«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումը $120,6 մլն կարժենա

ՀԱյաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:

«Դվին» հյուրանոցային համալիրը կվերակառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան. ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ $120,6 մլն, որի արդյունքում կստեղծվի 400 նոր աշխատատեղ:

Հյուրանոցային համալիրի վերակառուցման վերջնաժամկետ է սահմանվել 2019թ.:

Հինգաստղանի հյուրանոցային համալիրը ներառելու է բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, խանութներ, բիզնես կենտրոն եւ կոնֆերանս կենտրոն, ՍՊԱ սրահ, լողավազան, ֆիթնես կենտրոն, հանդիսությունների դահլիճներ եւ այլն: Բացի այդ, հյուրանոցի տարածքում նախատեսվում է բարձրակարգ (VIP) խաղատան կազմակերպում՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:

Կառուցվելու են ավտոհանգրվաններ. ստորգետնյա՝ մոտ 330 ավտոկայանատեղիով, եւ վերգետնյա՝ առնվազն 50 ավտոկայանատեղիով:

Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգի իրականացում եւ նրա վերանվանում՝ «Դավիթ Բեկ» հյուրանոցի:

ՀՀ վարչապետի հանձնարարականով, ընկերությունը պայմանագրով պետք է ամրագրի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող ներդրումների մեծությունը:

Բացի այդ, յուրաքանչյուր տարվա ներդրումների կատարման հիմնավորման նպատակով կազմակերպությունը պետք է նշված ներդրումներն արտացոլի Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան կազմված հաշվետվություններում (IFRS), որոնք պետք է ենթարկվեն արտաքին աուդիտի Աուդիտորական ընկերությունների Մեծ Քառյակի ընկերություններից որեւիցե մեկի կամ «Գրանթ Թորնթոն» ընկերության կողմից:

Վերջինիս կողմից տրված աուդիտորական եզրակացությունը վերոնշյալ հաշվետվությունների հետ մեկտեղ պետք է ներկայացվեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

Վարչապետի խոսքով՝ փաստաթղթերի ձեւակերպման հետ կապված կան որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն համապատասխան նախարարությունների հետ: Աղբյուրը՝ Banks.am

Booking.com
Booking.com
You might also like