Բերձոր, Քաշաթաղի շրջան

Քաշաթաղի շրջան, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ)

Շրջանային կենտրոնը` քաղաք Բերձոր (նախկին սովետական անվանումը` Լաչին), բնակչությունը` 3000 մարդ: Քաղաքային բնակավայրեր` Կովսական և Միջնավան (ընկած են Քաշաթաղի շրջանի հարավային մասում):

Քաշաթաղի շրջանը ամենամեծն է Արցախում, և տարածությամբ մոտավորապես հավասար է ՀՀ Սյունիքի մարզին:

Տես Քաշաթաղի մասին նաև kashatagh.com կայքում

Հակարի գետի և նրա վտակների անտառապատ ու գողտրիկ հովիտներում շատ վաղուց հայն է ապրել, ու յուրաքանչյուր սերունդ իր հետքն է թողել հարազատ ոստանում: Այսօրվա Քաշաթաղի շրջանը սփռված է պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ նահանհգների մի քանի գավառների տարածքում` ձգվելով Սյունիքի բարձրավանդակից մինչև Արաքս:

Քաշաթաղի էջը Facebook սոցիալական ցանցում

Շրջանի հյուսիսային մասը, որ տարածված է Հակարի (Հագարի-Հագարու) գետի Շալուա, Հոչանց, Աղավնո (Ծիծեռնավանուց- Աղողլան-Զաբուխչայ), Հոչանց վտակների և օժանդակ գետակների ավազաններում, համընկնում է Սյունիքի Աղահեճք (ըստ «Աշխարհացույցի» Աղահեջ, ըստ Ստ. Օրբելյանի` Աղահեճ) և Արցախի Վայկունիք, Բերձոր գավառների տարածքին:

Միջին հարթավայրային մասն ընկած է Հակարիի և նրա ներքին վտակ Որոտանի հովիտներում` համապատասխանելով Սյունյաց աշխարհի Քաշունիք (Բարկուշատ-Բաղք) 9-րդ գավառին, որը հիշատակվում է նաև Աճեն-Աճան անուններով:

Tsitsernavank village - Kashatagh region
Ծիծեռնավանք գյուղի ջերմոցները

Ստորին մասն ընկած է արաքսի ափամերձ սարահարթերում և նրա Ողջի ու Ծավ վտակների հովիտներում: Պատմական ժամանակներում այս տարածքները Սյունիքի Կովսական գավառի մեջ էին մտնում: Կովսականը ըստ Օրբելյանի` Սյունիքի 8-րդ գավառն է, ըստ «Աշխարհացույցի»` 12-րդը` վերջինը: Մինչև 13-րդ դարը Կովսականում կանգուն և հայտնի է եղել Գրհամ բերդը` Ողջիի ձախ ափին:

Նշված տարածքներում մինչև 18-րդ դարի 2-րդ կեսը հայն է ապրել, արարել` կառուցելով բերդ ու ամրոց` թշնամուն դիմակայելու համար, կերտելով վանք ու մատուռ, նախշազարդ խաչքար, կամարակապ քարակերտ կամուրջներ, հիմնելով դպրոց ու եկեղեցի: դարերի ընթացքում բազում ասպատակողներ են անցել հայոց նաև այս երկրամասով, սակայն մեր նախնիները հեռոսաբար դիմակայել ու մնացել են իրենց հողին տեր: Եկավ, ցավոք, նաև պարտության, հայրենի տունն ու հողը թշնաուն թողելու ժամանակը: Եվ  շուրջ 2 դար ու կես մեր տունը դարձավ անջրպետ` Արցախն ու Ուտիքը բաժանելով մայր հայրենիքից:

1992թվականի մայիսի 18-ին Շուշին ու Բերդաձորը ազատագրելուց հետո հայ ազատամարտիկները ազատեցին նաև Լաչինի համանուն շրջկենտրոնը: Գերությունից ազատվեցին նաև մեր պապերի թողած պատմական հուշարձանները, և եղավ հնարավորություն նրանց հետ զրուցելու:

