևում է միսը: Ձեր առջև դնում են դատարկ ափսե և սկսում են բերել մեծ շամփուրներ` ոչխարի,  խոզի մսով,  թռչնամսով,  նրբերշիկով: Շամփուրի վրայից միսը սկսում են կտրել  այնքան ժամանակ, մինչև  ինքներդ  չասեք` բավական  է: Կերածի չափը գնի վրա չի ազդում, բոլորը վճարում են հավասարաչափ, ընդ որում` ոչ այնքան շատ: Ռիոյից երեք ժամ հեռավորության վրա գտնվում է Բուզիոս առողջարանային քաղաքը: Տեղին ծանոթ մարդիկ վստահեցնում են` դրախտային վայր: Գեղատեսիլ օվկիանոսի երկայնքով ձգվում է տասնյակ հյուրանոցներ, որտեղ օդորակիչներով հարմարավետ համարներում կարելի է թաքնվել կիզիչ արևից և անտանելի շոգից: Հարմարավետ տնակները, ավազոտ լողափերը, վայրի բնությամբ լեռնալանջերը, զբոսանավերը, արմավները և ձմերուկները, մարակուայից պատրաստված զարմանալի կոկտեյլը գործում է որպես հանգստացնող լավագույն միջոց: Իհարկե Ռիոյում կան նաև թաղամասներ, որտեղ տիրում է աղքատությունը: Ոմանք դժվարությամբ են հացի գումար վաստակում: Ռիոն բազմադեմ է` ինչպես բոլոր մեծ քաղաքները:

Սալվադորը (Բահիյա) (պորտ. Salvador — Փրկիչ, ամբողջական անվանումը Սան Սալվադոր դա Բահիյա դի Թոդուշ ուշ Սանտուշ ) Բրազիլիայի քաղաքներից է, Բահիյա նահանգի մայրաքաղաքը: Հիմնադրվել է 1549 թվականին: Մինչև 1763 թվականը եղել է Բրազիլիայի մայրաքաղաքը: Տարածքը կազմում է  706.799  քառ. կմ, իսկ  2007  թվականի տվյալներով բնակչությունը կազմում է  2.892.625 մարդ: Քաղաքը տեղակայված է երկու մակարդակներում` «Ստորին քաղաք»-ը գտնվում է ծովի մակարդակին հավասար և համարվում է Սալվադորի առևտրային կենտրոնը, որտեղ ավանդական սպիտակ զգեստներով վաճառողուհիները վաճառում են  կոկոսից պատրաստված քաղցրավենիքներ: «Վերին քաղաքում» տեղակայված են պետական հիմնարկները` կառուցված գաղութային ոճով, թանգարանները, եկեղեցիները և ժամանակակից ճարտարպետությամբ կառույցները: Սալվադորը բրազիլիական կապոեյրա պարի զարգացման պատմական կենտրոններից մեկն է:

Բելու Օրիզոնտին (պորտ.  Belo Horizonte) Բրազիլիայի հարավարևելյան Մինաս Ժերայս նահանգի մայրաքաղաքն է: Անվանումը թարգմանվում է «Գեղեցիկ հորիզոն»:  Այն համարվում է Բրազիլիայի առաջին նախագծված քաղաքը: Բնակչությունը 2007 թվականի տվյալներով կազմում է  2.412.937  մարդ, տարածքը` 330.954 քառ. կմ: Բելու Օրիզոնտիում է կազմավորվել բրազիլական հայտնի Jota Quest, Overdose, Sepultura և  Soulfly ռոք խմբերը:

Ֆորտալեզան (պորտ.  Fortaleza — ամրոց) Սեարա նահանգի մայրաքաղաքն է: Իր մեծությամբ Բրազիլիայի հինգերորդ քաղաքն է: 2007  թվականի տվյալներով բնակչությունը կազմում է  2.431.415 մարդ, իսկ տարածքը` 313.140 քառ. կմ:

Ազգային տոները.  Հունվարի 1` Ամանորը

Հունվարի 20` Ռիո դե Ժանեյրոյի հիմնադրման օրը

Դիմակահանդեսը Ռիո դե Ժանեյրոյում. սկսվում է  Մոխրի չորեքշաբթիի նախորդ ուրբաթ օրը

Ապրիլին` Սուրբ Շաբաթ

Ապրիլի 21` Տիրադենտիսի օր` Ինկոդիֆիտենտների դավադրության կազմակերպիչներից մեկի մահվան օրը

Մայիսի 1` Աշխատանքի օրը

Հունիսի 9-ը` Բրազիլիայի Ժոզե դի Անշիետի առաքյալի օրը

Սեպտեմբերի 7` Անկախության օրը

Հոկտեմբերի 12` Տիրամոր հայտնության օրը

Նոյեմբերի 2` Հանգուցյալների հիշատակման օրը

Նոյեմբերի 15` Հանրապետության հռչակման օրը

Դեկտեմբերի 25` Սուրբ Ծնունդը

Ազգային առանձնահատկությունները. Առաջին հերթին ազգությունը պահանջում է նրանցից լինել զգայուն, ջերմ և նրբանկատ: Նրանց չպետք է մերժել, քանի որ դրանից հետո նրանք կարող են ողջ կյանքում նեղացած մնալ: Եթե ձեր նոր բրազիլացի ընկերը առաջարկում է իր հետ գնալ սրճարան կամ ռեստորան փոքր ինչ նստելու, ապա անկախ նրանից  թե դուք շտապում եք կամ այլ գործեր ունեք, եթե դուք չմնացիք  նրա հետ, ապա  նկատի ունեցեք, որ կորցրեցիք ձեր նոր բրազիլացի ընկերոջը: Ինքնագնահատականը նրանց մոտ բացակայում է, հնարավոր է դա ստրկատիրական հասարակարգից է եկել, քանի որ ստրկությունը նրանց մոտից վերացել  է ընդամենը 100 տարի առաջ: Փետրվարի վերջին  բրազիլացիների մոտ  սկսվում է ջերմ դիմակահանդեսը:

Օգտակար խորհուրդներ. Այն զբոսաշրջիկները, ովքեր առաջին անգամ են այցելում Բրազիլիա պետք է նախօրոք իմանան, որ այն գտնվում է աշխարհի քրեական երկրների տասնյակում: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում չքայլել փողոցներով ուշ գիշերով, իսկ քաղաքի որոշ հատվածներում` անգամ ցերեկով: Ցանկալի չէ  այստեղ կրել թանկարժեք զարդեր, ունենալ լուսանկարչական ապարատ և տեսախցիկ, բջջային հեռախոս և մեծ գումարով դրամապանակ: Իսկ լողափում խորհուրդ չի տրվում անձնական իրերը և դրամապանակը մատնել անուշադրության, դե իսկ անծանոթ մարդկանցից հրավերներ չընդունել: Ի դեպ հյուրանոցները պատասխանատվություն չեն կրում համարում կորած գումարի, թանկարժեք իրերի և այլնի համար, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում փաստաթղթերը, զարդերը և գումարը այլ տեղ պահել: Որոշ չափով ապահով ու հանգիստ վայրեր են Ռիո դե Ժանեյրոյի առողջարանային արվարձանները` Մանաուսը և Իգուասու ջրվեժը: Բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են շատ վայրեր տեսնել և վստահ են, որ առանց ավտոմեքենայի դա անհնարին է: Ավտոմեքենաների վարձակալման խոշոր ընկերություններ են Avis-ը, National-ը և Helts-ը, որոնք տեղակայված են օդանավակայաններում և խոշոր քաղաքներում: Ավտոմեքենա վարձակալել կարող է  յուրաքանչյուր զբոսաշրջիկ, միայն թե պետք է իրենց հետ ունենան միջազգային ստանդարտներին համապատասխան երթևեկության իրավունքի փաստաթուղթ և կրեդիտ քարտ: Այնուամենայնիվ, ավելի լավ է առանց այդ տրանսպորտային միջոցի: Քանի որ շատ տեղացի վարորդներ այնքան էլ կարգապահ չեն, իսկ ճանապարհային երթևեկության կանոների խախտման տուգանքը այստեղ տիեզերական թվերի է հասնում:

Ազգային խոհանոցը. Բրազիլիայի խոհանոցը  Հարավային Ամերիկայում համարվում է լավագույններից մեկը: Այստեղ առկա են և հնդկական աբորիգենների կծու ուտեստները և պորտուգալական ու ֆրանսիական  նրբահամ ուտեստները: Առհասարակ, Բրազիլիայի խոհանոցը կազմված է երեք խոհանոցներից` հնդկացիների, պորտուգալական և աֆրիկյան: Բայց, այնուամենայնիվ, բնութագրել բրազիլական խոհանոցը ամբողջովին հնարավոր չէ: Տարբերվում են նույնիսկ առանձին նահանգների  ուտեստները: Օրինակ, Բրազիլիայի հյուսիսում պատրաստում են տակակո նո տուկուպի` սոուսով մակարոն` չորացրած ծովախեցգետնով ու ջամբոյով և ջրային կոտեմի նման բույսով, որը «կտրում է լեզուդ»: Ինչպես նաև` մունգուզու`  կոկոսի քերուկով եգիպտացորենի հացահատիկ և այլն: Հյուսիս-արևելքում հայտնի են այլ ուտեստներ` կարնե դե սոլ` արևի տակ չորացրած միս, որը պահվում է երկար ժամանակ, կոկոսի կաթով օմար և այլն: Բրազիլիայում միսը պատրաստում են ձիթայուղով: Այն ավելացնում են նաև աղցաններին: Բրազիլիայի ազգային ուտեստները կծու են և աղի. դա նորմալ է տաք կլիմայի համար: Սակայն առանձնացնենք Բրիզիլիայի համար մեկ ուտեստ: Դա ֆեյժոադան է: Այն պատրաստում են լոբուց, մսերի տարբեր տեսակներից, համեմունքներից, մանիոկի ալյուրից, մատուցում են կաղամբով, նարնջի շերտերով, կծու սոուսով և բրնձով: Այս ազգային ուտեստը ունի իր պատմությունը. այն 300 տարի առաջ ստեղծել են ստրուկները: Նրանք տերերի ընթրիքից մնացած խոզի մսի կտորները  խառնում էին լոբու հետ  և ուտում: ժամանակի հետ ուտեստը փոփոխությունների է ենթարկվել: Պրտուգալացիները ավելացրել են նրբերշիկն ու երշիկը, հնդկացիները` ֆարոֆու  (մանիոկի ալյուրի և կարագի խառնուրդ): Ֆեյժոադեի հետ միշտ մատուցվում է  ազգային` կայպերինյո ըմպելիքը` օղու, կիտրոնի և շաքարավազի խառնուրդ:

Սուրճը դարձել է Բրազիլիայի հյուրասիրության սիմվոլը: Իսկական բրազիլիացին ամեն օր խմում է 30 բաժակ սուրճ: Դրա պատրատումը իրական արարողություն է: Այն սկսվում է մաքուր սպասքից, թարմ ջրից, ճշգրիտ չափսերից և իսկական բրազիլացին թույլ չի տա, որ սուրճը եռա:

 Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Տես նաև Բրազիլիայի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >

Մեկնաբանություններ / կարծիքներ