Մելիքատուն հյուրանոցը - Melikatoun Hotel in Kashatagh
Մելիքատուն հյուրանոցը - Melikatoun Hotel in Kashatagh

Դրանք հիմնականում պահպանվել են քաշաթաղի հյուսիսային հովիտներում` Շալուա, Հոչանց, Աղավնո գետերի հովիտներում (նախկին Լաչինի շրջան), հարավ-արևմուտքում` Որոտանի ափերին և ափամերձ սարալանջերին (նախկին սովետական Կուբաթլուի շրջան) և Ծավ գետի հովտում: Հուշարձանների ուսումնասիրման գործում մեծ դեր է կատարել Սամվել Կարապետյանը («Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում»): Անուրանալի է նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի դերը տարածքի հուշարձանների վերականգնման, ուսումնասիրման գործում:

Այժմ Քաշաթաղի շրջանում պահպանվել են մոտ 3 տասնյակ վանքեր ու եկեղեցիներ` կանգուն, կիսավեր, կործանված, բազում տապանաքարեր, խաչքարեր` հայատառ արձանագրություններով, նախշազարդ, հետաքրքիր պատկերներով, քարե կամարակապ կամուրջներ, բերդերի հետքեր, ճգնարան-քարանձավներ (անապատներ):

Ծիծեռնավանք
Ծիծեռնավանք

Վանքերից շատ հայտնի է Ծիծեռնավանքը, որ հիմնվել է 4-րդ դարում, վերականգնվել մի քանի անգամ տարբեր դարերում և վերջնական ու հիմնովին վերակառուցվել ազատագրումից հետո: Լավ են պահպանվել նաև 17-րդ դարում կառուցված մի շարք եկեղեցիներ` Հակի Սուրբ Մինաս, Միրիկի Սուրբ Աստվածածին, Հոչանցի Սուրբ Ստեփանոս, Հերիկի Սուրբ Գևորգ, Շալուայի, Սթունիսի, Արախիշի, Մազրայի սրբավայրերը:

Բերձոր քաղաքի մուտքը զարդարում է նորակառույց Սուրբ Համբարձման եկեղեցին, որի հիմքը դրվեց 1996 թ. Ա. Հակոբյանի նախաձեռնությամբ, կառուցումը տևեց2 տարի, և 1998թ. մայիսի 31-ին օծվեց: Եկեղեցում Քաշաթաղի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետի գլխավորությամբ ամեն օր ժամերգություն է հնչում: Շրջանում կան նաև կիսաքանդ ու ավերման շեմին հասած եկեղեցիներ, որոնք օգնություն են աղերսում: Աղավնո գետի ձախափնյա սարալանջին` ափից մոտ 2 կմ հեռու, կիսավեր վիճակում կանգուն է Վարազգոմի բացառիկ հորինվածքով եկեղեցու կմախքը:

Գետի աջ ափից մոտ 1 կմ հեռու` բարձր ժայռի վրա, որի տակ քարանձավներ են, թառել է 12-13-րդ դարերում կառուցված Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին:

Աղբրաձորի վանքը (9-11-րդ դդ.)
Աղբրաձորի վանքը (9-11-րդ դդ.)

Բերձորից մոտ 60 կմ հյուսիս ընկած Արախիշ գյուղում դարձյալ կիսակործան կանգուն է 12-13-րդ դարերի մի հուշարձան` կամարակապ եկեղեցի, որը պայթեցվել է 1983թ.: Նման և ավելի վատթար վիճակում են Հարարի (16-17-րդ դդ.), Վակունիսի եկեղեցիները, Կաթոսավանքը (9-11-րդ դդ.), Աղբրաձորի վանքը (9-11-րդ դդ.)` մոտակայքում ընդարձակ գերեզմանատուն, նախշազարդ խաչքարերով, որոնք միտումնավոր կոտրվել են գերության շրջանում:

Կան նաև ժայռափոր եկեղեցիներ Ծաղկաբերդում (Քրօնքի վանք), Տանձուտում, Հոչանցում: Վերջինիս մասին հիշատակություն կա Առաքել Դավրիժեցու «Պատմություն» գրքում: Ըստ պատմիչի` Տաթևի Մեծ անապատից բարձրաստիճան մի քանի հոգևորականներ, հատկապես Կիրակոս և Թումա եպիսկոպոսները գալիս են այստեղ և հիմնում անապատ:

Այս անապատը գտնվում է մի խոր կիրճում` ուղղաձիգ ժայռերի խոռոչներից մեկում` հնամենի ճգնարանների հարևանությամբ:

Ծաղկաբերդի ժայռափորը գտնվում է Հակարի գետի աջ ափից մոտ 2 կմ արևմուտք` ձորակի մեջ` դիմացը քարանձավներով բարձր ժայռեր, որոնք ժամանակին եղել են երևի բնակելի:

Աղավնո գետի վերին հատվածը
Աղավնո գետի ակունքները, տաք ջրերի հարևանությամբ

 

Մյուս ժայռափոր մատուռը գտնվում է Աղավնոյի ձախափնյա Տանձուտ գյուղից հյուսիս-արևելք` բարձրադիր ժայռակերտ համալիրում: Մոտակայքում ջրաղացի քարեր կան, քիչ հեռու դարձյալ հնամյա քարանձավ-բնակարաններ:

Շրջանում պահպանված որոշ խաչքարեր նաև արվեստի գանձեր են. Դրանցից է Մովսեսաշեն գյուղից արևմուտք ընկած հարթության վերջում` ձորապռնկին գտնվող սպիտակավուն քարից կերտած 1310-ական թթ. Կիսակլոր խաչքարը:

Հրաշագործ վարպետ է քանդակել Աղբրաձորի վանքի մոտակա 9-11-րդ դարերի խաչքարերը, որոնցից մեկը ունի հետաքրքիր արձանագրություն:

Քաշաթաղի տաք ջուր տեղանքը - բնական գեյզեր՝ օժտված բուժիչ հատկություններով
Քաշաթաղի տաք ջուր տեղանքը - բնական գեյզեր՝ օժտված բուժիչ հատկություններով

 

Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևելյան մասում է գտնվում տաք ջրերի բնական գեյզերը, որը իր Քարվաճառյան նմանակից տարբերվում է ջրի ջերմաստիճանի ցածրությամբ: Բնական գեյզերի բուժիչ և կազդուրիչ հատկությունները նույնն են, ինչ Քարվաճառի շրջանի Ջերմաջրինը (տաք ջրեր):

Քաղաք Բերձոր

Բերձորը չափազանց կարևոր ռազմավարական նշանակությունի ունի Արցախի համար, քանի որ այստեղով է անցնում ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետության հետ կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին: Բերձորն ազատագրվել է 1992թ. մայիսին:

Քաղաք Բերձոր - Քաշաթաղ, Արցախ
Բերձորի համայնապատկերը

 

Քաղաքի մի ծայրից մյուսն ընկած տարածությունն այնքան էլ մեծ չէ, սակայն նրանց միջև բարձրությունը կազմում է մոտավորապես 300 մետր` այդպիսով քաղաքին և տալով աննկարագրելի էկզոտիկ բնույթ: Բերձորն ունի յուրահատուկ կոլորիտ, որը քաղաքի հյուրերի վրա թողնում է աննկարագրելի տպավորություն և ստիպում վերադառնալ այնտեղ նորից ու նորից:

Բերձորում կա 2 հյուրատուն, որոնք պատրաստ են հյուրընկալել զբոսաշրջիկների միջին հոսքեր:

Բերձորի էջը Facebook սոցիալական ցանցում

Նյութի աղբյուրը` «Մեր Քաշաթաղը», Wikipedia: Լուսանկարները` EnjoyArmenia.com, Wikipedia

Տես նաև քաշաթաղյան ֆոտո-պատմությունը այստեղ >

Մեկնաբանություններ / կարծիքներ